«Հայորդի» ամենամյա ճամբարն այս տարի կանցկացվի արդեն 5-րդ անգամ: Այն նախաձեռնում է «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ նպատակ ունենալով միավորելու եւ աջակցելու պատերազմի հետեւանքով կորուստ ունեցած ընտանիքների երեխաներին:
Հուլիսի 28-ից մեկնարկող ճամբարին մասնակցելու է 330 երեխա Հայաստանի տարբեր մարզերից:
«Հայորդի»-ի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս տարի ճամբարի ծրագիրն առավել հագեցած է.

Լուսանկարը` Մեդիամաքս
«Բացի ավանդական դարձած ազգային երգուպարից, տարբեր համերգներից, նախատեսում ենք ունենալ նաեւ առաջին օգնության ծավալուն դասընթացներ, կավաթերապիա, ինչպես նաեւ ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, որոնց հիմքում հայրենաճանաչությունն է»,- նշել է նա:
Ճամբարի կազմակերպչական աշխատանքներում որպես կամավորներ և ջոկատավարներ ներգրավված են պատերազմի միջով անցած մարդիկ՝ վիրավորում ստացած զինվորներ, զոհված հայորդիների կանայք, քույրեր: Այս տարի ճամբարը տարբերվում է նրանով, որ կամավորների շարքում են նաեւ նախորդ տարիներին ճամբարին մասնակցած երեխաներ, որոնք արդեն մեծացել են ու սիրով պատրաստակամություն հայտնել օգնելու: Ըստ հիմնադրի՝ այս հանգամանքն օգնում է, որ երեխաներն իրենց հարազատ ու անկաշկանդ միջավայրում զգան:
«Թվում է, թե տարիների հետ կորստի ցավը պետք է մեղմվի, սակայն հիմնադրամի գործունեության շրջանակում զոհվածների երեխաների հետ աշխատելով համոզվել ենք, որ դա այդպես չէ: Տարիների հետ նոր միայն տեսնում ենք այդ ցավի արտահայտումը, հատկապես երբ երեխաները մոտենում են դեռահասության տարիքին: Այս ճամբարը եւս մեկ հնարավորություն է նրանց կողքին լինելու եւ օգնելու»,- ասել է Վաչե Վարդանյանը:
Ճամբարի մասնակցության համար յուրաքանչյուր երեխայի ծախսերը կազմում են 50 000 դրամ: Անհրաժեշտ գումարի շուրջ կեսն արդեն հավաքվել է տարբեր նվիրատուների ջանքերով:
«Հայորդի» ճամբարի իրականացման գործում ձեր ներդրումն ունենալու համար կարող եք փոխանցում կատարել հետեւյալ միջոցներով. 11815042199803` բանկային հաշիվ, 4318280100049102՝ բանկային քարտ, 100054058՝ Իդրամ, ստացող՝ Հայորդի ԲՀ:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: