Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է վերապատրաստման եւ ուսուցման «Leaders2Leaders» զարգացման ծրագիրը, որը նախատեսված էր Արցախից բռնի տեղահանված ապագա առաջնորդների համար:
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունից հայտնում են, որ ծրագրի 25 մասնակից ստացել է հավաստագրեր։
«Այս ծրագիրը լիովին համապատասխանում է Ռուբեն Վարդանյանի մոտեցումներին, տեսլականին։ Հատկապես հիմա, երբ Ռուբենը Բաքվում գերության մեջ է, մեզ համար կարեւոր է պահել այդ ծրագրի ոգին եւ զարգացնել այն։ Համոզված եմ, որ ծրագրին մասնակցությունը ձեզ տվել է նոր գիտելիքներ, ինչու չէ, նաեւ վստահություն եւ նոր հասարակական հարաբերություններում ձեր դերը գտնելու կարողություն»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։
Ծրագրի համակարգող, Կրթական նախաձեռնությունների եւ մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը վստահեցրել է, որ գործակալությունը կընդառաջի ծրագրի շահառուների ցանկությանը եւ կշարունակի ծրագիրը նոր մոդուլներով եւ ավելի հավակնոտ ծրագրերով։
Արցախի շրջափակման օրերին «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ «Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը նախաձեռնել եւ իրականացրել են «Առաջնորդում եւ մոտիվացիա» ծրագիրը, որը հետագայում շարունակվել է արդեն Հայաստանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: