Երեւան: Մեդիամաքս: "Ջավախք” հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր ասել է, որ Ջավախքում հայոց լեզվի կարգավիճակի ամրապնդումը "բխում է եւ Հայաստանի, եւ Վրաստանի շահերից”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Շիրակ Թորոսյանը կրկին մտահոգություն է հայտնել Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատման եւ դրանց հաշվին վրացերենի դասաժամերի ավելացման կապակցությամբ:
“Մենք դեմ չենք վրացերեն լեզվի դասաժամերի ավելացմանը, պարզապես գտնում ենք, որ դա չպետք է արվի հայոց լեզվի հաշվին: Դա անընդունելի է ջավախահայերի համար”,- նկատել է Թորոսյանը:
Հայրենակցական միության ղեկավարը նշել է, որ երկու երկրների իշխանությունները պետք է անհապաղ լուծում տան այս հարցին:
Անդրադառնալով Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին՝ պատգամավորն ասել է, որ աշնանը Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ջավախքում նկատվում են “քաղաքական սրացումներ եւ հետապնդումներ ընդդիմադիր կեցվածք ցուցաբերող գործիչների նկատմամբ”:
Ըստ Թորոսյանի, սա միայն սրելու է Ջավախքում տիրող անվստահության մթնոլորտը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: