150 միջազգային գործիչներ պահանջում են ազատ արձակել հայ բանտարկյալներին - Mediamax.am

4389 դիտում

150 միջազգային գործիչներ պահանջում են ազատ արձակել հայ բանտարկյալներին


Մերի Ռոբինսոնը
Մերի Ռոբինսոնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ավելի քան 150 միջազգային հումանիտար եւ քաղաքական գործիչներ, գործարարներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ անելով ազատ արձակել հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար շարունակում են պահվել կալանքի տակ Ադրբեջանում։

Բաց նամակը, մասնավորապես, ստորագրել են Մեքսիկայի եւ Իռլանդիայի նախկին նախագահներ Էռնեստո Զեդիլյոն եւ Մերի Ռոբինսոնը, Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովին, Էլի Վիզել հումանիտար գիտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Էլիշա Վեսելը, Virgin ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Բրենսոնը, Salesforce ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, The Huffington Post-ի հիմնադիր Արիաննա Հաֆինգթոնը եւ ուրիշներ:

 

Նամակը եւ ստորագրողների ամբողջական ցուցակը հասանելի են www.FreeArmenianPrisoners.com կայքում։

 

Նամակը ստորագրած ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ եւ Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանն ասել է.

 

«Մենք կոչ ենք անում նախագահ Ալիեւին կատարել միջազգային իրավունքի հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված  անձինք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները: Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ եւ անարգել  տեղաշարժի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունք: Հաշվի առնելով COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի  ներկայացրած հայտը՝  անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնություն կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»:

 

Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնն ասել է․

 

«Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների  ապօրինի կալանավորումը խախտում է նրանց  հիմնարար իրավունքները։ Որպեսզի համաշխարհային հանրությունը հարգի Ադրբեջանի կառավարությանը, շատ կարևոր է, որ վերջինս էլ հարգի օրենքի գերակայությունը, հատկապես, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լույսի ներքո: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն կալանվածներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին