2023թ. սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո մոտ 120 հազար մարդ ստիպված եղավ լքել հայրենիքը, կիսատ թողնել կյանքն ու սկսել այն նորից։
Դեռևս 2020թ.-ից հայտնի ֆեյսբուքյան թեմատիկ խմբերն ու տելեգրամյան ալիքները լցվել էին տարատեսակ հայտարարություններով. արցախցիները, օգնությանը զուգահեռ, աշխատանք էին փնտրում, ընդ որում՝ ցանկացած աշխատանք՝ բանվոր, պահակ, դայակ, նույնիսկ կես դրույքով կամ ժամանակավոր, միայն թե կարողանային հոգալ իրենց առաջնային կարիքները։
Տարբեր կազմակերպությունների, անհատների և կամավորների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել ճգնաժամն ու միառժամանակ թեթևացնել բռնի տեղահանված արցախցիների որոշ հոգսերն ու կենսական պայմանները։
Սակայն ի՞նչ կոնկրետ քայլեր ձեռնարկեց պետությունն այս մարդկանց աշխատանքով ապահովելու և երկարաժամկետ կայունություն առաջարկելու համար, որքա՞ն արդյունավետ գործեցին սոցիալական ծառայությունները։
Մինչ օրս 5 360 հոգի է աշխատանք գտել պետության աջակցությամբ
Աշխատանք գտնելը խնդիր է դարձել արցախցիների համար, ընդ որում՝ անկախ մասնագիտությունից. այս մասին պատմում էին մեզ հետ զրուցած թարգմանիչը, տնտեսագետը, լրագրողը, հաշվապահը, հացթուխը, պարուհին, լուսանկարիչը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2024թ. հոկտեմբերի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 115 359 մարդ, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ից մինչև 2024թ. դեկտեմբերի 11-ը Աշխատանքի և սոցիալական նախարարության Միասնական սոցիալական ծառայությունում (ՄՍԾ) հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 9 447 մարդ, որոնցից միայն 5 360-ն է կարողացել աշխատանք գտնել։
Սա կազմում է Արցախի հնարավոր աշխատունակ բնակչության մոտ 10%-ը (հաշվարկը հիմնված է պաշտոնական տվյալների վրա՝ հաշվի առնելով մոտ 30 000 անչափահասներին, 20 000 տարեցներին, ինչպես նաև՝ հաշմանդամություն ունեցող մոտ 9000 մարդկանց, որոնցից թվում, կարող են լինել աշխատունակ և ոչ աշխատունակ մարդիկ-հեղ.)։
535 արցախցի աշխատանքի է անցել պետական համակարգում՝ թե որ գերատեսչություններում, ՄՍԾ-ն չի մանրամասնում, քանի որ նման վիճակագրություն չի վարում։
2024թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 1711 տեղահանված արցախցի ընդգրկվել է «2023թ. Լեռնային Ղարավաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում, որից 1674-ը տեղավորվել են աշխատանքի։
Նույն ծրագրի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված 25 մարդ մասնագիտական ուսուցում է ստացել, որից հետո նրանցից 2-ն աշխատանքի են տեղավորվել։
«Մի տարվա մեջ ոչ մի տարբերակ չեն առաջարկել». մեկ ընտանիքից 3 հոգի սպասում են աշխատանքի առաջարկի
Մարինեն (անունը փոխված է-հեղ.) 44 տարեկան է, երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի «Արցախբանկ»-ում, այժմ ամուսնու և 5 երեխաների հետ՝ 8-ից 18 տարեկան, ապրում է Ջրվեժում։ Մի քանի անգամ դիմել է Միասնական սոցիալական ծառայություն, բայց աշխատանք դեռ չեն գտել։ Սկզբում դիմել է 2023թ. հոկտեմբերին՝ անմիջապես տեղահանումից հետո, ՄՍԾ Երևանի տարածքային կենտրոն, ապա 2024թ. ամռանը՝ Աբովյան քաղաքի տարածքային կենտրոն։
«Հեռուստացույցով հայտարարում են՝ արցախցիների զբաղվածության ծրագիր, գնում ես, ասում են՝ չկա։ Զանգում եմ, ասում են՝ դու աշխատանքը գտիր, մի բան կանենք,-պատմում է Մարինեն։- Դե, աշխատանք չկա, ամեն տեղ դիմել եմ, ոչ մի տարբերակ էս մի տարվա չեն առաջարկել, որ նույնիսկ ասեմ՝ չեմ ուզում կամ ուզում եմ»։
2024թ. նոյեմբերին Մարինեն «Հայփոստ»-ում օպերատորի աշխատանքի հայտարարություն է տեսել, ու որոշել է դիմել. «Ասացին՝ անուն, ազգանունդ գրի, գրել եմ, հետո մի քանի օրից գնացել եմ, ասում են՝ չէ, պիտի Հայաստանի քաղաքացի լինես»,-պատմում է նա։
Մարինեն պատրաստ է ամենատարբեր աշխատանքներ անել։ Ասում է՝ նույնիսկ մոտակայքում գտնվող գործարան է գնացել, խնդրել, որ գործ լինի՝ կանչեն.
«Ասացի՝ որպես բանվոր էլ կաշխատեմ, ասացին՝ գնա, կզանգենք»։
Մարինեի ամուսինը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, վիրավորում է ստացել, նույնպես աշխատանք չունի։ Ինքն էլ, 18-ամյա աղջիկն էլ, գրանցվել են ՄՍԾ,-ում բայց նրանք նույնպես աշխատանքի որևէ առաջարկ չեն ստացել։
Անելանելիությունից Մարինեն նույնիսկ 16-ամյա տղայի համար է փորձել որևէ հարմար աշխատանք գտնել, սակայն ՄՍ ծառայությունում չեն գրանցել։
Այս պահին Մարինեի 7 հոգանոց ընտանիքը, բացի արցախցիներին հասանելիք սոցվճարներից, նաև նպաստ է ստանում։ Եվ դա ընտանիքի ամբողջ եկամուտն է, որով պետք է կարողանան վճարել ամսական 180 000 դրամ բնակարանի վարձը, ձմռան 50 000 դրամ կոմունալ ծախսերը, աղջկա՝ 300 000 դրամ ուսման վճարը։ Ու հետո էլի շարունակեն ապրել։
«Մոռացի՛ր Արցախը, դու այլևս Արցախում չես». ի՞նչ են ասել հարցազրույցի ժամանակ
Արմինեն լրագրող է (անունը փոխված է-հեղ.), պատմում է, որ առաջին անգամ դեռևս 2023 թ. հոկտեմբերի սկզբին է մոր և հարսի հետ դիմել Միասնական սոցիալական ծառայություն, հետո՝ նորից, սակայն երկու անգամ էլ՝ ապարդյուն.
«Գնացինք, մենք մեզ մատյան առաջարկեցին, վերցրեցինք, փորփրեցինք, ուսումնասիրեցինք. այնտեղ աշխատանքներ էին առաջարկվում։ Նախ, շատ ցածր աշխատավարձով և հետո, կանանց համար առաջարկվող աշխատանքները հիմնականում մաքրուհին էր և լվացարարը։ Ես ասացի, որ լրագրող եմ, համապատասխան աշխատանք եմ փնտրում։ Իհարկե, հարգում եմ ցանկացած աշխատանք, բայց ամեն մարդ փնտրում է իրեն համապատասխան աշխատանք»,-պատմում է Արմինեն:
Հետո լրատվական դաշտում երկու հայտարարություն է գտել, ՄՍԾ-ի աշխատակիցները զանգել, պայմանավորվել են խմբագիրների հետ, ասել, որ հարցազրույցի գնա։
«Դա այն օրերն էին, երբ մենք ավելի զգացմունքային, ավելի խոցելի էինք. օրեր առաջ էինք մենք մեր հողը, մեր տունը լքել։ Գնում եմ, այդ խմբագիրը գալիս, մտնում է ու ի՞նչ է ինձ ասում՝ «մոռացի՛ր Արցախը, դու այլևս Արցախում չես»։ Ես այդ խոսքերից վիրավորվում եմ, ու էլ իրեն չեմ էլ լսում, արցունքոտված աչքերով դուրս եմ գալիս սենյակից. ես նման մարդու հետ չէի կարող աշխատել»,- պատմում է նա։
Երկրորդ խմբագրությունից Արմինեն նույնպես հիասթափվել է՝ տեսնելով աշխատանքի կազմակերպման պայմաններն ու մոտեցումները։ Նորից է գնացել ՄՍԾ, տեղեկացրել, որ աշխատանք գտնել չի ստացվել, ապա դարձյալ հետաքրքրվել է՝ թարմացվում է արդյո՞ք մատյանում ներկայացված աշխատանքների ցանկը։ Դրական պատասխան են տվել, սակայն հետագա այցերի ժամանակ Արմինեն հասկացել է, որ չի թարմացվում և աշխատանքի իրական հնարավորություններ չկան։
Արմինեն ասում է, որ թեև ՄՍԾ աշխատակիցներից բողոք չունի, քանի որ իրենք իրենց անելիքը պատշաճ անում էին: Խնդիրն առաջարկվող աշխատանքներն են ու չթարմացվող ցանկը։
Արմինեի նախկին՝ 40 հոգանոց խմբագրության աշխատակիցներից միայն մի քանիսն են հիմա աշխատում։
«Աշխատանք գտնելը մեծ խնդիր է ոչ միայն ինձ համար. բավականին մեծ շրջապատ ունեմ՝ ընկերներ, գործընկերներ, բարեկամներ: 50-ից հազիվ 5-ն են աշխատում, իսկ աշխատողներն էլ հիմնականում ժամանակավոր կամ պատահական գործերով են զբաղված։ Օրինակ, տղամարդիկ, ովքեր
Արցախում պաշտոններ էին զբաղեցնում, տաքսի են վարում կամ առաքիչ են»,- ասում է Արմինեն։
Նշում է, որ տարբեր տեղեր այսօր էլ աշխատանքի ընդունման նախապայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2024թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել 5409 արցախցի, 3431-ի դիմումը բավարարվել է:
Նանար Գասպարյանն իր 5 հոգանոց ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել Ստեփանակերտից, հիմա բնակվում են Օշականում։ Դեռևս անցած տարի փուռ էին բացել, ժենգյալով հաց ու փախլավա էին պատրաստում։ Սակայն ժամանակի ընթացքում դրանց պահանջարկը նվազել է, հետո էլ մրցակցությունն է աճել։
Նանարն ասում է, որ չի դիմել պետությանը աշխատանք գտնելու համար, որովհետև հույս չի ունեցել, որ իրեն կարող են օգնել:
Դիմել է Աշտարակի սոցիալական ծառայություն՝ հրուշակագործություն սովորելու համար՝ հույս ունենալով զարգացնել թխվածքներ պատրաստելու իր հմտությունները: Սակայն նրան տեղեկացրել են, որ նման ծրագիր այս պահին չկա: Ամեն դեպքում, Նանարը չի հուսահատվում. նոր դասընթացներ ու նոր ջեռոց է փնտրում, որպեսզի կարողանա լավ հրուշակեղեն պատրաստել, դիմանալ մրցակցությանն ու պահել ընտանիքը։
Շարունակելի
Տաթեւ Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: