Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով ձայնային հաղորդագրություն է փոխանցել, որում մի դրվագ է պատմել իր կյանքից:
«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետեւ միայն պահը, ակնթարթն է իրականը եւ հավերժությանն ամենամոտը։
Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձեւավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:
Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ եւս խորհրդային բանակ զորակոչեցին: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորահավաքային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին եւ միակ անգամ եղա Ադրբեջանական ԽՍՀ-ում։
Ինձ մոտեցավ մի ենթասպա եւ առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է «դասավորել», որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն որեւէ այլ հարմար «հաճախորդ» չգտնելով, նորից մոտեցավ եւ ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։
Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ եւ 23 ռուբլի տվեցին՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես տանը ծառայեմ: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։
Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, եւ երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների շնորհիվ, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան եւ երկու տարի ծառայեցի Լենինականում։
Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին եւ ինքս ինձ երեք հարց տվել։
Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ իրոք վերջին փողը։
Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում եւ կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։
Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) եւ չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։
Այս պատմությունը դարձել է հենման կետս՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձեւավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։
Այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին: Չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին եւ նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մեր գրեթե մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել եւ ընդունել են։
Ես խնդրեցի Վերոնիկային [կնոջս], որպեսզի հրապարակի այս գրառումը կիրակի օրը, որովհետեւ կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:
Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու եւ մտածելու հոգեւորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ եւ Աստծո հետ։
Համոզված եմ, որ բարությունը հավերժ է եւ անմահ, ու երբ անանուն ես անում ու ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ եւ անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։
Չարը, իհարկե, վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է եւ ուշադրություն է գրավում։ Երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում եւ ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել եւ հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է եւ ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։
Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց գոյություն չէր ունենա։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, եւ մենք հաճախ այն ընկալում ենք որպես ինքնըստինքյան մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, քո կրքերի եւ ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը եւ լույսը աշխարհում բոլորի համար։
Մենք գալիս ենք աշխարհ մերկ եւ հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Բարիք ստեղծեք եւ երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: