Սարկիս Իզմիրլյանը այցելել Է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն - Mediamax.am

103 դիտում

Սարկիս Իզմիրլյանը այցելել Է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն


Լուսանկարը`


Անվանի բարերար Դիկրան Իզմիրլյանի որդին՝ Սարկիս Իզմիրլյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու խնամքի կենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին եւ տրամադրվող ծառայություններին։

Նախարար Նարեկ Մկրտչյանի, նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջել են հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

 

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ շեշտելով խնամքի հաստատության սաներին տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավման կարեւորությունը։ Այս համատեքստում քննարկվել են «Իզմիրլյան» հիմնադրամի հետ հետագա համագործակցության ուղղությունները՝ ընդգծելով երեխաների լավագույն շահի ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։  

 

Արա Բաբլոյանը ներկայացրել է բուժհաստատության նախաձեռնությամբ իրականացվելիք պիլոտային ծրագրի մանրամասները, որի շրջանակում բժշկական կենտրոնի բժիշկներն (ֆիզիոթերապեվտ, հոգեբան, բժիշկ-վերականգնողաբան) անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ կտրամադրեն եւ համապատասխան աշխատանքներ կտանեն մանկատան շուրջ 30 երեխայի հետ՝ նպաստելով վերջիններիս լիարժեք սոցիալականացմանը։   

 

Նշենք, որ «Իզմիրլյան» հիմնադրամի եւ «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի միջոցով վերանորոգվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 5 մասնագիտական սենյակ․ բարեկարգվել ու կահավորվել է նաեւ ֆիզիոթերապիայի համար նախատեսված տարածքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին