Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 27-ին տեղի է ունեցել Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի եւ մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը:
Կաթողիկոսական դամբարանը եւ մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանի եւ տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։

Լուսանկարը` Մայր Աթոռ
Ճարտարապետներն են Ասլան Մխիթարյանը եւ Հայկ Մկրտչյանը, շինարարությունն իրականացրել է «Հորիզոն 95» ՍՊԸ։

Լուսանկարը` Մայր Աթոռ
Արարողությանը ներկա էին հայաստանյան եւ սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ, բարերար տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանը եւ Յակուբյան ընտանիքի անդամներ ու հարազատներ, այս առիթով սփյուռքից ու Հայաստանից ժամանած ուխտավոր հայորդիներ։

Լուսանկարը` Մայր Աթոռ
Արարողությունը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով։ Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու այսպիսի նախաձեռնություն ծրագրվել էր տակավին 1955 թ.՝ Վազգեն Ա երջանկահիշտակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք։ Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում, որն այսօր արդեն հոյաշեն կերպով իրագործված՝ հավատավոր մեր ժողովրդի համար ծառայելու է նաեւ որպես մոմավառության աղոթասրահ։ Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ մեծանուն բարերար տիար Գառնիկ Յակուբյանի եւ իր ազնիվ կողակցի՝ տիկին Անահիտի հովանավորությամբ կյանքի կոչվեց այս ձեռնարկումը։

Լուսանկարը` Մայր Աթոռ
Կաթողիկոսական դամբարանը ամփոփավայրն է լինելու մեր Սուրբ Եկեղեցու ննջեցյալ Հովվապետերի, որոնց կյանքը եղել է ամբողջանվիրում Աստծուն, ազգին ու հայրենիքին։ Դամբարանը գալիք սերունդներին յուրովի հիշեցնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել ու ծաղկել է համայն մեր ժողովրդի ազգային եւ եկեղեցական անդաստանը։ Մեր Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսների ծառայությունը լի է եղել զոհողությամբ, Քրիստոսապատգամ սիրո, արդարության եւ ճշմարտության քարոզչությամբ, բայց նաեւ հայրական հորդորով ու քաջալերությամբ՝ ապրելու եւ արարելու առ Աստված հավատով հանուն ազգի ու հայրենյաց», - ասել է Վեհափառ Հայարապետը։

Լուսանկարը` Մայր Աթոռ
«Այս կառույցը, արդարեւ, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր՝ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողություններ են մատուցվելու, եւ հավատացյալներն իրենց սրտառուչ հայցն ու աղոթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում եւ աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», - նշել է Գարեգին Երկրորդը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: