Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ - Mediamax.am

5664 դիտում

Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ ու նշել՝ իրենց հայրը, որ «մարդասիրության ոլորտում հայտնի եւ ակտիվ հայ առաջնորդ է, հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության եւ ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում»:

Ռուբեն Վարդանյանի երեխաների հայտարարությունում ասվում է.

 

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին եւ լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը եւ բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առեւանգումից ի վեր եւ չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության եւ կյանքի համար:

 

Մոտ մեկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայությանն ու նրանց իրավունքները։ Նրա այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ եւ գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաեւ շրջափակման ողջ ծանրությունը:

 

Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետեւանքով սկսվեց տեղի բնակչության բռնի տեղահանումն ու արտագաղթը դեպի Հայաստան: Նրանց թվում էր նաեւ մեր հայրը, որն ադրբեջանական անցակետում հատուկ կերպով առանձնացվել է ու կալանավորել։

 

Չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության եւս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։

 

Մեր հայրը մարդասիրական գործիչ է եւ երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որն ուղղված է հենց խաղաղության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ վերջին տասնամյակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության եւ մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաեւ Շուշիի մզկիթի վերականգնման գործում:

 

Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը եւ մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլեւս երբեք չմիանալ մեր ընտանիքին:

 

Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր եւ անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները եւ կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ եւ առանց վերապահումների ազատ արձակեն: Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին