Շուրջ 6 տարի տեւած հիմնանորոգման աշխատանքներից հետո Էջմիածնի Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավորների եւ այցելուների առջեւ: Ավարտին են մոտենում նաեւ Տաճարի ներսում որմնանկարների վերականգնման աշխատանքները:
Որմնանկարները, որոնք դարերի ընթացքում պատվել էին ծխի եւ մրի շերտով, այժմ վերստացել են իրենց նախկին գույները:
Վերականգնող վարպետները, Որմնանկարների վերականգնման կենտրոնի առաջատար մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ձգտել են պահպանել դրանք այնպես, ինչպես 18-րդ դարում վրձնել են Հովնաթանյան որմնանկարիչները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմնանորոգման ծավալն աննախադեպ է: Դրա անհրաժեշտությունը ծագել էր այն ժամանակ, երբ տանիքում նորոգման աշխատանքներ իրականացնելիս վարպետները հայտնաբերել էին, որ ձեւավորված ճաքերը հասնում են մինչեւ տաճարի հիմքեր:
Լուսանկարը` Մեդիամաքս
2012 թվականից մեկնարկել են Մայր Տաճարի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները, իսկ բուն շինարարությունը սկսվել է 2017 թվականից: Պայմանավորված վթարայնության բարձր աստիճանով՝ 2018 թվականի հոկտեմբերից Մայր Տաճարի դռները փակվել էին այցելուների առջեւ:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մայր Տաճարն ավելի հաճախ ներկայացվում է որպես քրիստոնեական ինքնության դրոշմ, բայց իրականության մեջ այն շատ ավելին է եւ ընդգրկում է մեր ազգային ամբողջ պատմությունը: Մայր Տաճարի կառուցումը կապված է տակավին Նոյ Նահապետի հետ, հետո Հայկ Նահապետի հետ, եւ ավանդաբար այդ սրբությունը նվիրագործվել է Գրիգոր Լուսավորչի կողմից»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ ընդգծելով, որ նախաքրիստոնեական եւ քրիստոնեական շրջանների միջեւ անջրպետը կեղծ է: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է սպասվող արարողակարգերի կարգախոսը, այն է` «Դրոշմ ինքնության»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մայր Տաճարն իր բազմադարյա պատմության ընթացքում մի շարք անգամներ վերանորոգվել ու շքեղազարդվել է Հայոց կաթողիկոսների, իշխանների, ազգային բարերարների, Խորհրդային Հայաստանի պետության ու հավատացյալ բազում հայորդիների նվիրատվություններով ու հոգածությամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
5-րդ դարի երկրորդ կեսին այն ամբողջապես վերանորոգվել է, իսկ 7-րդ դարի առաջին կեսին վերակառուցվել է Տաճարի կաթողիկեն՝ գմբեթը, որի վեղարը վերափոխվել է 17-րդ դարի առաջին կեսին՝ Մայր Տաճարի վերանորոգության ընթացքում:
Լուսանկարը` Մեդիամաքս
1654-1658 թթ. Մայր Տաճարի արեւմտյան մուտքին կից կառուցվել է մեծ զանգակատունը, իսկ 1684-1686 թթ. արեւելյան, հյուսիսային ու հարավային խորանների վրա՝ նույնատիպ փոքր զանգակատները:
18-րդ դարի սկզբում եւ ընթացքում Մայր Տաճարի ներսը պատվել է որմնանկարներով: 1869 թ., Մայր Տաճարի արեւելյան ողջ ճակատով, կցակառուցվել է ընդարձակ ավանդատունը՝ երեք սրահներով, որոնք հետագայում դարձել են թանգարանային սրահներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
2012 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ եւ հսկողությամբ էլ սկսվել են Մայր Տաճարի համակողմանի հիմնանորոգման աշխատանքները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիշեցնենք, որ Մյուռոնօրհնության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: