«Աֆեյան» հիմնադրամը Արցախից տեղահանվածներին հատկացրել է $ 2 միլիոն - Mediamax.am

822 դիտում

«Աֆեյան» հիմնադրամը Արցախից տեղահանվածներին հատկացրել է $‌2 միլիոն


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Աֆեյան» հիմնադրամն ավարտել է Արցախից տեղահանված անձանց աջակցելու $‌2 միլիոնի տեղաբաշխման ծրագիրը:

«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է դաժան եւ աներեւակայելի ճնշումների, եւ էթնիկ զտման հետեւանքով իրենց տներից բռնի վտարվելուց հետո այժմ կանգնած է իր համար նոր միջավայրում կյանքը վերսկսելու իրողության առջեւ:

 

Արցախի ժողովուրդն ունի հանրային եւ մասնավոր հատվածների լայնածավալ աջակցության կարիքը, որպեսզի ստանա փրկությունից վերածնունդ, այնուհետեւ՝ դեպի բարգավաճում ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու օգնությունը»,- ասել են «Աֆեյան» հիմնադրամի հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները:

 

Վերջերս «Աֆեյան» հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի իրականացման համար: Դրանք կկենտրոնանան առավել խոցելի խմբի՝ երեխաների եւ դեռահասների հետ աշխատանքների վրա:

 

Ծրագիրը կգործի 18 ամիս եւ ուղղված է հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաեւ սոցիալական ներառման հնարավորությունների բարելավմանը հատկապես այն տարածքներում, որտեղ նման ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է:

 

Բացի այդ, մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հիմնական կարիքների բավարարման, բժշկական և հոգեսոցիալական օգնության տրամադրման և ավելի երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծման նպատակով «Աֆեյան» հիմնադրամը ֆինանսավորել ու աջակցել է ստորև նշված հայկական կազմակերպություններին և ծրագրերին.

 

AIWA – EmpowerPath ծրագիր՝ ուղղված Արցախի կանանց հմտությունների զարգացմանը, աշխատանքի հնարավորությունների տրամադրմանը և ձեռներեցության աջակցությանը:

 

AGBU – Ծրագրերը ներառում են Նաիրի ճամբարի ընդլայնում, Արցախի տեղահանված բնակչության աշխատունակության բարձրացմանն ուղղված հմտությունների զարգացման ծրագրեր, ձմեռային մարդասիրական և անհապաղ օգնություն և Հայաստանում տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ CIVITTA կազմակերպության ուսումնասիրություն:

 

American University of Armenia / US Embassy – Անգլերենի ուսուցման ծրագիր Շիրակի մարզում հանգրվանած երիտասարդների համար:

 

Armenia Artsakh Fund – Տեղահանված արցախցիներին դեղորայքի և մարդասիրական օգնության տրամադրում:

 

Armenian Spiritual Revival Foundation – Արցախի տեղահանված բնակչությանը հոգեկան առողջության բարելավման խմբային և համայնքային ծառայությունների մատուցում և տեղացի մասնագետների համար հոգեբանական-սոցիալական վերապատրաստման ծրագրերի կազմակերպում:

 

AYB School – 10 արցախցի աշակերտի համար կրթաթոշակների տրամադրում:

 

Children for Armenia Foundation (COAF) – Աջակցություն «Հույս Արցախի համար» նախագծին, որի առանցքում վաղ մանկական զարգացումն է, դպրոցական ինտեգրումը և COAF-ի SMART կենտրոնի հասանելիության ապահովումը, ինչը ներառում է արտ-թերապիայի դասընթացներ և փախստականների կարիքներին հարմարեցված այլ հնարավորություններ:

 

Teach for Armenia – «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիր՝ ուղղված նոր միջավայրում արցախցի ուսանողների ինտեգրմանը: Այն ներառում է մանկավարժների վերապատրաստում, արտադպրոցական միջոցառումներ, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն, ինչպես նաև՝ ուսանողներին ակադեմիական օգնության տրամադրում:

 

UWC Dilijan – Արցախից երկու ուսանողի համար երկու տարվա կրթաթոշակի տրամադրում, ինչպես նաև 10 ուսանողի ամառային ճամբարի ֆինանսավորում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին