ԱՄՆ դեսպանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Երերույքի տաճարի պահպանության համար - Mediamax.am

738 դիտում

ԱՄՆ դեսպանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Երերույքի տաճարի պահպանության համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համապատասխան հուշագիր են ստորագրել նոյեմբերի 20-ին:

 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել է «Երերույքի տաճարի եւ փոքր դամբարանի ամրակայման եւ մասնակի վերականգնման նախագիծը», որն էլ կիրականացվի դրամաշնորհի շրջանակում:

 

Ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում եւ մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձեւավորում։

 

Նախարարը տեղեկացրել է, որ Սանահինի վանքում շարունակվում են Զաքարյան եւ Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների վերականգնման աշխատանքները։

 

«Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ. Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը եւ Սբ. Հարություն եկեղեցին։ Մենք հիշում ենք նաեւ Մեղրիի եկեղեցու որմնանկարների եւ Դաշտադեմի ամրոցի վերականգնման աշխատանքներին աջակցությունը եւ բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք Ձեր օգնությամբ, հարգարժան տիկին դեսպան, իրականացվել են մշակույթի եւ կրթության ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական եւ հիմք կհանդիսանա նոր ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

 

«Մեզ համար պատիվ է ներդրում ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում եւ պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին եւ ապագա սերունդներին», - ասել է Քրիստինա Քվինը։

 

ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թվականից սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ,

$ 1.4 միլիոն։

 

Երերույքի տաճարը մասնագետները թվագրում են V դ. վերջով: Տաճարը Հայաստանի վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիներից ամենահայտնին է: Դրա մեջ ներդաշնակ միաձուլված են երեք ճարտարապետական դպրոցներ: Տաճարը պահպանված բազիլիկ շինությունների հնագույն պարզ ձեւից աստիճանաբար բարդի անցման ընթացքը ներկայացնող հուշարձաններից է: Երերույքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին