1 կմ` 100 դրա՞մ կամ տաքսիների անպատիժ խաբեությունը - Mediamax.am

exclusive
4620 դիտում

1 կմ` 100 դրա՞մ կամ տաքսիների անպատիժ խաբեությունը


Լուսանկարը` www.abitaxi.com/


Գաղտնիք չէ, որ Հայաստանի տաքսի ծառայությունների շուկայում հավասար մրցակցություն է: Գաղտնիք չէ նաեւ այն, որ չնայած մրցակցության առկայությանը, տաքսի ծառայությունների որակը հավասարապես ցածր մակարդակի վրա է:

 

Թե անհատ վարորդների, թե ծառայությունների մեքենաների վրա հաճախ կարելի է հանդիպել «1 կմ` 100 դրամ» գրառումը, որը, սակայն, ուղղակի գրառում է եւ կապ չունի իրականության հետ՝ բացառությամբ հատուկենտ դեպքերի:

 

Եթե մեքենա վարողները կարող են համոզվել տաքսիների կողմից ուղեւորներին մոլորեցնելու մեջ «աչքաչափով», ապա մնացածը կարող են չափել երթուղու երկարությունը, օրինակ, Google Maps-ի օգնությամբ ու հետո տաքսի պատվիրել:

 

Հնարավոր սցենարները գրեթե միշտ երկուսն են. կամ հաշվիչը ցույց կտա ավելի շատ կիլոմետրեր, քան իրականում է, եւ համապատասխանաբար, ավելի մեծ գումար կամ անցած կիլոմետրերի քանակը կհամապատասխանի իրականությանը, իսկ գումարը՝ ոչ: Երկու դեպքերում էլ ուղեւորը 100 դրամ է վճարում ոչ թե 1 կիլոմետրի, այլ 600-700 մետրի դիմաց:

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը Մեդիամաքս-ին ասել է, որ նախարարությունը հաշվիչների աշխատանքի ճշտությունը ստուգելու իրավասություն չունի: «Մեր պահանջն է, որպեսզի տաքսիներն ունենան հաշվիչներ, որոնց ճշգրիտ լինելու համար համապատասխան հավաստագիր է պետք՝ տրված Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից», - ասել է Դավիթ Մելքոնյանը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանն, իր հերթին, Մեդիամաքս-ին հայտնել է, որ ինստիտուտի պարտականությունն է՝ ստուգել հաշվիչների կողմից կիլոմետրաժի ճշգրիտ հաշվարկը, իսկ գնագոյացումն ամբողջությամբ թողնված է շուկային:

 

«Ծանոթ եմ եւ ինքս առնչվում եմ  տնտեսվարողների կողմից կատարվող խաբեբայություններին: Ինստիտուտը պարտավոր է չափել կիլոմետրաժի հաշվարկը, իսկ թե ինչպիսի՞ նվազագույն գումար են սահմանում տաքսիները կամ իրականում որքան տարածության համար են սահմանում 100 դրամ՝ 1 կմ-ի թե, օրինակ, 500 մետրի համար, թողնված է իրենց հայեցողությանը՝ հաշվի առնելով այդ շուկայում տիրող մեծ մրցակցությունը», - Մեդիամաքս-ին ասել է Վահան Սահակյանը:

 

Նա տեղեկացրել է, որ տաքսի-ծառայությունների կողմից գնային չարաշահումների հարցը քննարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարության հետ եւ դիտարկվել են լուծման մի շարք տարբերակներ, որոնցից մեկը կարող է լինել սակագների միասնական հաշվարկի կարգի սահմանումը:

 

«Այս որոշումը, սակայն, կարող է հակասական լինել, քանի որ այս կերպ կառավարությունը կմիջամտի բիզնեսի գործունեությանը: Ազատականացման գաղափարով առաջնորդվելով` ենթադրվում էր, որ ազատ մրցակցության պայմաններում կձեւավորվի արդար գին», - ասում է Վահան Սահակյանը:

 

«Արդար» գինը մրցակցության պայմաններում, անշուշտ, ձեւավորվել է, եւ կազմում է շուրջ 150 դրամ մեկ կիլոմետրի դիմաց, սակայն մեզ շարունակում են խաբել «1 կմ` 100 դրամ» գովազդով եւ ինչպես պարզվում է, անպատիժ մնալ:

 

Թե ո՞ր պետական մարմինն է պատասխանատու հարցի կարգավորման համար, մինչ օրս չի պարզել նաեւ Սպառողների իրավունքների պաշտպանություն միությունը: Միության նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ պետական մարմիններից ոչ մեկը չի ցանկանում զբաղվել դրա կարգավորմամբ:

 

«Կարծում եմ, հաշվիչների ստուգման մենաշնորհը չպետք է լինի մեկ հաստատության ձեռքում, այստեղ եւս պետք է լինի մրցակցություն: Բացի այդ, հաշվիչի ճշգրտությունը չափող մարմինը պետք է կապարակնիք տեղադրի հաշվիչների վրա, որպեսզի տաքսի ծառայությունը չկարողանա փոխել սակագինը՝ առանց դրա մասին տեղեկացնելու», - Մեդիամաքս-ին ասել է Արմեն Պողոսյանը: 

 

Մնում է հուսալ, որ հարցի կարգավորման մեջ իր դերակատարումը կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը, ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել է մամլո խոսնակ Գայանե Սահակյանը, դեռ չի զբաղվել տաքսի ծառայությունների շուկայով:

 

Ռուբեն Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին