Մեդիամաքսն առանձնացրել է օգոստոսի 2-3-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Օգոստոսի 2 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ
Այս շաբաթ օրն ակումբը մեկնելու է Տավուշի մարզ՝ վերելք կատարելու Դիմաց լեռ (2378 մ): Արշավը սկսվելու է Հաղարծին վանք տանող ճանապարհից։ Սկզբում կտեսնեք անտառի խորքում գտնվող Թաքնված ջրվեժն ու անցնելով Իջեւանի լեռնաշղթայի կատարային հատվածով՝ կհասնենք Ֆռֆռ քարին։

Լուսանկարը` ArmGeo
Այնուհետեւ ճանապարհը կշարունակվի դեպի Դիմաց լեռան գագաթ, որտեղից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Իջեւանի լեռների ժայռոտ պատերը։ Արշավը միջինից բարդ է։ Պատրաստ եղեք երկար քայլելու։ Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ArmLand արշավական ակումբ. Արշավ դեպի Ռապի, Աստղկան լճեր եւ Մթնալիճ
Օգոստոսի 2-ին ակումբն ուղեւորվում է դեպի Ռապի, Աստղկան լճեր եւ Մթնալիճ: Դրանք սփռված են Արագածի լանջերին՝ 3001 մ բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու եք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։

Լուսանկարը` ArmLand
Երեւանից ուղեւորվելու եք Գեղաձոր, որտեղից ճանապարհի մի մասը կանցնեք բեռնատարներով: Երթուղու երկարությունը 10 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 3-6տ. խոխա արշավ Քարի լիճ
Օգոստոսի 2-ին ակումբը 3-6 տարեկան երեխաներին եւ ծնողներին հրավիրում է թափառելու Արագածի փեշերին: Արշավը սկսվելու է Քարի լճից, որտեղից կքայլեք Արագած լեռնավահանի շուրջ, հեռվից կվայելեք ձյունածածկ գագաթները, կփորձեք անգամ մի փոքրի վերելք ունենալ մոտակա գագաթ։

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Արշավի ընթացքում կտեսնեք նաեւ լճի մոտ կանգնեցված Վիշապաքարը։ Երթուղու երկարությունը 5 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Օգոստոսի 3 (կիրակի)
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Թռչկանի ջրվեժ
Օգոստոսի 3-ին ակումբը մեկնում է Շիրակի մարզ՝ նորովի բացահայտելու հյուսիսային Հայաստանի գեղեցկուհուն։ Գահավիժող ջրվեժներից ամենաբարձր եւ ամենաջրառատ Թռչկանն այս եղանակին շատ հորդառատն է։ 2008 թ.-ից այն ներառվել է ՀՀ բնական հուշարձանների ցանկում, իսկ 2011 թ.-ից տարածքը դարձել է հատուկ պահպանվող գոտի։ Արշավից հետո նախատեսված է կանգառ Գյումրիում: Երթուղու երկարությունը 11 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Այս կիրակի ակումբը հրավիրում է իրականացնել մշակութային ճանաչողական այց Վայոց Ձորի մարզում, որի ժամանակ կբացահայտեք մշակութային եւ բնության հուշարձաններ: Օրվա սկզբում կուղեւորվեք Եղեգիս գյուղ, որտեղ կտեսնենք Եղեգիսի հրեական գերեզմանոցը (13-14 դարեր)։ Այն համարվում է աշխարհում պահպանված եզակի միջնադարյան հրեական մշակութային ժառանգության նմուշ։

Լուսանկարը` ArmGeo
Այնուհետեւ կուղեւորվեք Արատես գյուղ եւ կտեսնենք 13-րդ դարի կարեւոր վանական համալիրներից մեկը՝ Արատեսի վանքը, որը միջնադարում ծառայել է որպես եպիսկոպոսական ամառանոց։ Հաջորդիվ կուղեւորվենք Հերմոն գյուղ, որտեղից էլ կսկսեք քայլել դեպի Գողթանիկի ջրվեժ, այն քչերին է հայտնի, բայց իր գեղեցկությամբ գերում է ցանկացած այցելուի սիրտ ու հոգի։ Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։ Երթուղու երկարությունը՝ 7 կմ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Ճանապարհորդ» արշավախումբ. Անցում Արագածի խառնարանով
Օգոստոսի 3-ին ակումբն առաջարկում է յուրահատուկ քայլարշավ Արագած լեռան խառնարանով, որի ընթացքում նախատեսված է վերելք լեռան հարավային գագաթ: Արագած լեռան հսկա խառնարանն ունի 350 մ խորություն եւ 3 կմ լայնություն: Անչափ տպավորիչ է հենց խառնարանից բացվող տեսարանը: Արշավի ընթացքում կտեսնեք նաեւ Գեղարոտի ջրվեժը:

Լուսանկարը` «Ճանապարհորդ»
Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 750 մ:
Մանրամասները՝ հղումով:
That Trail արշավական ակումբ. Դսեղի շրջանաձեւ արահետ
Այս կիրակի ակումբն ուղեւորվում է Լոռի՝ քայլելու Դսեղի անտառային շրջանաձեւ արահետով։ Քայլարշավի ընթացքոմ կտեսնեք «Գիքորի աղբյուրը», Սբ․ Բարձրաքաշ խոնարհված եկեղեցին, հին մատուռն ու տասնյակ խաչքարեր։ Ճանապարհին կվայելեք Լոռվա հարուստ բնապատկերներն ու Դեբետ գետի կիրճը։ Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: