Արցախցի ընտանիքները, սփյուռքի կամավորները եւ ջերմացնող ծրագիրը - Mediamax.am

exclusive
2547 դիտում

Արցախցի ընտանիքները, սփյուռքի կամավորները եւ ջերմացնող ծրագիրը


Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին սնունդ բաշխելու նախաձեռնությանը զուգահեռ՝ ձմռանն ընդառաջ, սկսեց նաեւ շարժական տաքացուցիչ բաժանել նրանց։

Ծրագրի շահառու է դարձել արդեն շուրջ 14 հազար տեղահանված ընտանիք:

 

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տաքացուցիչներ բաշխելու որոշումը ՀԲԸՄ-ում կայացրել են ուսումնասիրությունների ու մարդկանց հետադարձ արձագանքի հիման վրա:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«ՀԲԸՄ-ի անձնակազմը, կամավորները մշտապես գնում են մարզեր, հանդիպում արցախցիների հետ եւ հետադարձ կապը պահում, հասկանալու՝ թե մարդիկ տվյալ պահին ինչի կարիք ունեն ավելի շատ: Իհարկե, այդ մարդկանց կարիքներն անսպառ են, քանի որ ամեն ինչ թողել են Արցախում, բայց մենք փորձում ենք տվյալ պահի համար օպտիմալացնել այն, ինչով կարող ենք օգնել նրանց:

 

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արցախցիներից շատերը տեղավորվել են նոր բնակարաններում ու կացարաններում եւ լրացուցիչ ջեռուցման աղբյուրների կարիք ունեն: Սրանից ելնելով էլ ՀԲԸՄ-ի Նյու Յորքի կենտրոնական վարչությունը որոշեց 10 հազար տաքացուցիչ տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին: Ընթացքում հասկացանք, որ կարիքն ավելի շատ է եւ թիվը հասցրեցինք մինչեւ 14 հազար: Նախաձեռնությունը նպաստեց, որ շուրջ 60 հազար շահառու լրացուցիչ հարմարավետություն ձեռք բերի նոր տներում»,- ասում է ՀԲԸՄ Հայաստանի մարդասիրական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանը։

Լուսանկարը` ՀԲԸՄ

ՀԲԸՄ-ն տաքացուցիչների բաշխումը կազմակերպել է քաղաքապետարանների եւ համայնքապետարանների հետ համագործակցությամբ:

 

«Մարզպետարանների, համայնքապետարանների միջոցով նախաձեռնության մասին տեղեկացրել ենք արցախցիներին եւ ճշտել, թե նրանցից ովքեր ունեն տաքացուցիչի կարիք: Այնուհետեւ, տարբեր համայնքներում օրեր ենք նշանակել, մեր թիմերը դրանք տարել են համայնքապետարաններ եւ տեղում բաշխում իրականացրել: Մարզերում չի եղել այնպիսի ընտանիք, որը կարիք ունենար եւ տաքացուցիչ չստանար»,- նշում է Ինեսսա Մարգարյանը:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Ի սկզբանե, տաքացուցիչներ բաժանելու համար թիրախավորվել էին մարզերը:

 

«Մտածում էինք, որ Երեւանում դրա կարիքն այդքան էլ չկա, սակայն, սոցիալական ցանցերում բաշխելու լուսանկարները տեղադրելուց հետո, բազմաթիվ զանգեր սկսեցինք ստանալ նաեւ Երեւանում բնակվող արցախցիներից եւ հասկացանք, որ այստեղ եւս մարդիկ դրանց կարիքն ունեն: Արդեն դիմել ենք Երեւանի քաղաքապետարան, որպեսզի համայնքապետարանների միջոցով օգնեն մեզ՝ տաքացուցիչները հասցնել մայրաքաղաքում բնակվող արցախցիներին», - նշում է ՀԲԸՄ Հայաստանի մարդասիրական ծրագրերի տնօրենը:

 

Տաքացուցիչների բաշխման նախաձեռնությանն այս ընթացքում միացել են ՀԲԸՄ-ի «Հայեր համախմբվե՛ք» (ACT) ծրագրի շրջանակում Բուլղարիայից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 25 կամավոր: ACT-ը սփյուռքից այն կամավորների համար է, որոնք ցանկություն են հայտնում հայրենիքում իրենց օգնությունն առաջարկելու նմանօրինակ նախաձեռնություններում։

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Այս իրավիճակի լուսավոր կողմն այն է, թե սփյուռքի հայրենակիցները որքան սրտացավ են մոտենում այսպիսի նախաձեռնություններին: Աշխարհի տարբեր ծայրերից ՀԲԸՄ-ում գրանցված երիտասարդ կամավորները, թեկուզ մի քանի օրով, գալիս են Հայաստան եւ փորձում ինչ-որ կերպ օգտակար լինել այստեղ: Իհարկե, նյութական աջակցությունն այս պահին շատ կարեւոր է, բայց կարեւոր է նաեւ այն վերաբերմունքն ու ուշադրությունը, որը նրանք ստանում են: Մեր կամավորները օգնության առարկան ուղղակի չեն տանում, թողնում համայնքապետարանի ինչ-որ սենյակում եւ հեռանում, այլ մնում այնքան, որ դիմավորեն մարդկանց, եթե կարիքը կա, օգնում են նրանց տաքացուցիչները մինչեւ տուն տանել»,- ասում է Ինեսսա Մարգարյանը եւ հավելում, որ տաքացուցիչների բաշխումը կշարունակվի եւս մեկ շաբաթ:

 

ՀԲԸՄ Գլոբալ օգնության ֆոնդին կատարած նվիրատվությունների շնորհիվ՝ կազմակերպությունը կարողանում է ոչ միայն գործնական լուծումներ տալ առկա կամ տեղում առաջացող խնդիրներին, այլ նաեւ ցուցաբերում է Հայաստանում արցախահայության կայուն վերաբնակեցմանը նպաստող բազմակողմանի մոտեցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին