Երեւան: Մեդիամաքս: ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը քաղաքացիների հորդորում է ճամփորդություններից առաջ առաջնահերթ ուշադրություն դարձնել ճամփորդական փաստաթղթերին։
«Ծանոթացեք այն երկրի սահմանահատման կարգավորումներին, ուր պատրաստվում եք մեկնել։ Մասնավորապես, ճշտե՛ք անձնագրի վավերականության ժամկետին առաջադրվող պահանջը։ Այն տարբեր է՝ կախված ուղղությունից, երբեմն՝ քաղաքացիությունից։
Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը. անձնագիրը պետք է վավեր լինի եւս վեց ամիս՝ հաշվված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը եւ մի շարք այլ երկրներ։
Այսինքն, եթե օրինակ, մեկնելու եք հանգստանալու օգոստոսի 21-31-ը, ապա Ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2026 թվականի փետրվարի 28–ը։
Կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշվված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ այլն։
Անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելիս այն լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումին հաջորդող աշխատանքային օրը։ Նման իրավիճակներում Դուք ստիպված կլինեք չեղարկել կամ հետաձգել ճամփորդությունը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: