1800-ականների վերջին հայ կանայք ձեւավորել են կոլեկտիվ արտադրանք ստանալու հետաքրքիր պրակտիկա։ Տարվա այն ժամանակահատվածում, երբ կաթն առատ չի եղել եւ տանը պրոդուկտ ստեղծելու համար անհրաժեշտ է եղել օրեր շարունակ կաթ ամբարել, գյուղերում մոտ 25 հոգանոց խմբեր են կազմել՝ «խաբեր», եւ ամեն օր ստացած կաթը փոխանցել խմբի մի անդամի։ Կաթնատնտեսության մեջ գործակցության այս օրինակը կոչվում է «Խաբուխազ» եւ դրա էլեմենտները մինչ օրս պահպանվում են Շիրակի մարզում։ Այս մեթոդը ոչ միայն օգնել է, որ ամբարելիս կաթը չփչանա, այլ նաեւ տնտեսական ազդեցություն է ունեցել։
2021 թվականին Հայաստանում մեկնարկած ԼԻԴԵՐ գյուղերի զարգացման մոտեցման միջոցով փորձ է արվում խթանել տեղական գործընկերությունը եւ նորարարությունը՝ ստեղծելով համապատասխան ինստիտուտներ եւ իրավական կարգավորումներ։ ԼԻԴԵՐ մեթոդաբանությունը Եվրոպայում օրենքի ուժ ունի եւ գյուղատնտեսության, գյուղերի զարգացման ռազմավարական պլանի պարտադիր բաղադրիչ է։ Հայաստանում ծրագիրը պիլոտային փուլում է եւ իրականացվում է երեք մարզում՝ Շիրակ, Լոռի եւ Տավուշ։ Ծրագիրն իրականացնում են Ավստրիայի զարգացման գործակալությունը, UNDP-ն եւ FAO-ն։
LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը Մեդիամաքսին պատմել է ԼԻԴԵՐ մեթոդաբանության, տեղական ակտիվ խմբերի աշխատանքների եւ հարեւան համայնքների միջեւ կապեր ստեղծելու մասին։
Հայկական գյուղերի զարգացման եվրոպական մոտեցումը
ԼԻԴԵՐ-ի հիմնական նպատակը տեղական գործընկերության միջոցով գյուղի զարգացումն է։ Գործընկերության մաս են կազմում տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ), բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը։ Երեք հիմնական խաղացողները կազմում են տեղական ակտիվ խումբ (ՏԱԽ) եւ այն դառնում է գործընկերության հարթակ։ ՏԱԽ-ը ապահովում է, որ ընտրված տարածքի խնդիրները բնակիչների, բիզնեսի եւ ՏԻՄ-ի համատեղ ջանքերով գտնեն պարզ ու արդյունավետ լուծումներ։ ՏԱԽ-ը նաեւ ֆինանսավորում է փոքրամասշտաբ պիլոտային ծրագրեր, որոնք կարող են դառնալ մեծամասշտաբ ծրագրեր կամ բիզնեսներ։ Յուրաքանչյուր ակտիվ խմբի ընտրված տարածք ընդգրկում է առնվազն երկու խոշորացված համայնք։ ՏԱԽ-ը միավորում է պատմական, մշակութային նմանություններ, աշխարհագրական դիրք ունեցող տարածքները, որպեսզի դրանք միասին կարողանան զարգանալ։
Լուսանկարը` LEAD4Shirak
ՏԱԽ-երը մշակում են իրենց տարածքի զարգացման ռազմավարության ուղղությունները, գործողությունները եւ սկսում տարբեր միջոցներ ներգրավել ՏԱԽ ռազմավարության իրականացման համար՝ դրամաշնորհների միջոցով։ Եվրոպայում ՏԱԽ-երը գումար են ստանում պետությունից եւ դրամաշնորհների միջոցով աջակցում բիզնես ու համայնքային ծրագրերին։ Մեր դեպքում, քանի որ ծրագիրը պիլոտ է, ՏԱԽ խմբերի մշակած ռազմավարությունն իրականացվում է Եվրոպական միության եւ Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ։Սովորաբար, նման ծրագրերն ուղղված են լինում կամ ՏԻՄ, կամ քաղհասարակության, կամ բիզնեսի կարողությունների զարգացմանը։ ԼԻԴԵՐ-ն այն եզակի ծրագրերից է, որ միավորում է այս երեքին եւ բոլորին իրար հետ բանակցելու, համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորություն տալիս, ինչն էլ բավական կայուն իրավիճակ է ստեղծում համայնքների զարգացման համար։
Տեղական ակտիվ խմբերը
Ծրագրի մեկնարկին իրականացվել է գնահատում, ամեն համայնքի տրվել իր զարգացման ցուցանիշը։ Փորձել ենք համատեղել թույլ զարգացածներն ավելի ուժեղ զարգացածների հետ։ Գրեթե մեկ տարի համայնքներում իրականացրել ենք իրազեկման աշխատանքներ, հետո ցանկացողները միացել են ՏԱԽ-երին։ ՏԱԽ անդամ կարող է լինել 18 տարեկանից բարձր ցանկացած մարդ՝ տեղական անհատներ, քաղհասարակության, պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։ Տեղական ակտիվ խմբի անդամները զարգացնում են իրենց կարողությունները՝ ընդհանուր շահերին ծառայող լուծումներ գտնելու նպատակով եւ անմիջականորեն մասնակցում որոշումների կայացմանը՝ բարելավելու այն տարածքը, որտեղ բնակվում են։
Ի տարբերություն հասարակական կազմակերպությունների՝ այստեղ պետք է համամասնությունը պահել՝ անդամների 1/3-ը պետք է ՏԻՄ, 1/3-ը բիզնես եւ 1/3-ն էլ քաղհասարակության ներկայացուցիչներ լինեն։ Մյուս սահմանափակումն այն է, որ պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորվող մարմինների ներկայացուցիչները (մանկապարտեզ, դպրոց, ՏԻՄ), չպետք է լինեն 49%-ից ավելի։
Լուսանկարը` LEAD4Shirak
Ծրագրի մեկնարկին Շիրակում առանձնացրել ենք ՏԱԽ երկու տարածք՝ մեկը մարզի հարավում, մյուսը՝ հյուսիսում։ Հարավում «Արագած հովիտ» ՏԱԽ-ն է, այն ընդգրկում է Արթիկ, Անի խոշորացված համայնքներից 4-ական բնակավայր։ Հյուսիսում էլ «Հյուսիսային ուղին» է, որը Ամասիա, Աշոցք խոշորացված համայնքներից ընդգրկում է 21 բնակավայր։ Երրորդ ՏԱԽ-ը ձեւավորելիս գնացինք այն ճանապարհով, ինչպես Եվրոպայում է լինում, հայտարարեցինք, որ տեղացիները կարող են խումբ ձեւավորել եւ միանալ ծրագրին։ Արդյունքում երկու խումբ հաղթեց ու քանի որ նույն բնակավայրից էին, առաջարկեցինք միավորվել եւ դառնալ մեկ ՏԱԽ։ Այսպես` ձեւավորվեց «Կենտրոնական Շիրակը», որն ընդգրկում է 16 համայնք Ախուրյան, 5-ը՝ Արթիկ խոշորացված համայնքից։
ՏԱԽ-երի տարածաշրջանի զարգացման պլանը մշակվում է փորձագետների հետ աշխատանքի արդյունքում։ Մենք, օրինակ, տեղացիներից գյուղատնտեսության զարգացման բազմաթիվ առաջարկներ ունեինք, ոլորտի մասնագետների հետ խորհրդատվությունից հետո առանձնացվեցին առավել նախընտրելիները՝ հատապտուղների, բարձրարժեք մշակաբույսերի արտադրություն, այգեգործություն եւ այլն։ Մասնագետների հետ աշխատանքից հետո նրանց կարծիքը փոխանցեցինք բնակիչներին եւ հայտարարեցինք դրամաշնորհներ։ Արդեն երեք դրամաշնորհ ենք հայտարարել, վերջինն ամփոփման փուլում է, այս տարի հուլիսից ծրագրերը կսկսենք իրականացվել։
Ծրագրերի երեք ուղղություն
ՏԱԽ ռազմավարությունն ունի երկարաժամկետ թիրախներ եւ տեսլական, որոնք օգնում են մարդկանց կողմնորոշվել, թե ուր գնալ եւ ինչպես զարգացնել իրենց տարածքը։ ՏԱԽ-երը որպես ռազմավարական ուղղություն ընտրել են գյուղատնտեսությունը, կրթությունն ու զբոսաշրջությունը։ Այս ընթացքում իրականացված բոլոր ծրագրերն առնչվել են այս ոլորտներին։ Գյուղատնտեսությանն առնչվող ծրագրերով կաթի վերամշակում է իրականացվում, պանրի արտադրություն։ Քանի որ միջոցները սահմանափակ են՝ փորձում ենք ֆինանսավորել ոչ թե առաջնային գյուղատնտեսության, այլ վերամշակման բլոկը, որ կարողանանք շուկա ստեղծել տեղացիների համար։ Ջերմոցային տնտեսություններին եւս աջակցում ենք։
Լուսանկարը` LEAD4Shirak
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա Կարմրավանում «քայթինգ» կենտրոն ենք ստեղծել, օդապարուկների միջոցով «սնոուբորդինգ» են անում, այցելուները կարող են նաեւ տարածքում հանգստանալ։ Ամասիայում ձմեռային տուրիզմի ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարվել, Winter Festival -46°C-ն էլ հենց այդ կոնտեքստում է։ «Հյուսիսային ուղի» ՏԱԽ-ը ռազմավարական ուղղություններից ամենաակտիվն աշխատում է տուրիզմի ուղղությամբ, ուզում է ձմեռային զբոսաշրջությունը զարգացնել, այդ ուղղությամբ բավական ներդրումներ են կատարվում։ Գյուղատնտեսական եւ զբոսաշրջային ծրագրերի դեպքում էլ այնպիսի նախագծեր է փորձում անել, որ աջակցի տուրիզմի զարգացմանը։ Ամասիայի դպրոցում ավանդույթների վերհանման նախագիծ են սկսել, գիդեր են պատրաստում, ավանդույթներ են վեր հանում, պատմամշակութային հուշարձաններին վերաբերող նախագիծ եւս կա, այս ամենից կրկին շահում է տուրիզմը։
Լուսանկարը` LEAD4Shirak
Դպրոցների հետ դուալ կրթությունն ենք փորձում զարգացնել, բիզնես հիմնել, որը եւ եկամուտ կբերի դպրոցին, եւ նախագծային կրթության հարթակ կլինի աշակերտների համար։ Պեմզաշենի դպրոցում մոտ 500 քառակուսի մետր ելակի ջերմոց է հիմնվել, շուտով բերք կլինի։ Ջերմոցում կա արտադրական եւ փորձերի տարածք, բացի ելակից՝ աշակերտներն այլ բույսեր էլ են տնկում։
ՏԱԽ-ը չի հակադրվի ՏԻՄ-ին
Միշտ հարցեր են լինում ՏԱԽ-ի եւ ՏԻՄ-ի տարբերության մասին։ Ավագանին ընտրովի մարմին է, իսկ ՏԱԽ անդամները կամավոր են միանում, միայն վարձատրվում է գործադիր տնօրենը՝ իր աշխատակազմով։ ՏԱԽ-ը չի ստեղծվում, որ հակադրվի ՏԻՄ-ին, նրանց նպատակը համայնքի զարգացումն է։ ՏԻՄ-երը ՏԱԽ համահիմնադիրներից են եւ խումբը նրանց համար լրացուցիչ որոշումների կայացման հարթակ է, որտեղ հանդիպում են տեղական բիզնեսին ու քաղհասարակությանը, քննարկում, թե այդ տարածքն ու հարեւան տարածքը ինչպես զարգացնեն։
Հայաստանի մարզերում հարեւան համայնքներն իրար լավ են ճանաչում, բայց նրանց միջեւ քննարկում չի լինում, այնպես չէ, որ մենք ենք ծանոթացնում միմյանց հետ, բայց հարթակ ենք ստեղծում, որ գան, իրար հետ զրուցեն։ Այս հարթակի իմաստն այն է, որ երկու հարեւան ՏԻՄ, երկու հարեւան համայնքի բիզնես ու քաղհասարակության ներկայացուցիչ հանդիպեն իրար։ Օրինակներ ունենք, երբ աղբահանության ծառայություն չունեցող համայնքը սկսել է օգտվել հարեւան համայնքի աղբահանության ծառայությունից։
Կայունության ապահովումը
ԼԻԴԵՐ մեթոդաբանության նպատակն է, որ ի վերջո ծրագրերը ստանան պետական ֆինանսավորում։ Հայաստանում մեր քաղաքական գործընկերը Տարածքայի կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն է։ Ծրագիրը նրանց հետ ենք քննարկում, պիլոտն իրականացվում է նրանց կոորդինացիայով։ Տարածքների զարգացման ու ռազմավարության իրականացման համար կա պետական բյուջե, պետությունն ունի տարբեր գործիքակազմեր եւ ապագայում ենթադրվում է ՏԱԽ-երը կդառնանց այդ գործիքներից մեկը։ Իդեալի մեջ պետք է, որ պետությունը որոշակի միջոցներ հատկացնի ՏԱԽ-երին տարածքներում զարգացման ռազմավարությունն իրագործելու համար։ Եթե շատ հեռուն նայենք, ապա կայունությունը հենց սա է։
Որոշում կայացնողներին պետք է կարողանանք ներկայացնել, թե ՏԱԽ-ը ինչ ավելացված արժեք է բերել տարածք եւ խոսքը միայն աշխատատեղ ստեղծելու մասին չէ։ ՏԱԽ խնդիրն ավելի շատ համագործակցության, նորարարության, գործընկերության մշակույթ, լրացուցիչ ֆինանսական միջոցներ բերելն է։
Լուսանկարը` LEAD4Shirak
ԼԻԴԵՐ-ը Եվրոպայում օրենքի ուժ ունի, եթե գյուղի զարգացում ես անում, պետք է ՏԱԽ ստեղծես։ Մինչեւ պետական աջակցություն բավական ժամանակ կա եւ մենք պետք է մտածենք նաեւ տեղական ակտիվ խմբերին բիզնեսներով եկամուտներ ստեղծելու մասին։ ՏԱԽ-երը կարող են որոշակի խնդիրներից ծնված, սոցիալական ուղղվածություն ունեցող բիզնեսներ ունենալ, որոնք մի շարք խնդիրերի լուծում կտան։ Ամեն ՏԱԽ կարող է այն ուղղվածության բիզնես ունենալ, որով առավել ակտիվ է աշխատում։ Օրինակ՝ «Արագած հովիտը» կրթության մեջ է իրեն տեսնում եւ ուզում է նոր գրադարան ստեղծել, որն ավելի շատ հանրային բարիք է լինելու, աննշան եկամուտ է բերելու, դրան զուգահեռ՝ ճամբարների նախագծեր է սկսում, որով կկարողանա ֆինանսավորում ունենալ։ Ինչպես արդեն նշեցի՝ «Հյուսիսային ուղին» ձմեռային զբոսաշրջության որոշակի ծառայություններ կմատուցի։ «Կենտրոնական Շիրակում» մտածում են գյուղատնտեսական մշակույթի փոփոխությանն ուղղված կենտրոնի ստեղծման մասին։
ԼԻԴԵՐ-ը՝ օրինակներ ստեղծող
Երբ խոսում ենք կայունության մասին՝ խոսքը միայն գումարին չի վերաբերում, այլ՝ իրազեկմանը, ճանաչելիությանը, կապերի ստեղծմանը։ Մենք նաեւ դոնորների հետ աշխատանք ենք տանում, որ կարողանանք ծրագրեր բերել, ՏԻՄ-երին օգնում ենք, որ դիմեն դրամաշնորհների։ Սա էլ որոշակի գիտելիք, հմտություն է պահանջում։
Համայնքներում ապրողներից ոմանք առանց որեւէ մեկի աջակցության կարողանում են դիմել դրամաշնորհների, բայց կան նաեւ բնակիչներ, որ լավ բիզնեսներ, գաղափարներ ունեն, հաջողակ են, բայց բավարար չափով իրազեկված չեն, երբեւէ չեն դիմել դրամաշնորհի կամ պետական աջակցության ծրագրերի։ Այս ուղղությամբ եւս աշխատում ենք, փորձում ենք մարդկանց ուղղորդել դեպի ՏԱԽ տարածքում եղած պետական ծրագրերը, իրազեկել ու օգնել, որ օգտվեն։
Լուսանկարը` LEAD4Shirak
Որքան էլ կարծիք կա, որ մենք անհատական ազգ ենք, համագործակցությունը, գործընկերությունը մեզ խորթ չեն, նման բազում օրինակներ կան եւ Հայաստանում փորձում ենք նման օրինակներ գտնել գյուղերում զրույցների միջոցով, նաեւ ազգագրագետների հետ ենք վարժություն արել։ Ինչպես Եվրոպայում՝ մենք էլ ունենք գործընկերությունների օրինակներ, բայց այնտեղ ինստիտուցիոնալիզացրել են, ստեղծել են օրենքներ, կառույցներ, դառել են կոոպերատիվներ, մեզ մոտ մնացել են ավանդույթի տեսքով ու ժամանակի հետ մոռացվում են։ Հիմա փորձում ենք ավանդույթներին ինստիտուտի տեսք, իրավական կարգավորումներ տալ, որ ավանդույթն ավելի ամրապնդվի։ Մեր գործը ավանդույթը վերցնելը, մի պտղունց անակնկալ ավելացնելն ու մատուցելն է։ Դա նաեւ հենց ՏԱԽ կողմից կիրառվող նորարարության մոդելն է։
Լուսանկարը` LEAD4Shirak
ԼԻԴԵՐ ծրագրի միջոցով փորձում ենք փոփոխությամբ բերել երկու ուղղությամբ, մեկը հին խնդիրներին նոր լուծումներ տալն է, մյուսը՝ տեղական գործընկերության օրինակներ գտնելն է, ցույց տալը, որ իրար հետ աշխատելով ավելի մեծ արդյունքի կարելի է հասնել։ Այդ օրինակներից մեկն էլ «Խաբուխազն» է, որն իր կանոններն է ունեցել եւ մինչ օրս Շիրակի մարզում դրանից էլեմենտներ են պահպանվել։ Մենք մեզ դիտարկում ենք ոչ թե տարածքի խնդիրները լուծող, այլ՝ օրինակներ ստեղծող, ցույց տվող։ Համայնքներում փորձում ենք ցույց տալ, որ իրենց կողքի մարդը՝ մեզ հետ կամ իրար հետ համագործակցելով, օրինակ է ձեւավորել, որն իրենցից յուրաքանչյուրը կարող է կրկնել։ Ինչ գաղափարով էլ մտնել գյուղ՝ մարդկանց ակտիվ խումբ կա, որ միանգամից հավատում ու միանում է, բայց կայուն զարգացման տանում են ավելի ուշ միացողները, որոնք նախ ուշադիր հետեւում են եւ հաշվարկված միանում ծրագրին։ ՏԱԽ-երի օրինակով առաջին միացողները ստեղծեցին այդ պատմությունը, բայց նրանցից 70%-ն էլ մեզ հետ չէ։ Մյուսները, որոնք սպասում էին, թե դրանից ինչ դուրս կգա, ավելի կայուն են եւ նրանց հետ կարողանում ենք համակարգված, ինստիտուցիոնալ ճանապարհ անցնել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության եւ Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ: Հոդվածի բովանդակությունը բացառապես Lead4Shirak ծրագրի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ ներկայացնի Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության տեսակետներ:
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: