Բոննում շարունակվում են ակցիաները հայ բանտարկյալներին ազատ արձակելու կոչերով - Mediamax.am

3002 դիտում

Բոննում շարունակվում են ակցիաները հայ բանտարկյալներին ազատ արձակելու կոչերով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունն» այսօր արշավ է սկսել՝ կոչ անելով COP29-ի հյուրընկալող Ադրբեջանին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին:

Արշավը անցկացվում է Բոննի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի բացման շաբաթվա շրջանակում, որտեղ փորձագետները սահմանում են COP օրակարգը, որն անցկացվելու է նոյեմբերին՝ Բաքվում՝ աշխարհի առաջնորդների  մասնակցությամբ:

 

Այս արշավը պատասխան դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն խոսքերին, որ իր երկիրը ցանկանում է «COP29» կոնֆերանսը դարձնել «Խաղաղության COP»:

 

«Ադրբեջանում Ալիևի ռեժիմը շարունակում է կալանքի տակ պահել հայ քաղբանտարկյալներին և պատանդներին, ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունն ու սեփականությունը, որոնք գտնվում են նրանց բռնազավթման տակ, համակարգված կերպով հայերի դեմ քարոզել էթնիկ ատելություն և արգելափակել բռնի կերպով տեղահանված արցախցիների վերադարձն իրենց տներ։ Այս գործողությունները՝ միջազգային և ներքին այլ հանցագործությունների հետ մեկտեղ, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական քաղաքականության վառ օրինակ են։ Մեր ջանքերը նպատակ ունեն բարձրացնելու միջազգային հանրության իրազեկությունը՝ Ալիևի ռեժիմի կողմից շարունակվող ոտնահարումների վերաբերյալ, ինչպես նաև  ընդգծել ապօրինի կերպով ձերբակալված մեր ղեկավարներին և հայրենակիցներին ազատ արձակելու հրատապ անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ալիևի ռեժիմը մոլորեցնի և շեղի իրեն COP 29-ով և խուսափի պատասխանատվությունից՝ իրագործած ցեղասպանության և շարունակական խախտումների համար»,- ասել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից գրավված չճանաչված պետության՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), քաղաքացիների կողմից։ Հարձակման արդյունքում 120 հազար բնիկ հայերը, ստիպված են եղել լքել հայրենիքը։ Ռազմական հարձակմանը հաջորդել է նաև Արցախի ութ հայ քաղաքական առաջնորդների ձերբակալումն Ադրբեջանի պաշտոնյաների կողմից։ Ապօրինաբար կալանավորված և պատանդառված այս անձինք շարունակում են մնալ Բաքվում՝ սպասելով իրենց դատավարության ժամկետների մասին լուրերին:

 

Քաղբանտարկյալների թվում է միջազգային բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, որը վերջերս դադարեցրեց 21-օրյա հացադուլը։ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի՝ իրենց անօրինական կալանքի, բանտարկության պայմանների վատթարացման և ոչ թափանցիկ իրավական համակարգում պատշաճ ընթացակարգերի սահմանափակ հասանելիության համար:

 

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը վերլուծելով այս գործողությունները, պաշտոնապես հաստատել է․ «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ իրականացվել  է ցեղասպանություն, սակայն նմանօրինակ նոր տառապանքների վտանգն ամենևին էլ չի անցել։ Միջազգային հանրությունը դեռևս պատասխանատվություն է կրում այս բնակչությանը հետագա վնասներից պաշտպանելու համար»:

 

Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Բաքվին միջոցներ ձեռնարկել, որ էթնիկ հայերը կարողանան «անվտանգ, անարգել և արագ» վերադառնալ այնտեղ, ինչպես նաև կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմի և պղծման գործողությունները, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքային վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտներին նկատմամբ։ Չնայած այս հանձնարարություններին՝ արբանյակից արված վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ ոչնչացվում են հայկական մշակութային ժառանգության վայրերն ու բնակելի շենքերը, ինչը խոր մտահոգություններ է առաջացնում:

 

Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից ճնշումը շարունակվում է աճել COP 29-ին ընդառաջ, որը նաև հայտնի է որպես Կողմերի համաժողով։ Այն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին Բաքվում: Ապրիլյան բանաձևում Եվրամիությունը վերահաստատել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումներն անհամատեղելի են այդ երկրի՝ COP29-ը հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքների հետ»: ԱՄՆ Կոնգրեսում ևս կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական առաջնորդներին, ընդ որում՝ մի քանի սենատորներ մայիսի կեսերին լրացուցիչ նամակ են հղել՝ բարձրաձայնելով իրենց անհանգստության մասին։ Ֆրանսիացի Սենատը նույնպես բանաձեւեր են ներկայացրել՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած գործողությունների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին