Երեւան: Մեդիամաքս: 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ:
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի INLIBRIS Gilhofer Nfg մասնագիտացված ընկերությունն ամիսներ առաջ աճուրդի էր հանել աշխատությունը, որը բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք ունի՝ հայ մատենագրության մեջ սա Աստվածաշնչի կաթողիկէ կամ ընդհանրական թղթերի ինքնուրույն առաջին մեկնությունն է:
«Ձեռագրի թերթերից մեկը տարիներ առաջ հայտնվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ուստի ձեռագրի ամբողջացումը կարևոր է և խորհրդանշական աշխարհասփյուռ մատյանների հավաքագրման առումով: Բանակցությունների արդյունքում արժեքը նվազեցվել է՝ հասցնելով 200 հազար եվրոյի (շուրջ 93 մլն դրամ), ինչը պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու ցանկությամբ:
Մատենադարանը նախաձեռնել է նաև քննական բնագրի կազմության աշխատանքները, և նշված մատյանը էապես կնպաստի գիտական հետազոտության լիարժեքությանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: