Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են ինտենսիվ տեղումներ եւ օդի ջերմաստիճանի նվազում: Հուսանք՝ սա չի խանգարի փետրվարի 22-23 հանգստյան օրերին նախատեսված արշավների իրականացմանը:
Դրանց ցանկին, ինչպես ամեն շաբաթ, կարող եք ծանոթանալ Մեդիամաքսում:
Փետրվարի 22 (շաբաթ)
ARI / ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 3-6 տարեկանների խոխա արշավ Իլկասարի փեշերով
Այս շաբաթ՝ փետրվարի 22-ին, 3-6 տարեկան խոխեքի եւ ծնողների հետ ակումբը գնում է տաքուկ Արարատի մարզ՝ սարերի փեշերով քայլելու։ Արշավը սկսվելու է Նարեկ գյուղից եւ, անցնելով ձորակով, Երախի լեռների եւ Արարատի տեսարաններով, ավարտվելու է նույն գյուղում:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ Խոխա
Քանի որ ձորակի տեղում հազարամյակներ առաջ օվկիանոս է եղել, ապա արշավելիս կգտնեք նաեւ դենդրիտ բյուրեղներ։ Արշավի վերջում կարճ դադար կլինի, որի ընթացքում կնստեք խարույկի շուրջ եւ համովություններ կխորովեք:
Երթուղու երկարությունը 5 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ +:
Մանրամասները՝ հղումով:
Քաղաքային խոխա զբոսանք վիշապաքարերի հետքերով
Շաբաթ օրը 6-13 տարեկան երեխաների եւ պատանիների հետ ակումբը զբոսնելու է Երեւանում՝ ծանոթանալու վիշապաքարերի:
Քաղաքային զբոսանքի ժամանակ երեխաների հետ ինտերակտիվ եւ ստեղծարար ձեւով քննարկվելու է վիշապաքարերի ծագումնաբանությունը, կիրառությունը եւ դրանց տեսակները: Զբոսանք - բացահայտման ժամանակ երեխաներին կտրամադրվն լրացուցիչ նյութեր:
Մանրամասները՝ հղումով:
Փետրվարի 23 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Արջանոց եւ Քրիստասար
Կիրակի օրն ակումբն իրականացնելու է վերելք Արջանոց (2385 մ) եւ Քրիստասար (2268 մ) լեռներ: Դրա ընթացքում կտեսնեք Սեւանա լիճը շրջանցող հին ճանապարհը, որը գործել է նախքան լճի մակարդակի իջեցումը։

Լուսանկարը` Armenian Geographic
Ողջ ճանապարհին բացվում է հիանալի տեսարան դեպի Սեւանավանքը, Սեւանի թերակղզին, Սեւանա լիճը, Արջանոցի, Գեղամա եւ Արեգունու լեռները։
Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 750 մ:
Մանրամասները՝ հղումով:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Մարիամ լեռ, պլեճ եւ թեյ Մեղրաձորում
Կիրակի օրը ակումբը բոլոր լեռնասերներին հրավիրում է վերելք կատարել Մարիամ լեռ (2499 մ): Այն Կոտայքի մարզում է եւ մաս է կազմում Փամբակի լեռների: Վերելքը սկսվելու է Աղավնաձոր գյուղից: Այն բարդ չէ եւ հարմար է նաեւ սկսնակների համար՝ համապատասխան հանդերձանքի առկայության պարագայում: Վերելքից հետո իջնելու եք Մեղրաձոր գյուղ, որտեղ կլինի պլեճի ու թեյի հյուրասիրություն:

Լուսանկարը` North Peak
Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Արշավ Խոսրովի արգելոց՝ Աստղիկի եւ Վահագնի սառած ջրվեժներ
Փետրվարի 23-ին ակումբը գնում է բացահայտելու Խոսրով պետական արգելոցի երկու գանձերը, որոնք կրում են հին հեթանոսական աստվածների`Աստղիկի եւ Վահագնի անունները։ Կարծում ենք՝ այս եղանակին ջրվեժներն արդեն սառած են։
Արշավի վերջում միջնադարյան կամրջով քայլելու եք դեպի Ազատի կիրճ եւ հիանալու առջեւում բացվող Քարերի սիմֆոնիայով:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Արշավի երկարությունը 18 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ +:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ Խոխա. Վերելք Ալսար
Կիրակի օրը 6-13 տարեկան երեխաների ու պատանիների հետ վերելք կիրականացվի Ալսար լեռ (1853 մ):

Լուսանկարը` ARI / ԱՐԻ Խոխա
Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 480 մ, բարդության աստիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
ArmLand արշավական ակումբ. Արշավ Անձավաջրի կիրճում
Փետրվարի 23-ին ArmLand արշավական ակումբն ուղեւորվում է Վայոց Ձորի մարզ։ Իրականացվելու է գեղեցիկ քայլարշավ դեպի Անձավաջրի կիրճ, ինչպես նաեւ բարձրանալու եք Գորշասար (2234 մ) եւ Պուտավոր (2260 մ) լեռները՝ վայելելու վայոցձորյան տարբերվող գույները։ Սա քիչ հայտնի արշավական ուղղություն է, որը հաստատ կհիացնի իր գեղեցկությամբ։
Երթուղու երկարությունը 13 կմ է, բարդության աստիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
That Trail արշավական ակումբ. Գնիշիկի կիրճ
Փետրվարի 23-ին ակումբը մեկնում է Վայոց Ձորի մարզ: Խաչիկ գյուղից «Արփա» պահպանվող լանդշաֆտի տարածքով քայլելու եք մինչեւ կիրճի դիտակետերից մեկը՝ վերեւից տեսնելու Նորավանքը: Արշավն ավարտվելու է Ամաղու լքված բնակատեղիում։ That Trail-ն արշավներ է կազմակերպում բացառապես փոքր՝ 5-7 հոգանոց խմբերի համար:

Լուսանկարը` That Trail
Քայլարշավի երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ։
Մանրամասները՝ հղումով:
«Խարույկ» արշավական ակումբ. Ձմեռային Սպիտակասար Մարտունուց
Կիրակի օրն ակումբը հրավիրում է միասին բարձրանալ Գեղամա լեռնավահանի բարձրությամբ երկրորդ լեռը`Սպիտակասարը (3555 մ)։
Արշավն իրականցվելու է Մարտունու կողմից, որտեղից արտաճանապարհային մեքենաներով (փակ, տաք, փափուկ նստատեղերով) առավելագույնս մոտենալու եք լեռանը:
Երթուղու երկարությունը մոտ 21 կմ է, հրաբերական բարձրությունը՝ 1100 մ։
Մանրամասները՝ հղումով:
Համշեն Տուր. Քասախի կիրճ. Օհանավանի դամբարան, Կարմիր վանք, Սերկեւիլավանք
Կիրակի օրն ակումբն առաջարկում է հրաշալի օր անցկացնել Քասախի կիրճում, որտեղ բնական աննման գեղեցկությունները լրացվում են պատմական յուրահատուկ ժառանգությամբ: Տպավորիչ քայլարշավը կսկսվի Օհանավան գյուղի Սերկեւիլ գյուղատեղիից, որտեղ կտեսնեք անչափ գեղեցիկ Սերկեւիլավանքն ու մոտակայքի կիկլոպյան ամրոցը, որից հետո արդեն կսկսեք քայլել դեպի Քասախի կիրճ։
Այստեղ կայցելեք Օհանավանի նորահայտ ժայռափոր դամբարան, որը մասնագետները համարում են վաղ միջնադարյան կոթող: Այն վերջին տարիների ամենատպավորիչ բացահայտումներից է: Դրանից հետո կքայլեք Կարմիր վանք, որը հետաքրքիր ժայռափոր կառույց է:
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 200մ։
Մանրամասները՝ հղումով:
My hiking արշավական ակումբ. Թեքսարի լեռներ. Թեքսար եւ Խարական
Փետրվարի 23-ին ակումբը քայլելու է Վայոց ձորի մարզում՝ Թեքսարի լեռներում: Արշավի մեկնարկը լինելու է Վերնաշեն գյուղից, որտեղ էլ կվերադառնաք երթուղու ավարտին։
Կբարձրանաք Խարական (2724 մ) եւ Թեքսար (2898 մ) գագաթները՝ վայելելով օրվա գեղեցիկ բնապատկերները։
Երթուղու երկարությունը 20 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1400 մ:
Մանրամասները՝ հղումով:
Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Արտենի եւ Թալինի բերդեր
Փետրվարի 23-ին «Հայոց բերդերը» նախագծի շրջանակում ակումբը քայլարշավ կիրականացնի Արտենի եւ Թալինի բերդեր:
Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղի մերձակայքից կսկսվի վերելքը Մեծ Արտենի լեռ (2047 մ): Դրա գագաթին կանգուն են Արտենի ամրոցի պարիսպները, աշտարակներն ու ջրավազանը: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտը: Այնուհետեւ նախատեսված է այցելություն Հին Թալին քաղաքատեղի, որտեղ կտեսնեք Թալինի հնագույն բերդը, բնակելի տների ավերակները, ջրավազանն ու դամբարանադաշտը:
Արշավը կեզրափակվի Թալինի Կաթողիկե տաճար այցով, որը 7-րդ դարում կառուցել է հայոց իշխան Ներսեհ Կամսարականը:
Քայլարշավի երկարությունը մոտ 7 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
4 Peaks Alpine Club. Սաղմոսավանքից Հովհաննավանք
Այս կիրակի 4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբն այցելելու է միջնադարյան երկու պատմական վանք՝ Սաղմոսավանք եւ Հովհանավանք՝ անցնելով Քասախի կիրճով:
Սաղմոսավանքին (13-րդ դար) ծանոթանալուց եւ բարձունքից Քասախի կիրճի հրաշալի տեսարանով հիանալուց հետո գետի ափով սկսվելու է քայլարշավը, որի վերջնական կանգառը 4-13-րդ դարերում կառուցված Հովհաննավանքն է:
Երթուղու երկարությունը 7․5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ:
Մանրամասները՝ հղումով:
«Ճանապարհորդ» արշավական ակումբ
Փետրվարի 23-ին ակումբն առաջարկում է ձմեռային քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառներով ու ձորերով:
Երթուղին սկսվելու է Գոշ գյուղից դեպի Գոշի լիճ: Ձմեռային այս օրերին լիճը հեքիաթային տեսք ունի: Այնուհետեւ քայլելու եք լքված Ճերմակավան գյուղ, որտեղ պահպանվել են փոքրիկ եկեղեցու ավերակներ: Ճանապարհն անցնելու է անտառային արահետներով ու բացատներով:
Ճերմակավանից կքայլեք Խաչարձան գետի կիրճ, որտեղով էլ կհասնեք նույնանուն գյուղ:
Քայլարշավի երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: