Այս կիրակի ամռան ամենասպասված տոներից մեկն է՝ Վարդավառը։ Արշավական ակումբներից մի քանիսն առաջարկում են տոնել այն Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներում եւ լճերում։
Ինչպես ամեն շաբաթ, Մեդիամաքսն առանձնացրել է հանգստյան օրերի յուրահատուկ արշավներն, իսկ երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում։
Հուլիսի 26 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Վերջին ջրաշուշանները
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել թեթեւ քայլարշավի դեպի Ջրաշուշանների լիճ (Ուրասար)։ Այս գողտրիկ լճակում ծաղկում են բացառիկ գեղեցկությամբ ջրաշուշաններ։ Դրանք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում եւ ջրաշուշան քաղելը խստիվ արգելված է։

Լուսանկարը` ArmGeo
Քանի որ ծաղկման շրջանը կարճատեւ է եւ մոտենում է ավարտին, ունեք վերջին հնարավորությունն այս հիասքանչ երեւույթը վայելելու համար։ Ճամփորդության ընթացքում կայցելեք նաեւ Սբ. Աստվածածին եկեղեցի։ Արշավը հարմար է սկսնակների համար, ինչպես նաեւ կարելի է մասնակցել երեխաների հետ։ Երթուղու երկարությունը 6 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
Համշեն Տուր. Քայլարշավ Մանթաշի ջրվեժ
Հուլիսի 26-ին զովության եւ գլխապտույտ տեսարանների հետեւից Համշեն Տուրը քայլելու է Մանթաշի ջրվեժ։ Այն իրական բացահայտում կլինի իր գեղեցիկ դիրքով եւ զովությամբ։ Քայլարշավը սկսվելու եւ ավարտվելու է Արագածի Քարի լճի մոտ։
Երթուղու երկարությունը մոտ 17 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ։
Մանրամասները՝ հղումով։
ԱՐԻ Խոխա. Արշավ-ընթերցանություն Աղավնավանք
Հուլիսի 26-ին ԱՐԻ Խոխան 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ Տավուշի մարզից քայլելու է Գեղարքունիք։ Արշավը սկսվելու է Աղավնավանք համայնքում, որտեղից կսողոսկեք անտառ՝ տեսնելու Ախնաբաթի անտառի 300-400 տարեկան կենու պուրակը։

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Այստեղ կունենաք դադար, որի ընթացքում կկարդաք եւ կքննարկեք «Անձնվեր ծառը» պատմվածքը։ Արշավի ընթացքում կտեսնեք նաեւ միջնադարյան, գողտրիկ Աղավնավանքը։ Երթուղու երկարությունը 8 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
Հուլիսի 27 (կիրակի)
ԱՐԻ Խոխա. Վարդավառը Ակնալճում
Կիրակի օրն ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է բացահայտելու Գեղամա առեղծվածային մոլորակն ու տոնելու Վարդավառը։ Երեւանից հասնելու եք Սեւաբերդ գյուղ, որտեղից բեռնատարով կմոտենաք Ակնալճին։

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
2018 թ.-ից այն ընդգրկված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Նախ թեթեւ եւ ծաղկաշատ վերելք կունենաք Ակնասար (3264 մ), ինչից հետո «ջրոցի» կխաղաք լճի մոտ։ Երթուղու երկարությունը 9 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Արագածի հյուսիսային գագաթ
Այս կիրակի ակումբն իրականացնելու է վերելք Արագածի Հյուսիսային գագաթ (4090 մ): Առավոտյան Երեւանից ուղեւորվելու եք Արագած գյուղ, որն Արագած լեռնազանգվածի արեւելյան կողմում է՝ ծովի մակարդակից 2000 մ բարձության վրա։ Այստեղից բեռնատարը Գեղարոտի կիրճով ձեզ կհասցնի մինչեւ 2900 մ բարձրություն, որտեղից էլ կսկսվի վերելքը դեպի Արագածի Հյուսիսային գագաթ։

Լուսանկարը` ArmGeo
Գեղարոտի ջրվեժի վերեւով քայլելու եք դեպի խառնարան, այնուհետեւ՝ Հյուսիսային-Արեւելյան թամբով դեպի գագաթ։ Արշավը միջինից բարդ է։ Մասնակցել կարող են միայն լեռնագնացության փորձ ունեցող մարդիկ։ Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
ArmLand արշավական ակումբ. Վերելք Աժդահակ
Հուլիսի 27-ին ակումբն իրականացնելու է վերելք դեպի չքնաղ Աժդահակ լեռ (3597 մ), որի գագաթին կա խառնարանային գեղեցիկ լիճ։ Երեւանից ուղեւորվելու եք Գեղաշեն գյուղ, որտեղից բեռնատարներով կհասնեք լեռան ստորոտ։ Ճանապարհին կհանդիպեք հազարամյակների պատմություն ունեցող բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցով հայտնի են Գեղամա լեռները: Երթուղու երկարությունը 10-12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վարդավառը Հանքավանի եւ Մեղրաձորի ջրվեժներում
Այս կիրակի ակումբը մեկնում է Կոտայքի մարզ՝ ջրվեժների մոտ Վարդավառը նշելու։ Հանքավան տանող ճանապարհին նախ կտեսնեք Մարմարիկի ջրամբարը, որտեղ կարճ դադարից հետո անտառային գեղեցիկ արահետով կհասնեք Հանքավանի ջրվեժին։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Այստեղ զովանալուց հետո կմեկնեք Մեղրաձոր համայնք՝ բացահայտելու օրվա երկրորդ տպավորիչ ջրվեժը եւ մի լավ ջրվելու։ Ձեզ հետ կարող եք լողազգեստ եւ սրբիչ վերցնել։ Երթուղու երկարությունը 8 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
Հատիստ Տուր. Վարդավառը Ռապի լճում
Հուլիսի 27-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Արագածոտնի մարզ՝ նշելու Վարդավառը Ռապի լճում։ Հասնելու եք Գեղաձոր գյուղ, որտեղից սկսվելու է քայլարշավը։ Ռապի լիճը Արագած լեռնազանգվածի հյուսիսային պատի կողմում է։

Լուսանկարը` Հատիս Տուր
Այստեղ կհիանաք Արագած լեռան գեղեցկությամբ եւ կտոնեք Վարդավառը։ Երթուղու երկարությունը՝ 10 կմ։
Մանրամասները՝ հղումով։
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: