Վարդանյանի եւ Վոդոլազկինի զրույցը՝ Տիրոջ տվածը աշխարհին վերադարձնելու մասին - Mediamax.am

565 դիտում

Վարդանյանի եւ Վոդոլազկինի զրույցը՝ Տիրոջ տվածը աշխարհին վերադարձնելու մասին


Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

Լուսանկարը` Noodome

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

Լուսանկարը` Noodome

Եվգենի Վոդոլազկինը
Եվգենի Վոդոլազկինը

Լուսանկարը` Noodome


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Noodome ակումբի կայքում հրապարակված նյութի թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:

 

Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերից ապօրինաբար կալանված է Ադրբեջանում։ Այս ընթացքում նրան նամակներ են գրել շատերը, թեեւ հայտնի չէ, թե այդ նամակներից քանիսն են հասել հասցեատիրոջը:

 

Եվգենի Վոդոլազկինի նամակը հասել էր եւ ռուս հայտնի գրողը պատասխան նամակ էր ստացել Ռուբենից:

 

Այս նամակներից Եվգենի Վոդոլազկինը հեռակա երկխոսություն է կազմել:

 

Եվգենի Վոդոլազկին

 

«Ռուբեն Վարդանյանի հետ մենք ծանոթ ենք բավականին վաղուց: Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ ֆինանսիստ. այդ ոլորտներից եւ ոչ մեկում մենք որեւէ ձեւով չենք համագործակցել: Ուզում եմ խոսել Ռուբենի մասին՝ որպես մի լավ մարդու, ով հայտնվել է դժվարին իրավիճակում: Գրողի արհեստը ենթադրում է երկու-երեք բառով մարդում բնութագրելու կարողություն: Ռուբենի վերաբերյալ իմ բնութագիրը առավելագույնս համառոտ է. նա իսկական է: Հասկանալով, որ ոչ ոք պարտավոր չէ վստահել իմ գրողական ինտուիցիային, մտածեցի, որ կարող եմ հրապարակել մի քանի հատված Ռուբենի հետ մեր նամակագրությունից»:

 

***

 

Ռուբեն Վարդանյան

 

Սիրելի Տանյա եւ Ժենյա: Որոշեցի ձեզ նամակ գրել: Ես գերազանց վիճակում եմ եւ երեկ կարդացի «Կղզու արդարացումը» (2020 թվականին լույս տեսած Եվգենի Վոդոլազկինի վեպը): Եվ երկար ժամանակ չէի կարողանում քնել. դուրս էի գրում հավանածս մտքերը, պատմությունները, ինչ-որ բաների հետ վիճում էի եւ չէի համաձայնվում:

 

Եվգենի Վոդոլազկին

 

Ռուբեն, սիրելիս, ես եւ Տանյան ստացանք քո նամակը՝ մեծ եւ խորը: Այն նման չէ սովորական նամակներին: Այն կարդալիս մի առանձնահատուկ զգացողություն առաջացավ: Նման բան կարող էր առաջանալ հնագույն ուղերձներ կարդալիս, որոնց հետ մենք, մեր զբաղմունքի բերումով, գործ ունենք: Այս զգացողությունը կապված է քո նամակի յուրահատուկ ժամանակի հետ: Ավելի ճիշտ, ժամանակի բացակայության հետ. այն կարծես հավերժությունից է:

 

Քեզ բավականին լավ ճանաչելով, մենք հստակ զգացինք, թե ինչպես է հզորացել քո հոգեւոր ամրությունը, որքան ավելի ուժեղ եւ իմաստուն ես դու հիմա, քան մենք: Այն բարձրությունը, որի վրա դու գտնվում ես, գոյատեւման գլխավոր պայմանն է: Երբ մարդը իջնում է ներքեւ, նա կարող է տրորվել հանգամանքների կողմից:

 

Ռուբեն Վարդանյան

 

Սրանք շատ կարեւոր 16 ամիսներ էին ինձ համար: Ես կարողացա ձեւակերպել, թե ով եմ ես, ձեռք բերել արժեքներ՝ հենարաններ, եւ ազնիվ լինել ինքս ինձ հետ: Պետք է ասեմ, որ սա համարում եմ մեծ նվեր, որ ես ստիպված էի զբաղվել ինքս ինձնով: Ես համոզված եմ, որ որքան շատ է Տերը մեզ տվել, այնքան շատ պետք է մենք կամավոր, ցանկանալով վերադարձնենք աշխարհին:

Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյան

Լուսանկարը` Noodome

Մենք այս աշխարհ ենք գալիս կարճ ժամանակով, որպեսզի միջին ճանապարհով անցնելով, կամուրջ լինենք նյութական եւ հոգեւոր աշխարհների միջեւ: Որպեսզի կամուրջը կայուն լինի, այն պետք է հենվի երկու աշխարհների (հենարանների) վրա, բայց միեւնույն ժամանակ պետք է հիշել հավասարակշռության եւ չափի մասին, ոչինչ չկուտակել ինքդ քեզ համար, չմտածել վաղվա օրվա մասին:

 

Եվգենի Վոդոլազկին

 

Դժբախտություններն ու հիվանդություններն ավելի նուրբ են դարձնում մարդուն, բայց ոչ բոլորին: Որոշ մարդկանց դրանք կոտրում են: Քեզ հետ տեղի է ունեցել առաջինը: Այստեղից էլ՝ գլխավորի մասին խոսելու ձգտումը, մինչդեռ սովորական կյանքում մենք բառերն ու ժամանակը վատնում ենք զանազան հիմարությունների վրա: Եվ քո ժամանակը հիմա, ինչպես արդեն ասացի, յուրահատուկ է:

 

Կարծում եմ, դու սրտառուչ զգում ես յուրաքանչյուր րոպեն եւ ապրում ես դրանով: Պատահական չէ, որ մեզ ողջունում ես «Բարի ակնթարթ» բառերով, իսկ ժամանակը հաշվում ես ոչ թե տարիներով, այլ օրերով:

Եվգենի Վոդոլազկինը Եվգենի Վոդոլազկինը

Լուսանկարը` Noodome

Իմ «Բրիսբեն» վեպում հերոսներիցս մեկն ասում է մոտավորապես հետեւյալը.

 

«Անցյալը չկա, որովհետեւ այն անցել է, եւ դրա մասին հիշողությունը սովորաբար աղավաղված է: Ապագա չկա, որովհետեւ այն մաքուր տեսքով մեր երեւակայությունն է: Այն կգա ներկայի տեսքով եւ բոլորովին ոչ այնպիսին կլինի, ինչպիսին մենք այն պատկերացնում էինք: Ուստի ներկան միակ իրականությունն է, որի հետ արժե լրջորեն հաշվի նստել»:

 

Ռուբեն Վարդանյան

 

Եթե հնարավորություն ունենայի, քո հիանալի գրքում «խղճալ» բառը կփոխարինեի «կարեկցելով»: Որովհետեւ սերը բոլորին անվերապահորեն կարեկցելու կարողությունն է:

 

Մենք աշխարհ ենք գալիս ծառայելու Տիրոջը՝ կամավոր, առանց վախի եւ խնդրանքների, սիրել բոլորին հավասարապես, որովհետեւ ամեն ինչի մեջ Նրա մասնիկն է:

 

Եվգենի Վոդոլազկին

 

Ինչ վերաբերում է «Կղզու արդարացում» գրքում բառը փոխարինելուն, նշեմ միայն, որ ռուսերեն խոսակցական լեզվում, հատկապես տարածաշրջաններում, «խղճալ» նշանակում է նաեւ «սիրել»: Ավելի հաճախ ես օգտագործում եմ «ողորմածություն» բառը:

 

Իմ վեպի ծերերի մոտ ամեն ինչ, ինչպես ասում են, կարգին էր. նրանք ապրում էին Փարիզում, եւ տարիքը նրանց այնտեղ մնալու լիակատար իրավունք էր տալիս: Բայց նրանք վերադարձան Կղզի: Քեզ հետ էլ նման մի բան է տեղի ունեցել: Եվ այո, դու ճիշտ ես. որքան շատ ենք մենք ստանում, այնքան շատ պետք է աշխարհին վերադարձնենք: Գուցե հենց հիմա է տեղի ունենում քո հարցազրույցը Տիրոջ հետ:

 

Ռուբեն Վարդանյան

 

Մի միտք էլ: Երկու ծայրահեղությունների՝ սպիտակի եւ սեւի միջեւ, ոչ թե մոխրագույն գոտի է, այլ անգույն, եւ մենք՝ յուրաքանչյուրս, այն լցնում ենք մեր գույնով, մեր գործողություններով, մեր ընտրությամբ:

Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյան

Լուսանկարը` Noodome

Այս մասին ուզում եմ մի քիչ ավելին ասել: Յուրաքանչյուր ընտրություն պահանջում է համառություն: Ինչպես նաեւ ռիսկի, սխալվելու, անհաջողության մատնվելու պատրաստակամություն: Այդ պատճառով մարդիկ փախչում են ընտրության ազատությունից եւ թաքցնում են այն օրենքի հոդվածների, ավանդույթի, հասարակական նորմերի հետեւում:

 

Եվգենի Վոդոլազկին

 

Պատկերացնում եմ, որ հիմա քեզ համար երկու կարեւոր բան գոյություն ունի՝ հիշողությունները եւ դրանց իմաստավորումը: Ներկայիս մարդիկ, ի տարբերություն, ասենք, միջնադարի մարդկանց, հաճախ վախենում են մենակ մնալ իրենց հետ, որովհետեւ դրա համար բավարար ռեսուրսներ չունեն: Դու ունես դրանք, եւ դու կարող ես մտածել գլխավորի մասին:

 

Ասում եմ սա ոչ թե քեզ մխիթարելու, այլ քեզ ավելի ամուր դարձնելու համար: Ունեմ հստակ հույս, որ քո ներկայիս վիճակը երկար չի տեւի, եւ դու նորմալ կյանք կվերադառնաս ավելի ուժեղ եւ իմաստուն՝ հստակ հասկանալով, թե ինչն է կարեւոր կյանքում, իսկ ինչը՝ ոչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին