Գարեգին Երկրորդ. Պետք չէ հուսահատվել եւ հիասթափություն ապրել - Mediamax.am

221 դիտում

Գարեգին Երկրորդ. Պետք չէ հուսահատվել եւ հիասթափություն ապրել


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ արցախյան պատերազմի հետեւանքով Հայաստանը դիմագրավում է լրջագույն անվտանգային մարտահրավերների:

Մայր Աթոռից հայտնում են, որ հուլիսի 29-ին ընդունելով Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 12-րդ մարզախաղերի շուրջ 850 սկաուտների, Վեհափառը շեշտել է, որ «կարիքի մեջ է տեղահանված արցախահայությունը, ներհասարակական կյանքում խորանում են անհամերաշխությունն ու անհանդուրժողությունը, գերակշռող են եւ խորապես անհանգստացնող ապագայի անորոշության զգացումները»։

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

«Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, եւ համախումբ ջանքերով պիտի թույլ չտանք, որ մեր կյանքում գերակայեն եղբայրատյացությունը, կեղծիքն ու չարագործությունները եւ խաթարվի ազգային միասնականությունը։ Հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում անգամ պետք չէ հուսահատվել եւ հիասթափություն ապրել։ 

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դուք, որ ծնվել ու հասակ եք առել աշխարհի տարբեր երկրներում, ինչպես եւ Հայաստանում ու Արցախում, պատասխանատվություն ունեք մեր ժողովրդի լուսեղեն գալիքի կերտման գործում՝ ձեր ուժերն ու կարողությունները ծառայեցնելու ի սեր ազգի ու հայրենիքի։ Նաեւ դուք առաքելություն ունեք ազգային միաբանությունն ամրապնդելու, Հայաստան-Սփյուռք կապերն անսասան պահպանելու եւ նորովի արդյունավորելու։ Այս հանձնառության բարեհաջող իրագործման համար առանձնակի կարեւոր են ձեր հայրենաճանաչությունը, ազգային ինքնագիտակցությունը, հայոց պետականության ամրապնդման կամքն ու վճռականությունը եւ դարերով նվիրագործված մեր արժեհամակարգի անխաթար պահպանումը։ Դուք ապագան եք մեր հայրենիքի ու ազգի եւ երաշխիքը հայոց հարատեւության, համընդհանուր մեր իղձերի ու երազանքների իրականացման։ Ձեր այցը հայրենիք կարեւոր քաջալերանք է հայրենաբնակ մեր ժողովրդի, ձեզ հասակակից ձեր քույրերի ու եղբայրների համար», - ասել Գարեգին Երկրորդը։ 

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Նա պատգամել է ուխատվորներին անխախտ պահել իրենց ազգային ինքնությունը, հպարտանալ Հայոց պատմությամբ, նախնյաց կերտած ժառանգությամբ եւ հանուն արդարության, հանուն անկախ կյանքի հայ ժողովրդի մղած անդուլ պայքարի հզոր ոգով։ 

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

«Միշտ արիասիրտ կանգնեք ի պաշտպանություն մեր ժողովրդի իրավունքների եւ նրա արդար դատի։ Հայաստանում ձեր մեկտեղումի այս նշանակալի եւ անմոռանալի օրերը թող դառնան առիթ ոգեշնչումի ու հանձնառության՝ ձեր գիտելիքներով ու շնորհներով բոլորանվեր օգտակար ծառայություն բերելու ազգային կյանքում եւ նորանոր հաջողություններ արձանագրելու՝ ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի», - հորդորել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին