Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականատերերի միջեւ կնքվել է հաշտության համաձայնություն:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ համաձայնությունը սեպըտեմբերի 8-ին մուտք է արվել Վարչական դատարան: Դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո՝ Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի եւ 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքը) Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան:
Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին, հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը:
Հետագայում, 1992 թվականի հուլիսի 30-ին ստեղծվել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի` հանդես էր եկել որպես արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ եւ 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել էր «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: