Լռության մեջ արձագանքող պատերազմը. «Մայրենիք» եւ «Ներիր ինձ, մայրիկ» - Mediamax.am

exclusive
267 դիտում

Լռության մեջ արձագանքող պատերազմը. «Մայրենիք» եւ «Ներիր ինձ, մայրիկ»


Լուսանկարը` GAIFF

Արթուր Նազարեթյանը
Արթուր Նազարեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` GAIFF

Արթուր Նազարեթյանը
Արթուր Նազարեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` GAIFF

Գոռ Առուշանյանը
Գոռ Առուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Առուշանյանը
Գոռ Առուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` GAIFF

Լուսանկարը` GAIFF

Լուսանկարը` filmschool.lodz


Ի՞նչ է լինում այն պահից հետո, երբ վերջին անգամ հնչում է ռադիոյի հաղորդագրությունը պատերազմից, իսկ էկրանին այլեւս ոչ մի հերոս չի քայլում դեպի խրամատ։ Ի՞նչ է անում կինոն, երբ դադարում է արձանագրել իրականը եւ սկսում է խոսել լռությամբ։

 

Այս տարվա «Ոսկե Ծիրանի» «Կորիզ» ծրագրում ներկայացված երկու ֆիլմ՝ Գոռ Առուշանյանի «Մայրենիք»-ը եւ Արթուր Նազարեթյանի «Ներիր ինձ, մայրիկ»-ը, ձեւով իրարից հեռու են այնքան, որքան մոտ՝ իրենց բարձրացրած հարցով։ Նրանց կենտրոնում մայրն է՝ դրսից՝ անշարժ ու լուռ, ներսից՝ բղավող ու պայթող։ Ֆոնին՝ պատերազմ, լքված քաղաք։ Կենտրոնում՝ միայնակ կանգնած տղամարդ, որը փորձում է փրկել մորը։

Լուսանկարը` GAIFF

Արթուր Նազարեթյանը ծնվել է ռուսաստանյան ոչ մեծ, բայց համարձակ Կանսկ քաղաքում, որտեղ ամեն տարի անցկացվում է «Կանսկի» փառատոնը։ Մինչ շատ ռեժիսորներ ձգտում են Կանն, Արթուրը հասել է Կանսկ՝ արդեն առաջին քայլից՝ իր ռեժիսորական տեսլականը ձեւավորելով սովետական շենքերի շրջապտույտում։

Արթուր Նազարեթյանը Արթուր Նազարեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իրականում միշտ ուզել եմ գրող դառնալ։ «Գրողի» համար հատուկ ֆակուլտետ չկա, ժուռնալիստիկա չէի ուզում, որովհետեւ քչերի բախտն է Դովլատովի պես բերում։ Ռեժիսուրան ավելի շատ իմ կոմպրոմիսն էր՝ ներքին ցանկությունների հետ։ Ի վերջո՝ ամեն ինչ սկսվում է սցենարից», - պատմում է Արթուր Նազարեթյանը։

 

«Ներիր ինձ, մայրիկ»-ը պատմում է կործանված, լքված քաղաքի մասին։ 35-ամյա Արեսը, անկողնուն գամված մոր եւ տարեց պրոֆեսորի հետ ապրում է ուրվականներով լեցուն քաղաքում։ Պրոֆեսորը հորդորում է Արեսին մեկնել արեւմուտք, որտեղ ռադիոազդանշանները դեռ գործում են՝ հեռավոր տարածության վրա։ Արեսը կանգնում է ընտրության առաջ՝ լքե՞լ մորը հանուն ապագայի, թե՞ մնալ։

Լուսանկարը` GAIFF

«Ներիր ինձ, մայրիկ»-ը Արթուրի դիպլոմային աշխատանքն է։ Մինչ այդ նա նկարել է երկու կուրսային ֆիլմ, որոնք, ինչպես ինքն է նշում, ձեւավորել են իր ոճը եւ սովորեցրել՝ ֆիլմը պետք է առաջինից մինչեւ վերջին կադր նույն աշխարհից լինի՝ առանց հակասող պատկերների։

 

Արթուրը պատմում է, որ ժանրային սահմանափակումներ չունի, եւ հակաուտոպիան երբեք իր միակ ընտրությունը չի եղել։

Արթուր Նազարեթյանը Արթուր Նազարեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2023 թվականի դեպքերից հետո նա որոշեց, որ ուզում է խոսել տեղահանման մասին։ Սակայն մարդկանց վերքերը դեռ թարմ են, եւ թեման պետք է շատ զգուշորեն ներկայացնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պետք չէ մարդկանց ցավը միջոց սարքել։ Կարեւոր է, որ ընտրված թեման նպատակ լինի։ Շատ կարճամետրաժներ եմ դիտել, որտեղ այս թեման շահարկվում է։ Ուղիղ խոսքը կինոյում տհաճ է։ Քանի որ մեր հետ կատարվածն աբսուրդ է, որոշեցի խոսել աբսուրդի լեզվով եւ ստեղծել լրիվ այլ իրականություն, որը հասանելի կլինի թե՛ հայի, թե՛ արտասահմանցի դիտողի համար», - ասում է Արթուրը։

 

«Ներիր ինձ, մայրիկ» ֆիլմը ծնվել է 2023-ի էթնիկ զտման տրավմայից՝ առանց հումանիտար ուղիղ խոսքի կամ պլակատային ժողովրդական ձեւերի։ Ֆիլմի առաջին իսկ տեքստից պարզ է դառնում, թե ինչ ես նայելու հաջորդող 20 րոպեների ընթացքում։

Լուսանկարը` GAIFF

Արթուրն ուզում է խոսել ոչ թե որպես ճանապարհորդ, այլ որպես պատկերող։ Նրա աշխարհը աբսուրդային է, մետաֆորիկ, լի ուրվականներով, որոնք չեն հաղորդակցվում հերոսների հետ։ 

 

Գնալու կամ մնալու հարցի շուրջ է մտորում նաեւ Գոռ Առուշանյանը։ «Մայրենիք» ֆիլմում նա խոսում է լռությամբ՝ բացելով դանդաղ, ծանր ռիթմով պատկերների մի շարան: Եթե Նազարեթյանի աշխարհը աղմկոտ է՝ նույնիսկ լռության մեջ, ապա Առուշանյանը գործում է հակառակ եղանակով՝ իր լռությունը դարձնելով խոսք։

Գոռ Առուշանյանը Գոռ Առուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռը սկսել է որպես նկարիչ։ Շուտով հասկացել է, որ շարժապատկերը իրեն ավելի է գրավում։ Զինվորական ծառայությունից հետո տեղափոխվել է Լեհաստան՝ սովորելու Լոձի կինոդպրոցում։

Գոռ Առուշանյանը Գոռ Առուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այն, ինչ նկարչության մեջ անում ես մի հարթության վրա մեկ անգամ, ֆիլմում անում ես եռաչափ հարթությունում՝ վայրկյանում 24 անգամ», - մեկնաբանում է Գոռը։

 

Ուսման ընթացքում նա իրեն փորձել է տարբեր ժանրերում։ Նկարել է «Սեւ խոռոչ» վավերագրական ֆիլմը՝ նկարիչ Ադամ Ադամյանի մասին։ Գոռի նպատակը պատերազմի մասին խոսելն էր, բայց ոչ՝ ուղիղ մասնակիցների, այլ՝ նկարչի հայացքով, որի պատկերած դեմքերը նայում են մեզ քաղաքի պատերից։

 

«Երբ պատերազմը սկսվեց, եւ դեռ հայտնի չէր՝ վերջն ուր կհասնի, իմ գլխում անընդհատ նույն միտքն էր. եթե պատերազմը հասնի Քոչար 13 (հեղ․՝ Գոռի տան հասցեն), ի՞նչ պետք է անենք։ Չորրորդ հարկում ենք ապրում, իսկ տատիկս՝ հաշմանդամություն ունի, սայլակով է շարժվում։ Ի՞նչ կլինի իր հետ», - պատմում է Գոռը։

 

Նա արմատներով Արցախից է, բայց ծնվել ու մեծացել է Երեւանում։ Տատիկը մեծ դեր է խաղացել իր կյանքում։ Երբ նա մահացավ, Գոռը Լեհաստանում էր, փաստաթղթային խնդիրների պատճառով չկարողացավ վերադառնալ։ 2023-ի տեղահանումը դարձավ վերջին կաթիլը։ Գոռը միավորեց անձնական ցավն ու կոլեկտիվ տրավման՝ գրելով «Մայրենիք»-ը։

Լուսանկարը` GAIFF

«Մայրենիք»-ը պատմում է պատերազմի ֆոնին տեղի ունեցող ընտանեկան դրամայի մասին։ Պատմությունը կենտրոնացած է Արամի վրա՝ նախկին զինվորականի, ով մնացել է գրեթե լիովին լքված լեռնային գյուղում՝ փորձելով համոզել իր հաշմանդամ մորը հեռանալ պատերազմով սպառնացող վայրից։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք մեր տրավմաները սիրում ենք ու փայփայում։ Պատերազմից հետո հասկացա, որ իմ դեպքում էլ նույնն է. ինչը ինձ ցավ է պատճառում, դրա մասին ուզում եմ գրել։ Չնայած ուզում եմ հաջորդիվ լրիվ այլ թեմա վերցնել։ Թեպետ այն տարածաշրջանում ենք ապրում, որտեղ պատերազմը դեռ երկար արդիական է լինելու», - ասում է Գոռը։

 

Երկու ֆիլմերն էլ պատերազմի մասին ուղիղ չեն խոսում։ Դրանք դիտավորյալ հեռու են ճակատային տեսարաններից։ «Մայրենիքում» ռումբերը չեն երեւում, միայն ձայները՝ հստակ, բայց հեռվից։ «Ներիր ինձ, մայրիկ»-ում հակառակորդը երբեք չի կոնկրետանում։ Ուրվականները՝ որպես սպառնալիք, գոյություն ունեն այնքանով, որքանով մարդը չի կարող հասկանալ իրենց։ Սա դիտողի մոտ առաջացնում է անորոշության զգացում՝ ոչ ոք չգիտի՝ ումից է փախչում։

Լուսանկարը` GAIFF

Երկու ֆիլմերն էլ կենտրոնացած են տղամարդու վրա, որ փորձում է փրկել մորը։ 

 

Սակայն մոր փրկությունը՝ որպես սիմվոլ, դուրս է գալիս ֆիզիկական առաքելության սահմաններից։ Մայրը դառնում է տուն, հող, մեղք, պատիժ։ Այս ֆիլմերն արտացոլում են հայկական ժամանակակից կինոյի հիմնական միտումներից մեկը։ Պատերազմը ներկայացվում է ոչ թե որպես ճակատամարտ, այլ՝ ներքին խմորում։ Երբ կինոն նայում է տուն, այն երբեք չի նայում անշարժ պատերին, այն փորձում է հասկանալ՝ ինչու դեռ չենք գնացել, երբ բոլոր դռներն արդեն բաց են։

Լուսանկարը` filmschool.lodz

Երկու ֆիլմերն էլ խոսում են նույն հարցի շուրջ․ ի՞նչ է մնում, երբ երկիրը փլուզվում է, եւ դու մնում ես մոր կողքին։ Ում հետ մնալը այլեւս ճակատագիր չէ, այլ ընտրություն։

 

«Մայրենիք»-ը 22-րդ «Ոսկե ծիրանին» ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ և ստացել է «Ոսկե ծիրան»։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին