Կարդացեք առաջին մասը. Արցախցիների միայն 10%-ին է պետությունն աշխատանքով ապահովել:
Հոդվածի առաջին մասում մենք ներկայացրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված մարդիկ մի շարք դժվարությունների էին հանդիպել աշխատանք գտնելու հարցում:
Այս մասում կփորձենք ավելի կոնկրետ հասկանալ, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել պետությունն արցախցիներին աշխատանքով ապահովելու, որքան արդյունավետ են գործում սոցիալական ծառայությունները, ինչ աջակցություն են ստացել կրթության, մշակույթի եւ գիտության ոլորտների մասնագետները։
Ի՞նչ են ասում Միասնական սոցիալական ծառայությունից
ՄՍԾ-ին խնդրել էինք հայտնել, թե աշխատանքի ինչ տարբերակներ են առաջարկվել արցախցիներին, եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ նրանք հրաժարվել են կամ աշխատանքը չի համապատասխանել։ ՄՍԾ-ից հայտնել էին, որ այս մասով առանձնացված վիճակագրություն չեն վարում։ Նաեւ չեն հաշվարկել, թե միջինում որքան ժամանակ է պահանջվում աշխատանք գտնելու համար։
Արցախիցներին զբաղվածությամբ ապահովելու համար ՄՍԾ-ն համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ, որի շրջանակում տարբեր տեսակի աջակցություն է ստացել 731 մարդ։
Մասնավորապես՝
• Աշխատանքային փորձի ձեռքբերման աջակցություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ կնքված հուշագրի շրջանակներում՝ 2024թ. Երեւանում իրականացվել է «Լեռնային Ղարաբաղից փախստականների եւ նրանց ընդունող համայնքներից առավել խոցելիների կենսամակարդակային վերականգնում» ծրագիրը, որի շրջանակներում 106 հոգի աշխատանքային փորձի ձեռքբերման աջակցություն է ստացել։
Ուսուցման դասընթացներ եւ գործիքների տրամադրում
«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպության հետ կնքված հուշագրի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված եւ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում բնակվող ընտանիքների համար ուսուցման դասընթացներ են կազմակերպվել, որում ընդգրկվել է 30 մարդ եւ 62-ին տրամադրվել են աշխատանքային գործիքներ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիան իրականացրել է «Տուրօպերատորական գործունեություն» թեմայով դասընթաց ՄՍԾ Երեւան քաղաքի տարածքային կենտրոններում հաշվառված բռնի տեղահանված 41 անձանց համար:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Հոգեսոցիալական բազային հմտություններ» թեմայով դասընթաց: Դրա շրջանակում ՄՍԾ Վաղարշապատի տարածքային կենտրոնից հավաքագրվել եւ ընտրվել են Արցախից տեղահանված 15 անձ, որոնցից 4-ը ծրագրի շրջանակներում աշխատելու են՝ որպես բռնի տեղահանված անձանց հետ աշխատող մասնագետներ։ Նույն ծրագրի շրջանակներում ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոնից հավաքագրվել եւ ընտրվել է 17 արցախցի, որոնցից 4-ը ծրագրի շրջանակներում կաշխատեն՝ որպես բռնի տեղահանված անձանց հետ աշխատող մասնագետներ:
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը իրականացրել է «Բռնի տեղահանված արցախահայերի տնտեսական հզորացում» ծրագիրը, որի շրջանակներում Տավուշի մարզի ՄՍԾ կենտրոնների կողմից հավաքագրվել եւ տրամադրվել է 180 անձանց վերաբերյալ տեղեկատվություն, ովքեր պատրաստ են մասնակցել դասընթացներին:
• Կանանց զբաղվածության խթանում
ՄԱԿ զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվել է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակներում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված ԼՂ-ից բռնի տեղահանված 63 անձանց համար կազմակերպվել է դասընթաց՝ աշխատանք փնտրելու, գտնելու եւ դիմելու թեմայով:
Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ միայնակ մայրերի եւ Արցախից բռնի տեղահանված կանանց համար իրականացրել է «Նորարարական կրթություն եւ բիզնեսի հիմնում» կանանց զբաղվածության խթանման ծրագիր՝ ՄՍԾ Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ Վաղարշապատի ԼՂ-ից բռնի տեղահանված 42 անձանց համար:
• Տեղեկատվական հանդիպումներ եւ հարցազրուցավարների հավաքագրումներ
«Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնն» իրականացրել է հարցազրուցավարների հավաքագրում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Կովկասյան բարոմետր» հանրային հարցմանը մասնակցելու համար: Տրամադրվել է ՄՍԾ տարածքային 49 կենտրոնից հավաքագրած 130 անձանց վերաբերյալ տեղեկատվություն, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել հանրային հարցմանը:
Արցախցի 353 ուսուցիչ է ուղեգրվել տարբեր մարզեր. կրթության ոլորտ
2023թ. հոկտեմբերի 12-ի 1756-Լ որոշմամբ՝ «2023թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրով» 2023թ. հոկտեմբերից մինչեւ 2024թ. մայիսն ընկած ժամանակահատվածում արցախցի 353 ուսուցիչ է ուղեգրվել տարբեր մարզեր (ամենաշատը Կոտայքի մարզ՝ 83 հոգի, ամենաքիչը՝ Տավուշի՝ 5 հոգի, հեղ.), որոնցից 345-ն այս պահին աշխատում են։ Այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Նրանցից 8-ը դադարեցրել են աշխատանքը բնակավայրի փոփոխության եւ այլ պատճառներով։
Արցախից բռնի տեղահանված մոտ 150 ուսուցիչներ աշխատանքի են անցել ընդհանուր հիմունքներով։ Ընդհանուր առմամբ՝ 2023-2024 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում աշխատել են շուրջ 500 արցախցի ուսուցիչ:
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ գործուղված ուսուցիչները աշխատավարձից բացի ստանում են 30% հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում՝ նաեւ լրացուցիչ 50000 դրամ:
Մշակութային ոլորտ
Արցախում կար 12 պետական համույթ, որոնցում ներգրավված էր 350 մարդ, իսկ մշակութային հաստատությունների (ներառյալ՝ արվեստի եւ երաժշտական դպրոցները, ինչպես նաեւ՝ ինքնագործ խմբերը) ստեղծագործական անձնակազմի թիվը 1400 հոգի է։
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ նախարարության ենթակա կառույցներին հանձնարարել է աջակցել Արցախցից բռնի տեղահանված մշակութային կոլեկտիվներին եւ անհատներին՝ նրանց առաջարկելով աշխատանքներ, ինչպես նաեւ՝ համատեղ մշակութային ծրագրերում ներգրավվելու հնարավորություն:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մշակույթի կոլեկտիվներին եւ անհատներին, ըստ անհրաժեշտության, տրամադրվել են փորձասենյակներ, համերգային հարթակներ Լեռնային Ղարաբաղի ավանդական մշակույթը ներկայացնելու համար: Դրանք, մասնավորապես, տրամադրվել են «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն», «Հայաստանի երգի պետական թատրոն», «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ներում,-հայտնել են նախարարությունից։
Բացի այդ, ԿԳՄՍՆ շրջաբերականներ է ուղարկել մարզպետարաններ եւ Երեւանի քաղաքապետարան՝ Արցախից բռնի տեղահանված երաժիշտներին եւ մանկավարժական աշխատողներին իրենց բնակության վայրում երաժշտական եւ արվեստի դպրոցների թափուր տեղերի առկայության դեպքում աշխատանքով ապահովելու վերաբերյալ։
Նախարարության ենթակա մշակութային ՊՈԱԿ-ներում աշխատանքի են ընդունվել 16 արցախցի։
• Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ – 1 մարդ,
• Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն – 2 մարդ,
• Երեւանի խամաճիկների պետական թատրոն – 2 մարդ,
• Համազգային պետական թատրոն – 3 մարդ,
• Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն – 1 մարդ,
• Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն – 2 մարդ,
• Կամերային երաժշտության ազգային կենտրոն – 2 մարդ,
• Երեւանի կամերային պետական թատրոն – 1 մարդ,
• Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն – 2 մարդ:
Մշակութային եւ գիտական հաստատություններում աշխատանքի է անցել ընդհանուր 20 արցախցի։ Մասնավորապես, 13 մարդ աշխատանքի է ընդունվել ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող գրադարաններում, 5-ը՝ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր եւ Հայոց ազգագրության թանգարան»-ում, 1-ական հոգի, համապատասխանաբար, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչությունում եւ «Պատմամշակութային Ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ում։
Արցախցի 30 գիտաշխատող աշխատանքի է անցել
ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից վերանայվել են Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստան վերադարձած գիտնականներին ընդունող կազմակերպությունների բազային ֆինանսավորման ծավալները։
Ընդհանուր առմամբ՝ 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, ՀՀ գիտական կազմակերպություններում աշխատանքի է անցել կամ գիտական գործունեություն է իրականացնում 30 արցախցի գիտաշխատող։
Մասնավորապես՝
• «Երեւանի պետական համալսարան» – 1 մարդ
• «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» («ՃՇՀԱՀ») – 2 մարդ
• «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» – 4 մարդ
• ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ – 1 մարդ
• ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ – 1 մարդ
• ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ – 1 մարդ
• ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն – 4 մարդ
• ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ – 1 մարդ
• ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ – 2 մարդ
• ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ – 5 մարդ
• ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ – 2 մարդ
Բացի այդ, Արցախի 4 գիտական խմբեր, որոնք Կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորում էին ստանում, ներկայում իրականացնում են իրենց գիտական թեմաները ՀՀ գիտական կազմակերպություններում՝ նոր պայմանագրերի համաձայն:
• ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն – 3 մարդ
• ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն – 7 մարդ
• ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ – 3 մարդ
Ներկայացված տվյալները վերաբերում են միայն Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հարցման շրջանակում արձանագրված տվյալներին՝ հնարավոր է, որ Հայաստանի գիտական կազմակերպությունները նաեւ իրենց հատկացված միջոցների հաշվին են արցախցի գիտաշխատողների աշխատանքի ընդունել։
Ոչ մշակութային ժառանգության պահպանում
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ 2023-2024 թթ. նախարարության դրամաշնորհային մրցույթների շրջանակներում իրականացվել եւ իրականացվում են մի շարք ծրագրեր Արցախից բռնի տեղահանվածների համար, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը եւ փոխանցմանը:
Օրինակ, «Կյանքը ափի մեջ» ծրագրի շրջանակում «Գոյ» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել են խեցեգործության եւ մանրանկարչության դասընթացներ «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանում: Եռամսյա դասընթացներին մասնակցել են 15 արցախցի, ովքեր սովորել են հայկական մանրանկարչության տեխնիկաներ՝ ծանոթանալով հայկական զարդանախշերի պատմությանը եւ պատրաստելով կավե ափսեներ, սալիկներ ու դեկորատիվ իրեր: Ծրագրի նպատակն էր ստեղծել նոր դպրոց՝ Կիլիկյան եւ Արցախ-Ուտիք մանրանկարչական դպրոցների հիման վրա։
«Կրթիր կրթողին» ծրագրում ընդգրկել է 30 արցախցի, ովքեր մասնակցել են ավանդական ձեռագործության՝ թաղիքագործության, ասեղնագործության եւ կավագործության եռամսյա դասընթացների: Ծրագրի նպատակն էր նպաստել մասնագիտական հմտություններ ձեռք բերելմանը եւ հետագայում՝ ստեղծագործական եւ աշխատանքային պայմանների բարելավմանը։
«Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում վերապատրաստվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 7 ուսուցիչ՝ փայտարվեստի եւ կարպետագործության ոլորտներում։ Նույն ծրագրի շրջանակում անցկացվել են կարպետագործության եւ ասեղնագործության դասընթացներ Իջեւանում, Ալավերդիում եւ Չարենցավանում, որոնց մասնակցել են 17 արցախցի կանայք։
Իսկ «Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը նպատակ ունի պահպանել եւ տարածել ոչ նյութական մշակութային ժառանգություններից՝ արցախյան բարբառները եւ խոսվածքները։ Ծրագրի շրջանակում «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ բեմադրվելու է թատերական ներկայացում, որտեղ ընտրված ստեղծագործությունները գրական հայերենից փոխադրվելու են արցախյան բարբառների։
Տաթեւ Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: