«Հայոց Եկեղեցին ընդդիմանալու է ազգավնաս ու կործանարար ընթացքներին» - Mediamax.am

850 դիտում

«Հայոց Եկեղեցին ընդդիմանալու է ազգավնաս ու կործանարար ընթացքներին»


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ եւ թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

«Անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին», - հայտնում են Մայր Աթոռից:

 

Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է հայտարարությամբ, որը ներկայացված է ստորեւ.

 

«Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ 

 

Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։

 

Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետեւանքներով եւ սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին եւ հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ 

 

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական եւ ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին եւ մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ 

 

Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով եւ զինվորագրյալ հոգեւորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։

 

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին եւ Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները եւ երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության եւ գայթակղության։ 

 

Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երեւույթներով չխաթարվի հայրենական կյանքը, եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության եւ առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը եւ պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին