Արցախի շրջափակման օրերին, երբ Ստեփանակերտի խանութները դատարկ էին եւ անգամ թեյեր չէին վաճառվում, Գայանե Ենգիբարյանը երեխաների հետ մեկնել էր իրենց գյուղ՝ Բերդաշեն՝ արցախյան ընդարձակ դաշտերից խոտաբույսեր հավաքելու: Անուշաբույր ծաղիկներից թեյի փնջեր կապելով՝ Գայանեն դրանք նվիրել է ծանոթ ու անծանոթ բարեկամներին:
Փշատի տակ թեյափնջերը կապելիս Գայանեին ոչինչ չէր կարող ստիպել պատկերացնել ներկայի՝ առանց այդ ծաղկաշատ դաշտերի մնացած իրողությունը, սակայն անգամ հիմա, հեռվում մնացած արցախյան բույրերը շարունակում են ոգեշնչել:
Բռնի տեղահանությունից հետո Գայանե Ենգիբարյանը դարձել է «Իննոբիզ»-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համատեղ «Բյուր» կրթական հարթակի շրջանավարտ: Ձեռք բերած գիտելիքների շնորհիվ կարողացել է շահել դրամաշնորհ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող EPIC ծրագրի շրջանակում եւ հիմնել սեփական փոքր բիզնեսը՝ «Բյուր» թեյերի եւ մրգային չիփսերի բրենդը:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Բյուր» կրթական հարթակում սովորող շուրջ 1500 արցախցիներից 150-ը Գայանեի նման արդեն իսկ հաջողել են տարբեր կազմակերպությունների դրամաշնորհներով սկսել սեփական գործը՝ այդ կերպ հրաժարվելով արտագաղթի մտքից: Այժմ «Իննոբիզ»-ը ցանկանում է կրկնապատկել այս հաջողությունը, որի համար «ReArmenia» հարթակում նախաձեռնել է արցախցիների բիզնես գաղափարներին մեկնարկային աջակցության տրամադրման դրամահավաք՝ «150-ի արմատները» արշավի տեսքով:
Մեդիամաքսը պատմում է Գայանե Ենգիբարյանի անձնական փորձառության եւ «Իննոբիզ»-ի՝ արցախցիների հարկադրված արտագաղթը կանխելուն միտված արշավի մասին:
Մարդիկ, որ ստիպում են նորից հավատալ
2020 թվականի պատերազմից հետո Գայանեի ընտանիքը միանշանակ որոշում էր կայացրել Արցախ վերադառնալու մասին: Անգամ շրջափակման օրերին Արցախից հեռանալու միտք չունեին, սակայն ողբերգական իրողությունների ընթացքը որոշեց նրանց փոխարեն:
Գայանեն այսօրվա պես հիշում է Բերդաշենի դաշտերից հավաքած 675 թեյափնջերը, որոնցից միայն 25-ն էր իր ընտանիքի համար պահել, իսկ մնացածը՝ բաժանել:
«Հիմա էլ երբ նորից հանդիպում եմ այդ մարդկանց, նրանք ջերմությամբ են հիշում այդ փոքրիկ փնջերը, որոնք այդ օրերին, ասես, հույսի շողեր լինեին»,- հիշում է Գայանեն: Նրա խոսքով՝ արցախցիները շատ թեյասեր են, եւ հենց այդ հանգամանքն է նրան ոգեւորել թեյերի արտադրություն հիմնելու հարցում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տեղահանությունից հետո տեղեկանալով «Բյուր» կրթական հարթակի մասին՝ ընկերուհիների հետ միասին շտապել է դիմել ու անցնել դասընթացը: Ձեռք բերած գիտելիքների ու «Իննոբիզ»-ի «Բյուր» հարթակի մենթորների աջակցությամբ կարողացել է մշակել լավ բիզնես գաղափար ու դիմել GIZ-ի աջակցությամբ իրականացվող EPIC ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթին: «Բյուր» թեյերի ու մրգային չիփսերի արտադրության Գայանեի գաղափարն ընտրվել է լավագույնների շարքում՝ հնարավորություն տալով սկսելու աշխատել:
«Դրամաշնորհ շահելն, իհարկե, շատ ուրախացնող էր, բայց իրականում ինձ համար ամենաուրախալին այս ծրագրի շրջանակում անչափ հոգատար մարդկանց հանդիպելն էր: Նրանց շնորհիվ մոտս նորից հավատն արթնացավ, ես համոզվեցի, որ բարին կա ու բարին հաղթում է»,- նշում է Գայանեն՝ հավելելով, որ «Իննոբիզ»-ի թիմը մինչ օրս էլ շարունակում է ամեն ինչով աջակցել շահառուներին:
Տատիկի գոգնոցի բույրը
Խոտաբույսերով թեյերի արտադրությունը թեեւ կարող է պարզ թվալ, սակայն բույրերի ճիշտ համադրությունը մեծ վարպետություն է պահանջում, որի համար Գայանեն դիմել է մանկության հիշողություններին:
«Փոքր տարիքում տատիկիս հետ հաճախ էի գնում սարեր՝ խոտաբույսեր հավաքելու: Լավ հիշում եմ, թե ինչպես էր նա գոգնոցի մեջ հավաքելով անուշաբույր ծաղիկները՝ դրանք համադրելով փնջեր կապում: Հետո երբ գրկում էր մեզ, գոգնոցից սարերի հոտն էինք առնում: Հիմա էլ, երբ բացում եմ մեր թեյերի տուփերը, տատիկիս գոգնոցի բույրն եմ զգում, որն ինձ նորից տանում է մանկություն»,- ասում է Գայանեն:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տատիկից ավանդված վարպետությանը Գայանեն գումարել է նաեւ դասընթացների արդյունքում ձեռք բերած գիտելիքները, որոնց շնորհիվ էլ սիրով ու խնամքով մշակել է բրենդի՝ ներկայումս առկա 6 տեսակի թեյերը:
Թեեւ Գայանեի երեխաները դեռ փոքր են՝ 7, 9 եւ 12 տարեկան, այդուհանդերձ, շատ ոգեւորված են մայրիկի նոր աշխատանքով եւ իրենք էլ ամեն կերպ աջակցում են՝ հատկապես խոտաբույսեր հավաքելիս:
«Նրանց հիմա ամենաշատը մտահոգում է այն, թե երբ են իրենց աշխատանքի դիմաց վարձատրվելու»,- ծիծաղով նշում է Գայանեն:
Հումքի մի մասն անձամբ են հավաքում՝ Արագածի լանջերից, մի մասն էլ ձեռք են բերում այլ անհատների հետ համագործակցությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Բացի թեյերից, «Բյուր»-ն առաջարկում է նաեւ խնձորի ու նարնջի մրգային չիփսեր: Հումքը ձեռք բերելու համար համագործակցում են տարբեր ձեռներեցների հետ՝ ձգտելով ընտրել լավագույն մրգերը: Առաջիկայում նախատեսում են Բյուրականում փոքր այգի հիմնել:
Վաճառք եւ զարգացում
Ամեն թեյի տուփի հետ հաճելի անակնկալ կա՝ մի քանի մրգային չիփս: Այսկերպ Գայանեն փորձում է տարբերվել շուկայի մյուս նմանատիպ արտադրանքներից ոչ միայն որակով, այլեւ գնորդի հանդեպ հոգատար մոտեցմամբ: Ներկայում վաճառքն իրականացնում են ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերի միջոցով, սակայն ձգտում են վաճառքի նոր ուղիներ փնտրել:
«Առաջիկայում պետք է փորձենք հյուրատների ու հյուրանոցների հետ աշխատել, որպեսզի մեր արտադրանքը ներկայացնենք նաեւ զբոսաշրջիկներին: Փորձում ենք նաեւ արտահանել. ԱՄՆ-ում ապրող ընկերուհուս աջակցությամբ մեր թեյերն արդեն ներկայացված են Գլենդելի իրենց սրճարանում»,- ասում է Գայանե Ենգիբարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Բիզնեսի ընդլայնման համար ընտանիքին անհրաժեշտ է սեփական գործարան: Ներկայումս աշխատում են Բյուրականում գտնվող փոքրիկ արտադրամասում, որն իրենց ժամանակավորապես տրամադրել են բարեկամները:
«Ամուսինս ճարտարապետ է, ապագա արտադրամասի նախագիծն արդեն գծագրել է: Հիմա նոր դրամաշնորհային ծրագիր ենք փնտրում, որպեսզի կարողանանք նախագիծն իրականություն դարձնել»,- ասում է Գայանեն:
Կանխելով հարկադրված արտագաղթը
Գայանեի համար հիմա առաջնային նպատակ է մյուսներին եւս օգնել, որ հաջողություններ ունենան, դրա համար իր հնարավորությունների սահմաններում ձգտում է աջակցել «Իննոբիզ»-ի նոր հանրային արշավին, նաեւ ծանոթներին հորդորում է սովորել «Բյուր» կրթական հարթակում, որպեսզի հետո կարողանան դիմել դրամաշնորհների:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արցախցի կնոջ խոսքով՝ իր շրջապատում շատ են դեպքերը, երբ տեղահանված ընտանիքները չեն կարողանում ապրուստի միջոց գտնել եւ ստիպված հայրենիքից հեռանալու որոշում են կայացնում: Նման դեպքերում փորձում է իր օրինակը ներկայացնել, վարակել իր ոգեւորությամբ ու օգնել, որ մյուսները եւս հաջողեն, եւ բարեբախտաբար, դա Գայանեի մոտ ստացվում է:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ամուսնուս ընկերը գինեգործ է, սակայն աշխատանք չէր կարողանում գտնել ու մտածում էր արտագաղթի մասին: Երբ պատմեցի նրան իմ փորձը, որոշեց, որ ինքն էլ սովորի «Բյուր» կրթական հարթակում, իսկ հետո դիմի դրամաշնորհի, որպեսզի վստահ լինի՝ ամեն ինչ փորձել է»,- պատմում է Գայանեն:
Արձագանքելով ընդլայնված կարիքներին
Ներկայում «Բյուր» հարթակում կրթություն է ստանում շուրջ 1500 արցախցի: «Իննոբիզ»-ի համահիմնադիր, մարքեթինգի պատասխանատու Ինեսսա Վարդանյանը հպարտությամբ թվարկում է «Բյուր» կրթական հարթակի շրջանավարտների արդեն իսկ հաջողություն ունեցած մի շարք բիզնեսներ:
«Լավագույն օրինակներից է «Մռով» մեղրը, որը մեր եւ GIZ-ի աջակցությամբ իրականացվող EPIC ծրագրի օգնությամբ Կատարում ցուցահանդեսի մասնակցելուց հետո արդեն պատվերներ ունի արտերկրից: Ունենք նաեւ Գեղեցկության ակադեմիայի հիմնադիր, որն արդեն մի քանի սրահներ ունի ու նաեւ իր հմտությունները փոխանցում է այլ արցախցի կանանց՝ օգնելով աշխատանք գտնել»,-մանրամասնում է Ինեսսա Վարդանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Թեեւ «Իննոբիզ»-ն ի սկզբանե հիմնադրվել է որպես բիզնես խորհրդատվական ընկերություն, 2021 թվականից իր ամբողջ ներուժն ուղղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներին աջակցելուն՝ շարունակական բիզնես դասընթացների միջոցով օգնելով նրանց փոքր բիզնեսներ հիմնել: «Բյուր» կրթական հարթակը «Իննոբիզ»-ը մեկնարկել է 2024 թվականին ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ՝ որպես արձագանք 2023 թվականի ողբերգության հետեւանքով առաջ եկած նոր կարիքներին:
150+150+… = ամուր արմատներ
Ընկերության համար հիմա առաջնային նպատակ է հարթակում բիզնես կրթություն ստացող հնարավորինս շատ արցախցիների օգնել մեկնարկային կապիտալ ունենալու հարցում:
«Արշավի անունը՝ «150-ի արմատներ», արդեն իսկ հուշում է, որ ծրագրի նպատակը եւս 150 արցախցի ընտանիքների օգնելն է, որ նրանք մնան Հայաստանում՝ իրենց «արմատները ձգելով» հայրենիքում, եւ դադարեն մտածել արտագաղթի մասին: Հիմա մենք կարիք ունենք համախմբվելու, եւ «150-ի արմատները» կարող է հենց այդ համախմբման համար առիթ հանդիսանալ՝ այս գաղափարի շուրջ միավորելով ինչպես Հայաստանում բնակվող, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը»,- ասում է Ինեսսա Վարդանյանը: Նրա խոսքով՝ այս հարցում առաջամարտիկները հենց իրենք՝ արցախցիներն են, որոնք արդեն իսկ հաջողել են իրենց բիզնեսը սկսել ու հիմա ձգտում են օգնության ձեռք մեկնել մյուսներին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Դրամահավաքի գումարի որոշակի մասը հավաքվելուն պես ծրագիրը կմեկնարկեն փուլային կարգով: Կհայտարարեն մրցույթ, որի ժամանակ անկախ մասնագետներից բաղկացած հանձնաժողովը կընտրի առավել մրցունակ բիզնես ծրագրերը, ու հաղթողները կստանան անհրաժեշտ մեկնարկային աջակցությունը:
«Մրցույթին կկարողանան մասնակցել «Բյուր» կրթական հարթակի բոլոր շրջանավարտները: Այս կերպ մենք կարող ենք վստահ լինել, որ մրցույթի դիմորդները լավ պատրաստված են եւ ունեն բոլոր անհրաժեշտ հմտությունները բիզնեսը հաջողությամբ վարելու համար»,- հավելում է Ինեսսա Վարդանյանը:
Գյուղատնտեսությունից մինչեւ արվեստ
«Բյուր» հարթակում ձեւավորվող բիզնես գաղափարները բազմազան են, սակայն դրանցում շատ են հատկապես գյուղատնտեսական ծրագրերը՝ թռչնաբուծություն, խոզաբուծություն, մեղվաբուծություն եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն էլ իր տարածքում մեծ պահանջարկ ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր շահառուներից մեկը շուտով Լոռու մարզի գյուղերից մեկում հացի փուռ կբացի: Երբ հարցրինք նրան, թե ինչու է հենց հացի փուռ ցանկանում հիմնել, շատ զարմացանք, երբ իմացանք, որ գյուղում հացի փուռ չկա, եւ խանութներում վաճառվում են Վանաձորից բերված հացեր՝ սովորաբար 2-3 օրվա հնության, ու մարդիկ տաք հացին կարոտ են մնում: Վստահ եմ, նրանց փուռը մեծ պահանջարկով է գործելու»,- ասում է Ինեսսա Վարդանյանը:
Շատ են նաեւ յուրօրինակ գաղափարները: Օրինակ՝ արցախցիներից մեկը նախատեսում է գրաբարով կոմիքսներ ստեղծել, որոնք կունենան ազգային մոտիվներ ու կլինեն ֆենթզի ժանրում:
«Բյուր» հարթակի համայնքում հույս ունեն, որ «150-ի արմատներ» արշավը շատ շուտով կգտնի իր հովանավորներին՝ շարունակաբար բազմապատկելով 150 թիվը, ու նաեւ հավատում են՝ այսօր ցանվող սերմերը անպայման նորից պտուղ կտան նաեւ Արցախում:
Արշավին աջակցելու համար կարող եք դառնալ 1 բիզնեսի «Քավոր» կամ պարզապես նվիրատվություն կատարել հետեւյալ հղումով:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: