Երեւան: Մեդիամաքս: Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար:
Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ նա իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո:
«Երբ Ռուբեն Վարդանյանը, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը եւ ես 2015 թ. համահիմնադրեցինք «Ավրորան»՝ ի պատիվ եւ խորին երախտագիտություն նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ փրկելու մեր հայ նախնիներին, մենք այն պատկերացնում էինք որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Ի պատասխան աշխարհում անընդհատ ծավալվող եւ բարդացող մարդասիրական ճգնաժամերի եւ «Ավրորայի» շոշափելի ազդեցությանը, մենք հիմա որոշել ենք ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:
«Բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ես խոնարհվում եմ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող անհատ մարդասերների անձնուրաց ջանքերի առաջ եւ այն մեծ ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անձը մարդկության վրա: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերն «Ավրորայում» իմ սիրելի ընկեր Նուբար Աֆեյանի հետ՝ ուշադրություն հրավիրելու նրանց վրա, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար, ինչպես նաեւ ընդլայնելու մարդասիրական շարժումն այս մեծագույն կարիքի ժամանակ»,- ասել է Էրիկ Էսրայիլյանը:
2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը. այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում եւ տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: