Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության համար տարածաշրջանի ներուժը օգտագործելու նպատակով»։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ «ՆԱՏՕ-ն որպես դաշինք եւ նրա առանձին անդամները արդեն մի քանի տարի փորձում են հենարան գտնել կամ ինչ-որ կերպ ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում»։
Զախարովան նշել է, որ Արեւմուտքին «հետխորհրդային տարածքում որեւէ իրավահավասար հարաբերություններ պետք չեն, նրանց պետք է ռեսուրսներ վերցնել, երկրները միմյանց դեմ հանել եւ վարվել որպես տիպիկ գաղութարարներ եւ ստրկացնողներ»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը։
«Բոլորը գիտեն, թե ինչով է դա ավարտվում։ Ամեն տեղ, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, արմատավորվում է առճակատումը, աճում է ռազմական լարվածությունը, եւ մոռացվում են խաղաղությունն ու կայունություն բառերը», - նշել է Զախարովան։
















