Օրացույցային գարնան առաջին հանգստյան օրերին արշավական ակումբները ձնառատ երթուղիների լայն ընտրություն են առաջարկում:
Առավել հեշտ կողմնորոշվելու համար Մեդիամաքսն, ինչպես ամեն շաբաթ, դրանք հավաքել է մեկ տեղում:
Փետրվարի 28-մարտի 2 (ուրբաթ, շաբաթ, կիրակի)
«Խարույկ» արշավական ակումբ. Ձմեռային վերելք Խուստուփ՝ Վերին Վաչագանից
Առաջիկա ուրբաթ արշավական ակումբը կազմակերպում է եռօրյա արշավ, որի նպատակն է վերելք կատարել Խուստուփ լեռ (3201 մ)՝ Վերին Վաչագան գյուղից: Նախատեսված է երկու կանգառ Վայքում եւ Կապանում: Գիշերակացները լինելու են հյուրատանը:
Արշավը միջինից բարդ է եւ դրան մասնակցելու համար պետք է ունենալ ձմեռային վերելքների փորձ ու շատ լավ ֆիզիկական պատրաստություն:
Երթուղու երկարությունը 23 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1800 մ:
Մանրամասները՝ հղումով:
Մարտի 1-2 (հանգստյան օրերն ամբողոջությամբ)
Գիտարշավ ակումբ. Երկօրյա արշավ Գորի եւ Ուփլիսցիխե
Մարտի 1-2-ին Գիտարշավ ակումբը կազմակերպում է երկօրյա արշավ դեպի Գորի քաղաք (Վրաստան), որը 12-րդ դարում հիմնադրել են Անիից գաղթած հայերը։ Այն մշտապես ունեցել է հայկական ներկայություն, իսկ մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայերը կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը։
Բացի այդ, նախատեսված է այց հնագույն Ուփլիսցիխե քարանձավային քաղաք, Աթենի բերդ եւ Սուրբ Սիոն տաճար (7-րդ դար):
Մանրամասները՝ հղումով:
Մարտի 1 (շաբաթ)
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Աղավնավանքում եւ համտես Դիլվադոսում
Մարտի 1-ին ձնածածկ անտառների եւ թեթեւ քայլարշավների սիրահարներին ակումբը հրավիրում է Տավուշի մարզ՝ քայլելու Ախնաբաթի անտառում։ Արշավը սկսվելու է Գետիկի հովտում, որտեղ բացահայտելու եք անտառում թաքնված 12-13 դարում կառուցված Աղավնավանքը:
Արշավի ընթացքում անցնելու եք նաեւ 25 մետր բարձրություն եւ 70-90 մետր տրամագիծ ունեցող 300-400 տարեկան կենու պուրակով:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Վերջում այցելելու եք Դիլվադոս՝ համտեսելու մրգօղիների լայն տեսականի, որոնք ստանում են հիմնականում վայրի հատապտուղներից եւ մրգերից:
Մանրամասները՝ հղումով:
Համշեն Տուր. Վերելք Թեղենիս լեռ + Թեղենյաց վանք
Այս շաբաթ օրը Համշեն Տուրը նախատեսում է վերելք Թեղենիս լեռ (2851 մ), որը Ծաղկունյաց լեռների ամենաբարձր գագաթն է։ Երթուղին անցնելու է անտառային եւ լեռնային գեղեցիկ արահետներով։ Այցելելու եք նաեւ Թեղենյաց վանք, որի զարդաքանդակներն ու տեղադրությունը շատ յուրահատուկ են: Աղվերանից քայլելու եք Բուժական գյուղ՝ անցնելով հրաշք տեսարաններով:
Քայլարշավի երկկողմանի երկարությունը մոտ 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 900 մետր:
Մանրամասները՝ հղումով:
Մարտի 2 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Մարգավետի լեռներով
Այս կիրակի ակումբն իրականացնելու է արշավ Մարգավետի լեռներով։
Երթուղին սկսվելու է Դիլիջան-Վանաձոր մայրուղուց, եւ Մարգավետի հարավային լանջերով բարձրանալու եք լեռնաշղթայի կատարային հատված։ Այնուհետեւ կատարային հատվածով քայլելու եք դեպի Ծակուտ լեռ (2284 մ)։ Հաջորդ գագաթը Իշոցն է (2315 մ), որտեղ կարճ դադարից հետո շարունակելու եք ճանապարհը դեպի Խոռական լեռ (2258 մ)։

Լուսանկարը` Armenian Geographic
Վերելքի ընթացքում բացվում է հիանալի տեսարան դեպի Աղստեւի հովիտն ու Փամբակի լեռները։
Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 900 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հատիս Տուր. Մենք 44 տարեկան ենք, տոնական վերելք Հատիս
1981 թվականի մարտի 2-ին ստեղծվել եւ մինչ այժմ գործում է Հատիս Տուրը: Ավանդույթի համաձայն իր տարեդարձն ակումբը նշում է հարազատ Հատիս լեռան գագաթին: Այս կիրակի իրականացվելիք վերելքը նվիրված է Հատիս Տուրի հիմնադիր Մարտին Թաթոսիչին եւ ակումբի հիմնադրման 44-ամյակին։ Հատիս լեռը (2528 մ) Կոտայքի մարզում է: Վերելքին մասնակցությունն անվճար է, բայց պարտադիր է ունենալ 2500 մ + եւ ձմեռային վերելքների փորձ:
Մանրամասները՝ հղումով:
ArmLand արշավական ակումբ. Արշավ Անձավաջրի կիրճում, վերելք Գորշասար եւ Պուտավոր լեռներ
Մարտի 2-ին ArmLand արշավական ակումբն ուղեւորվում է Վայոց Ձորի մարզ։ Այստեղ իրականացվելու է գեղեցիկ քայլարշավ դեպի Անձավաջրի կիրճ, ինչպես նաեւ նախատեսված է վերելք Գորշասար (2234 մ) եւ Պուտավոր (2260 մ) լեռները՝ վայելելու վայոցձորյան տարբերվող գույները։ Սա քիչ հայտնի արշավական ուղղություն է, որը հաստատ կհիացնի գեղեցկությամբ։

Լուսանկարը` ArmLand
Արշավի երկարությունը 13 կմ է, բարդության ասիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
That Trail արշավական ակումբ. Արտանիշ լեռ
Մարտի 2-ին ակումբն արշավելու է Գեղարքունիքի մարզում՝ վերելք կատարելով Արտանիշ լեռ (2461 մ): Այն Սեւանա լճի արեւմտյան ափին է՝ Շորժա բնակավայրի մոտակայքում։ Արտանիշի գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սեւանա լիճ։
Քայլարշավի երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ։

Լուսանկարը` That Trail
Հիշեցնենք, որ այս արշավական ակումբը արշավներ է կազմակերպում բացառապես փոքր՝ 5-7 հոգանոց խմբերի համար:
Մանրամասները՝ հղումով:
Համշեն Տուր. Քայլարշավ Խորանաշատ եւ Տավուշի բերդ
Կիրակի օրը այս ակումբն առաջարկում է տեսնել Տավուշի հրաշալիքներից Խորանաշատն ու Տավուշի (Ցլիկ Ամրամի) բերդը: Ուղեւորությունը նախատեսված է վերջերս վերանորոգված «Սարի ճանապարհով», որը կապում է Ճամբարակն ու Բերդը՝ ապահովելով շատ գեղեցիկ տեսարաններ։
Քայլարշավը դեպի Խորանաշատ վանք սկսվելու է Չինարի գյուղից: Վանքը սահմանի անմիջական հարեւանությամբ է եւ հասանելի է հատուկ թույլտվության դեպքում, որն էլ արշավի մասնակիցներն այդ օրը կունենան։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Երախի լեռներ
Երբեւէ եղե՞լ եք Մարս մոլորակում, եթե ոչ, ապա այս արշավը ձեզ համար է:
Այս կիրակի ԱՐԻ-ն մեկնում է Արարատի մարզ՝ բարձրանալու Երախի լեռներ։ Լեռնաշղթան Գեղամա լեռների հարավարեւմտյան ճյուղավորումներից է եւ ունի 16 կմ երկարություն։ Գագաթից անվերջ կարող եք հիանալ Արարատով, Արագածով, Գեղամա լեռնաշղթայով եւ Երանոսով:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Քայլարշավը սկսվելու է Սիսավանից, ավարտվելու՝ Վեդիում։
Երթուղու երկարությունը 12 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ +:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. Քաղաքային զբոսանք Երեւանում՝ վիշապաքարերի հետքերով
Նախորդ շաբաթ նախատեսված վիշապաքարերի հետքերով զբոսանքը Երեւանում կիրականացվի այս կիրակի:
6-14 տարեկան խոխեքի հետ ԱՐԻ Խոխան շրջելու է Երեւանում եւ ինտերակտիվ ու ստեղծարար ձեւով պարզելու է վիշապաքարերի ծագումնաբանությունը, կիրառությունը, տեսակները եւ շատ ավելին։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ Խոխա
Զբոսանք-բացահայտման ժամանակ երեխաներին կտրամադրվեն լրացուցիչ նյութեր:
Մանրամասները՝ հղումով:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Արտավազ
Կիրակի օրը North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին կատարելու վերելք Արտավազ լեռ (2929 մ): Այն Կոտայքի մարզում է՝ Փամբակի լեռնաշղթայի գագաթներից: Այստեղից բացվում են հրաշալի տեսարաններ բոլոր ուղղություններով, իսկ պարզ եղանակին երեւում են նույնիսկ Արարատն ու Սեւանա լիճը:
Վերելքը սկսվելու է համանուն գյուղից, ընդհանուր քայլելու եք մոտ 12 կմ՝ հավաքելով 1100 մ հարաբերական բարձրություն:

Լուսանկարը` North Peak
Վերելքը միջինից բարդ է, մասնակցության համար ցանկալի է ունենալ ձմեռային վերելքների փորձ, իսկ լավ ֆիզիկական մարզավիճակը պարտադիր է: Ստուգեք ձմեռային հանդերձանքը արշավին գրանցվելուց առաջ։
Մանրամասները՝ հղումով:
My hiking արշավական ակումբ. Վերելք Վայոցսար լեռ
Մարտի 2-ին ակումբը բարձրանալու է Վայոցսար լեռ (2581 մ), որը Վայոց Ձորի մարզում է՝ Հերհեր գյուղից հյուսիս-արեւմուտք: Լինելով առանձնացված լեռնային դաշտի վրա՝ այն ազդեցիկ տպավորություն է թողնում:
Վայոցսարն ունի հատած կոնի տեսք եւ մոտ 125 մ խորությամբ խառնարան:

Լուսանկարը` Լեւոն Գալստյանի
Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 650 մ:
Վերելքը հարմար է նաեւ սկսնակների համար:
Մանրամասները՝ հղումով:
«Խարույկ» արշավական ակումբ. Ձմեռային վերելք Վարդաբլուր (Գայլի ականջներ)
Մարտի 2-ին ակումբն իրականացնելու է վերելք Վայքի լեռնաշղթայի Վարդաբլուր (Գայլի ականջներ, 2452 մ) լեռ: Արշավը սկսվելու է Զեդեա գյուղից: Ճանապարհին վայելելու եք չքնաղ տեսարաններ դեպի Թեքսարի, Վայքի, Քարկատարի լեռներն ու Արարատը:
Քայլարշավի երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 900 մետր, բարդության աստիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: