Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ կվերականգնվի Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգությունը:
Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում եւ հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված եւ նկարազարդված այնպիսի ու եզակի արխիվային վավերագրեր:
«Երեք տարվա համար նախատեսված ծրագրի շրջանակում 74 000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»,- ծրագրի շնորհանդեսին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ:
«Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող եւ հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռեւս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել եւ ներկայացել աշխարհին: Թեեւ անվանի հայ եւ որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, եւ միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետեւաբար, այս ծրագիրը կարեւոր է նաեւ հանրահռչակման տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: