«ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
32668 դիտում

«ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն


Լուսանկարը` Հ. Մինասյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Մինասյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյան:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Ա. Խանոյան:

Լուսանկարը` Ա. Խանոյան:

Լուսանկարը` Ա. Խանոյան:

Լուսանկարը` Ա. Խանոյան:


Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա հերոսը մայրաքաղաքի «ողջ մնացած» հազվագյուտ շենքերից մեկն է` Աբովյան 3 հասցեում տեղակայված բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի տունը, որն առավել հայտնի է  որպես «ԱՕԿՍ-ի շենք»: 1944 թվականից ի վեր այստեղ է գտնվում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը (Армянское общество культурных связей с зарубежными странами (АОКС):

Բժիշկ Հարություն Մինասյան` ԱՕԿՍ-ի շենքում պետք է հիմնել Բժշկության պետական թանգարան

Հարություն Մինասյանը պատմում է, որ ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 1915 թվականին` բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով: 1911 թ. պետական աշխատանքը թողնելուց հետո, Հովհաննես Հովհաննիսյանը Երեւանի կենտրոնում վարձակալել էր մի սեփական տուն եւ բացել քաղաքի առաջին` 10 մահճակալ ունեցող մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը:


Լուսանկարը` Ֆոտոլուր:

1915 թվականին բժիշկը իր հիվանդանոցը տեղափոխել է Աստաֆյան 39 հասցեում գտնվող նորակառույց երկհարկանի տան առաջին հարկը: Երկրորդում բնակվել է ինքը` ամուրի բժիշկը: Հիվանդանոցը ունեցել է վիրաբուժական եւ ակնաբուժական բաժանմունքներ: Հարություն Մինասյանն ասում է, որ այն համարվել է Հայաստանի թիվ մեկ բուժհիմնարկը: 1923 թվականին հիվանդանոցը եւ շենքը բռնագրավվել է խորհրդային իշխանության կողմից: Բժիշկ Հովհաննիսյանը մահացել է 1935 թվականին:

Հարություն Մինասյանն ասում է, որ շենքում 1923-44 թթ. գործել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ ինչպես ժողովուրդն էր անվանում «Մալարիայի հիվանդանոցը», որտեղ աշխատել են հայ բժշկության բազմաթիվ երախտավորներ, որոնք մեծ դեր են խաղացել մալարիայի եւ այլ տրոպիկական հիվանդությունների վերացման դժվարին խնդրում:


Լուսանկարը` Հ. Մինասյանի արխիվից:

1944 թ. շենքը տրամադրվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը (Армянское общество культурных связей с зарубежными странами (АОКС):

Հարություն Մինասյանի կարծիքով, այս շենքը պետք է վերադառնա իր արմատներին: Նա, մասնավորապես, առաջարկում է այստեղ հիմնել Բժշկության պետական թանգարան ու հույս ունի, որ այս առաջարկը կարժանանա պետական մարմինների ուշադրությանը:


Լուսանկարը` Ա. Խանոյան:

Հողատարածքը ձեռք է բերել Հուսեյն Բեկ Միրզաբեկովից

Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից մեզ տրամադրված շենքի անձնագրում կարդում ենք, որ շենքի պատվիրատուն` բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը Աստաֆյան փողոցի հողատարածքը ձեռք է բերել 1915 թ.` Հուսեյն Բեկ Միրզաբեկովից: Տան նախագծումը եւ շինարարությունը նա պատվիրել է Բորիս Մեհրաբյանին:

Լուսանկարը` Հ. Մինասյանի արխիվից:

Անձնագրում գրված է. 

«Շենքը արժեքավոր է որպես Երեւանի 20-րդ դարի սկզբի ճարտարապետության հուշարձան: Այդ ժամանակաշրջանի նման տիպի լավագույն շինություններից է»:
[context1]
«ԱՕԿՍ»-ի շենքի անձնագիրը

Նկարին սեղմելով, կարող եք ծանոթանալ շենքի անձնագրին, որը մեզ է տրամադրել Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը:



Նորա Հակոբյան` Գերման Տիտովի համար անակնկալ պատրաստեցինք

ԱՕԿՍ-ում աշխատել եմ 1971-ից մինչեւ 1988 թվականը: Առաջին ինը տարիներին ԱՕԿՍ-ի փոխնախագահն է, այնուհետեւ` նախագահը: Փայլուն կոլեկտիվ ունեինք, աշխատել եմ մեծ մտավորականների հետ: Օրինակ` Ռուբեն Պարսամյանի հետ, ով հետագայում դարձավ մեր մշակույթի նախարարը, Բրյուսովի անվան ինստիտուտի նախկին ռեկտոր Ռաֆայել Սամսոնովի եւ այլ պայծառ մարդկանց հետ: 

ԱՕԿՍ-ը գործում էր պետական-հասարակական հիմունքներով: Ըստ էության, ՀԿ էր, որը ֆինանսավորվում էր պետության կողմից: Հայաստանում կային 500-600 ընտանիքներ, որոնք ԱՕԿՍ-ի բարեկամներն էին: Մեր արտասահմանցի հյուրերին տանում էինք գյուղեր, որտեղ նրանք կարող էին տեսնել, թե ինչպես են թոնրի մեջ լավաշ թխում, «քյուֆտա գցում», խնոցի կարագ պատրաստում: Երեւանում հյուրերին տանում էինք նկարիչների արվեստանոցներ, որտեղից նրանք կարող էին սեփական դիմանկարով վերադառնալ:


Լուսանկարը` Ա. Խանոյան:

Պարտադիր տանում էինք Մատենադարան, Գառնի, Գեղարդ եւ Էջմիածին: Վեհափառ Վազգեն Առաջինի հետ հանդիպումներ էինք կազմակերպում, ով մեծագույն տպավորություն էր թողնում ցանկացած հյուրի վրա: Շատ լավ գիտակցում էինք, որ Հայաստանը այդքան էլ հայտնի չէ արտասահմանցիներին եւ անում էինք հնարավորը`մեր երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար:

Նախօրոք խնդրում էինք հյուրի մասին հակիրճ բնութագիր ուղարկել` նրա նախասիրությունների մասին եւ համապատասխան ծրագիր էինք մշակում: Իհարկե, այդ ծրագիրը պետք է հաստատվեր Կենտկոմի եւ ՊԱԿ-ի կողմից:

Երբ տիեզերագնաց Գերման Տիտովը ժամանեց Հայաստան, նախօրոք գիտեինք, որ նա անքնությամբ է տառապում: Երկար մտորումներից հետո նրան տարանք Պտղնի, դաշտում մի քարի վրա սեղան գցեցինք, եւ այդպես, լիալուսնի տակ, գինով եւ մեր ավանդական կերակրատեսակներով անցկացրեցինք գիշերը: Դա ցնցել էր Տիտովին`
երկար ժամանակ հիշում էր այդ օրը:

ԱՕԿՍ-ում ժամանակին կային 28 երկրների հետ բարեկամության ընկերություններ`իրենց նախագահներով: Օրինակ, եթե պատվիրակություն էինք ունենում Հունգարիայից, ընդունում էի ԱՕԿՍ-ում, իսկ հետո նրանցով զբաղվում էր Հունգարիայի բարեկամության ընկերությունը: Այդպիսով, ԱՕԿՍ-ն ուներ շուրջ 2650 աշխատակիցներ, որոնք աշխատում էին հասարակական հիմունքների վրա:

ԱՕԿՍ-ի պատասխանատու քարտուղար Աննա Էգիբյան

Նախորդ տարիների հետ համեմատ` այսօր մեծ քանակով միջոցառումներ չենք ունենում: Հիմնականում նշում ենք տարբեր երկրների Անկախության օրերը, արվեստագետների, գրողների  ծննդյան օրերը, կազմակերպվում են պոեզիայի երեկոներ: Միջոցառումներին մասնակցում են տարբեր երկրների հետ բարեկամության ընկերությունների անդամները: Այսօր առավել ակտիվ են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ռումինիայի եւ Բուլղարիայի բարեկամության ընկերությունները: Վերջին տարիներին մեր գործունեությունը հիմնականում կրում է մշակութային եւ գրական ձեւաչափ, սակայն փորձում ենք ուշադրություն դարձնել նաեւ գիտությանը, ավելացնել կազմակերպվող գիտական կոնֆերանսների քանակը: 

Վերեւի հարկում նկարվեց խնձորենու ծառ

Նորա Հակոբյանը պատմում է, որ շենքը վերանորոգման կարիք ուներ, սակայն մտավախություն կար, որ վերանորոգման ժամանակ կարող է ինչ-որ բան խախտվել պատմական շենքի տեսքի մեջ: Ճարտարապետների եւ նկարիչների հետ խորհրդակցելուց հետո լուծումը գտնվեց. պատերը չվնասելու համար պատեցին սպիտակ կտորով: Վերեւի հարկում նկարվեց խնձորենու ծառ, որը խորհրդանշում էր ԱՕԿՍ-ը` իր ճյուղավորումներով:


Լուսանկարը` Ա. Խանոյան:

Վերանորոգվեցին միայն զուգարանները, շարվեց մանրահատակ եւ կառուցվեց փոքրիկ դահլիճ, որտեղ տեղի  էին ունենում տարբեր համերգներ, միջոցառումներ, աշխատանքային քննարկումներ:

«ԱՕԿՍ-ի շենքի» հիմքերն ամրացվել են

Ս.թ. մայիսի սկզբին ահազանգ հնչեց, որ փորձ է արվում քանդել «ԱՕԿՍ-ի շենքը»:

Այն ժամանակ կապվեցինք ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի ու «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանի հետ, որոնք հերքեցին լուրերը Աբովյան 3 հասցեում տեղակայված «ԱՕԿՍ-ի շենքը» քանդելու մտադրության մասին:

Կարո Այվազյանը պատմել էր, որ Պուշկինի փողոցի 14 հասցեի հողամասը, որտեղ «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությունը հյուրանոց է կառուցում, գտնվում է Երեւանի պատմական միջուկի պահպանված հատվածում (հարող տարածքում պահպանվել է 17-րդ դարում կառուցված Լալայանց փողոցի մի հատվածը, որը կառուցապատված է  19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբների պատմամշակութային հուշարձան-շենքերով):

Կարո Այվազյանը ասել էր նաեւ, որ այդ հանգամանքից ելնելով, կառուցապատողին առաջարկվել է հատկացված տարածքում իրականացնել Լալայանց փողոցի կորցրած հատվածի վերականգնումը եւ Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի միջեւ ստեղծել հետիոտն կապ` փողոցի կառուցվածքի վերին շերտի ծածկույթը իրականացնելով ավանդական ձեւով:

Կառուցապատողին առաջարկվել է նաեւ հյուրանոցային համալիրի ծավալում պահպանել Աբովյան փողոցի N 3 հուշարձան-շենքի մասը կազմող կցակառույցը:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Լոկալ Դիվելոփերզ»-ի նախագահ Սամվել Մայրապետյանն ասել էր, որ այդ առաջարկներն ընկերության կողմից ընդունվել են: Նա տեղեկացրել էր նաեւ, որ արդեն իսկ խոշոր գումարներ են ներդրվել Աբովյան փողոցի N 3 ու 3/1 հուշարձան-շենքներում հիմքերի ու պատերի ուժեղացման աշխատանքների իրականացման համար:

Կարո Այվազյանից տեղեկացանք, որ համաձայնեցված նախագիծը ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան, որն էր պետք է կայացնի վերջնական որոշումը:

Նորա Հակոբյան` լորդերը Դիլիջանում օգտվում էին մեր տներից բերված սպասքով

Տարեկան առնվազն 7-10 անգամ` ՍՍՀՄ-ի մշակույթի օրերի շրջանակներում, արտերկրում ունենում էինք Հայաստանի օրեր: 

ԱՕԿՍ-ի շնորհիվ առաջին անգամ դուրս բերվեցին եւ Կիպրոսում ներկայացվեցին Հակոբ Հակոբյանի եւ Էլիբեկյան եղբայրների ստեղծագործությունները, համերգներով արտերկիր մեկնեց Գեղամ Գրիգորյանը: Առաջինն էինք ՍՍՀՄ-ում, որ արտերկրում կազմակերպեցինք ջազային անսամբլի` Դավիթ Ազարյանի տրիոյի հյուրախաղերը:

Մշակույթի օրեր ունեցանք Վենետիկում: Շատ էինք մտածում, թե ինչպես կարելի է զարմացնել իտալացիներին: Ի վերջո, երկար քննարկելուց հետո Մատենադարանից որոշ գրքերի բնագրեր դուրս բերելու թույլտվություն ստացանք: Մեզ հետ մեկնեց նաեւ Կոմիտասի քառյակը` այն կարողանում էր «բացել բոլոր դռները»: Հոգեւոր երաժշտությունը ներկայացնում էր Լուսինե Զաքարյանը: 

Երբեմն պատահում էր, որ Կենտկոմը մերժում էր, եւ ստիպված էինք պայքարել`այս կամ այն անվանի արվեստագետի արտերկիր մեկնելու թույլտվության համար, հաճախ`մեր անձնական պատասխանատվության ներքո:


Լուսանկարը` Ա. Խանոյան:

Մի օր մտահաղացում ծագեց մեր ավանգարդիստ նկարիչներին ուղարկել արտասահման, թույլտվություն ստանալու համար մեկնեցինք Մոսկվա: Այդ տարիներին ամենաողջունելի ուղղությունը սոցռեալիզմն էր, ու մեծ դժվարությամբ համոզեցինք, որ պետք է ցույց տալ, ապացուցել, որ մենք կարող ենք ստեղծագործել ոչ միայն այդ ոճում: Ի վերջո ստացվեց «խառը» ցուցահանդես` մի պատին փաքցրած էին ավանգարդիստների ստեղծագործությունները, մյուս պատին` սոցռեալիզմի ներկայացուցիչների: Մեր նկարիչների «կորիզի» ղեկավարն էր Վանիկ Շարամբեյանը, ով մեծ սիրով էր կատարում իր գործը: 

«Աօկսականները» առանձնակի նվիրումով էին աշխատում: Մի օր, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, մեզ մոտ պետք է ժամանեին միանգամից 11 անգլիացի լորդեր: Միջոցառումը պետք է կայանար Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը: Չափազանց լուրջ էինք մոտեցել կազմակերպչական հարցերին` Ռուսաստանից եկել էր պատասխանատու անձ եւ զգուշացրել, որ լորդերի համար շատ կարեւոր է, թե ինչ անկողնում պետք է քնեն, ինչ սպասքով օգտվեն եւ այլն: Մեր տներից հավաքեցինք լավագույն սպիտակեղենը, սրբիչները, սպասքը եւ այդ բոլորը տարանք Դիլիջան: Հետո լորդերը մեկնեցին Մոսկվա եւ չափազանց տպավորված պատմում էին, որ Հայաստանը շատ հարուստ երկիր է, քանի որ սովորական հանգստյան տան ճաշարանում կերակուրները մատուցվում են ճենապակյա եւ բյուրեղապակյա սպասքով, իսկ անկողնային պարագաները առանձնանում էին հատուկ նրբագեղությամբ:

Ամբողջ աշխարհից Հայաստան էին ժամանում տարբեր կոլեկտիվներ, նկարիչներ, գրողներ, քաղաքական գործիչներ: Ամենատպավորիչ այցերից մեկը ինձ համար լեհ նկարչուհի Էլիս Ստակովսկու այցն էր: Դեռ Լեհաստանում  ուսումնասիրելով   Հայաստանի պատմությունը, նա սիրահարվել էր մեր երկրին եւ սկսել էր նամակներ գրել `իրեն Հայաստան հրավիրելու խնդրանքով: Մեզ հաջողվեց իրեն հրավիրել Հայաստան` անհատական ցուցահանդեսով: Հայրենիք վերադառնալուց հետո նա ամբողջ տարի աշխատեց եւ կրկին ժամանեց մեզ մոտ` նոր ցուցահանդեսով, որը կոչվում էր` «Հայաստանն իմ աչքերով»: Այնքան էր սիրում մեր երկիրը, որ ցանկանում էր կրկին եւ կրկին վերադառնալ:



Սակայն ես իրավունք չունեի երկու անգամից ավելի նույն մարդուն հրավիրել, իսկ նա, հեռախոսազրույցներում ինձ ասում էր «չեմ կարող չգալ, հասկացիր, դա կյանքի հարց է»: Որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո Էլիս Ստակովսկան մեկ անգամ եւս  եկավ Հայաստան`արդեն իմ անձնական հյուրի կարգավիճակով:

ԱՕԿՍ-ն ինձ համար մնացել է անուրջների, ստեղծագործական աշխատանքի, միմյանց սիրելու, հարգելու, միմյանց հետ կապված լինելու, նվիրված կոլեկտիվում աշխատելու ժամանակահատված:

«Հայաստանն այսօր»

Քսան տարի շարունակ ԱՕԿՍ-ը հրատարակում էր «Հայաստանն այսօր» տեղեկատուն, որի անփոփոխ գլխավոր խմբագիրն էր Կոնստանտին Խանդոյանը: 



Տեղեկատուն հրատարակվում էր 5 լեզուներով եւ ուղարկվում տասնյակ երկրներ:

«Հայաստանն այսօր» տեղեկատուն ներկայացնում էր Խորհրդային Հայաստանի գիտական, մշակութային կյանքի մասին պատմող կարեւոր իրադարձությունները:

Այվազովսկու կտավի ոդիսականը

1990 թվականին ԱՕԿՍ-ի շենքը վերանորոգվում էր, ինչից օգտվեցին չարամիտ հանցագործները` գողանալով Հովհաննես Այվազովսկու "Буря у скалистого берега" նկարը: Այն ԱՕԿՍ-ին 1957 թվականին նվիրել էր Ֆրանսիայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը:

Հայաստանի ներկայիս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով 1990 թվականին ԱՕԿՍ-ի վարչությունում էր աշխատում, պատմել էր, որ հանցագործները շենք էին մուտք գործել պատշգամբից ու կտրել էին նկարը շրջանակի միջից:



Երկար տարիներ նկարի որոնումները որեւէ արդյունքներ չէին տալիս: Եվ ահա 2011թ. փետրվարին հայտնի դարձավ, որ "Буря у скалистого берега" նկարը պետք է վաճառքի հանվի Մոսկվայի «Գելիոս» աճուրդային տանը: Նկարի սեփականատերը ՌԴ Դաշնության Խորհրդի անդամ Հովհաննես Օհանյանն էր: Տեղեկանալով նկարի ճակատագրի մասին, նա որոշեց հանել կտավը աճուրդից եւ վերադարձնել այն Հայաստանին:

2011թ. ամռանը Հովհաննես Օհանյանը բերեց կտավը Երեւան ու փոխանցեց Հայաստանի Ազգային Պատկերասրահին:

ԱՕԿՍ-ի նախագահ, ԱՊՀ-ի երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Սմբատյան` շենքը շարունակում է համախմբել մտավորականներին

Խորհրդային տարիներին առանձնապես չէինք կենտրոնանում նրա վրա, որ «ԱՕԿՍ-ի շենքը» պատմական շենք է: Տարիներ անց միայն ընկալեցինք, որ սա այն եզակի կառույցներից է, որը կարող է փոխանցել Երեւանի 20-րդ դարի մթնոլորտն ու արժեքները: Ինձ համար շատ արժեքավոր է այն, որ շենքը շարունակում է համախմբել մտավորականներին`արվեստի, գիտության, կրթության մարդկանց` ծառայելով որպես կիրթ մարդկանց յուրահատուկ «ակումբ»:

ԽՍՀՄ տարիներին արտասահման մեկնելը կամ արտասահմանյան կազմակերպությունների հետ որեւէ կապեր հաստատելը գրեթե անհնարին էր: Եզակի հնարավորություններից մեկը ԱՕԿՍ-ն էր: Բոլոր նրանք, ովքեր կապված էին ԱՕԿՍ-ի հետ, «բարձր դասի» մարդիկ էին համարվում:

ԱՕԿՍ-ի նախագահն եմ 1997 թվականից: 1990-ական թվականներից ի վեր փորձում էինք պահպանել այն կապերը, որոնք հաստատված էին նախկինում: Չեմ կարող ասել, որ կարողացել ենք պահպանել բոլորը` դժվար է գործել առանց պետական աջակցության ու ֆինանսավորման:

ԱՕԿՍ-ի անվանումը պահպանել ենք որպես բրենդ: Փորձում ենք պահպանել պատմությունը` առաջ նայելով: Այս շենքը մարդկանց միջեւ եղած կապի անբաժանելի մասն է հանդիսանում: Պատրաստվում ենք ավելի գեղեցկացնել այն` մաքրել, լուսավորել եւ պահպանել որպես մտավորականների կենտրոն:

Նախագծի վրա աշխատել են`
Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Դավիթ Ալավերդյանը, Կարեն Անտոնյանը, Արմինե Մելքոնյանը:

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին