Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր Թոմ Քաթինան կոչ է արել «միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»:
Նա կարճ տեսահոլովակ է հրապարակել, որում ասվում է.
«Ողջույն, ես Թոմ Քաթինան եմ, այստեղ՝ Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված «Գթության Մայր» հիվանդանոցի բուժական տնօրենը։
Այս կարճ տեսահոլովակով աջակցություն եմ հայտնում իմ ընկեր Ռուբեն Վարդանյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում։
Ես Ռուբենին ճանաչում եմ 2017 թվականից, երբ այդ տարի արժանացա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ Սուդանում աշխատելու համար։
Լինելով նաեւ «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության նախագահ՝ այս տարիների ընթացքում հասցրել եմ բավականին լավ ճանաչել Ռուբենին։ Մենք հաճախ ճանապարհորդել ենք միասին՝ որոշ նախագծերի իրականացման նպատակով։
Ես Ռուբենին գիտեմ որպես բացառիկ արդար, բացառիկ ազնիվ մարդու: Ցանկացած ոք, ով ճանաչում է Ռուբենին, գիտի՝ այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրված են նրա նկատմամբ, բացարձակապես կեղծ են ու ծիծաղելի։
Ռուբենն Արցախ էր մեկնել՝ օգնելու այնտեղի կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը:
Կոչ եմ անում միջազգային հանրությանը, բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջել ինչպես Ռուբենի, այնպես էլ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, որոնք անարդարացիորեն պահվում են ադրբեջանական բանտում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: