Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը - Mediamax.am

1511 դիտում

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը


Լուսանկարը` ԿԽՄԿ


Երեւան: Մեդիամաքս: Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը:

 

Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման եւ ահաբեկման, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից:

 

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» եւ Truth Hounds կազմակերպությունների կողմից:

 

Փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված խորքային վկայությունների եւ բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը միտումնավոր եւ հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման եւ էթնիկ զտման:

 

Վկաների հետ երեք հարյուր երեսունից ավել խորքային հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։

 

Փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) եւ 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), եւ համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաեւ նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

 

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2024 թ․ սեպտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին