Գարիկ Մարտիրոսյան. «Թշնամու նպատակն է, որ չժպտանք, կյանքի համը կորցնենք» - Mediamax.am

exclusive
4470 դիտում

Գարիկ Մարտիրոսյան. «Թշնամու նպատակն է, որ չժպտանք, կյանքի համը կորցնենք»


Գարիկ Մարտիրոսյանը
Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Մարտիրոսյանը
Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Մարտիրոսյանը
Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լենա Գեւորգյանը զրուցում է Գարիկ Մարտիրոսյանի հետ
Լենա Գեւորգյանը զրուցում է Գարիկ Մարտիրոսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Մարտիրոսյանը
Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Մարտիրոսյանը
Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանին պակասում է միայն խաղաղությունը, մնացած ամեն բան մեր ժողովուրդը կարող է ստեղծել՝ վստահ է հումորիստ, հեռուստահաղորդավար եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Մեդիամաքսի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ նույնիսկ դժվար իրավիճակներում, պետք է շարունակել մարդկանց ժպիտ պարգեւել:

 

- Ռուսների թիվը Հայաստանում հիմա բավական մեծ է, «понаехали» արտահայտությունն արդեն կիրառելի է նաեւ իրենց պարագայում: Դուք այդ կապակցությամբ նոր հումորներ լսե՞լ եք:

 

- Ինձ ուրախացում է այն փաստը, որ Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս: Որքան շատ տարբեր ազգերի ներկայացուցիչներ գան, այնքան մշակութային շփումներն ավելի շատ կլինեն, կավելանան գործարար կապերը, ներդրումները: Այդ թեմայի շուրջ հումորներ էլ արդեն կան՝ նույնիսկ մի երգ ենք գրել՝ «Հայեր իրար մի կերեք», այնտեղ այդ մասին էլ է խոսվում: Բայց միայն բարի բաներ ենք ասում:

 

- Ռուսաստանի կատակերգական դաշտում հումորները կովկասցիների եւ հայերի մասին կարծրատիպային են եւ տարիներ շարունակ չեն փոխվում: Ինչո՞ւ է այդպես, եւ արդյո՞ք դա չի ազդում նաեւ հայերի մասին ունեցած կարծիքի ձեւավորման վրա:

 

- Իմ կարծիքով, հումորները տարբեր են, գուցե Ձեզ որեւէ ելույթ դուր չի եկել եւ այդ պատճառով եք դա նշում: Նորմալ  մարդիկ եւ´ Ռուսաստանում, եւ´ այլուր հայերին գիտեն լավ կողմից: Պետք չէ հումորին շատ լուրջ վերաբերվել: Գտնում եմ, որ հումորը չի կարող կարծիք ձեւավորել:

 

- Վերջերս նկատել եմ, որ հումորիստների ելույթներում՝ հատկապես Ռուսաստանում, հայհոյանքը չափազանց շատ է: Ձեր կարծիքով ինչի՞ համար է դա արվում:

 

- Համացանցը ազատություն է տվել երիտասարդներին, եւ վերահսկել այդ ամենն արդեն չի լինի: Միայն Ռուսաստանում չէ, այդ միտումն ամեն տեղ է նկատելի: Ուղղակի հիմա այնպիսի շրջան է, երբ այդպիսի հումորը իսկապես մեծ պահանջարկ ունի:

Գարիկ Մարտիրոսյանը Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվ հետո, մարդու բառապաշարը պետք է ների, որ նա հումոր անի, կամ կատակի առանց հայհոյանքի: Շատ դեպքերում երիտասարդ հումորիստներն իրենց ելույթներում հայհոյանք են օգտագործում, որովհետեւ դա մարդկանց ծիծաղեցնելու ամենակարճ ճանապարհն է: Հեշտ է հայհոյանքի օգնությամբ միտքը ավելի սրել եւ շեշտել դրական կամ բացասական պահերը: Իմ ելույթներում երբեք հայհոյանք չի եղել, որովհետեւ ինձ համար դա ընդունելի չէ:

 

- Գիտեմ, որ հումորային ֆիլմերի նախագծերի վրա եք աշխատում: Երբեւէ մտածե՞լ եք Հայաստանի պատմությանը, մշակույթին առնչվող որեւէ նախագիծ սկսել: Այսպիսի ֆիլմերի բաց կա, չե՞ք կարծում:

 

- Այն, ինչ տեսել եմ որպես հեռուստադիտող, ինձ դուր չի եկել: Կարծում եմ, եթե լայն զանգվածների շրջանում հարցում անցկացնենք, կպարզվի՝ իրենց էլ դուր չի եկել: Ինքս զբաղվում եմ հումորով եւ երբ փորձում եմ զբաղվել այլ գործունեությամբ՝ ինձ մոտ շատ վատ է ստացվում: Եվ հետո, կարծում եմ, որ այդ պատմություններն առաջին հերթին պետք է պատմվեն դպրոցում եւ ընտանիքում:

Գարիկ Մարտիրոսյանը Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե նույնիսկ շատ լավ եւ լուրջ ֆիլմ նկարվի, դրա դիտումը ընդամենը մեկուկես ժամ կտեւի: Ավելի կարեւոր է այն՝ ինչ կստանան տանը եւ դպրոցում: Եթե տանը կամ դպրոցում երեխային չեն ծանոթացրել Հայոց պատմությանը, ինչքան ուզում ես ֆիլմ նկարի՝ այդ բացը չես լրացնի:

 

- Այս օրերին բոլոր հայտնի մարդկանցից սպասում են, որ նրանք կարծիք հայտնեն Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների մասին:

 

- Ես, ի տարբերություն իմ հայրենակիցների մեծ մասի, քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում:

 

Բոլորը համոզված են, որ իրենք քաղաքականությունից, աշխարհագրությունից, միկրոբիոլոգիայից շատ լավ են հասկանում, իրենց համար ամեն ինչ շատ պարզ է, եւ իրենք շատ ճիշտ մեկնաբանություններ են անում եւ ճիշտ գնահատականներ տալիս: Ես համարձակ մարդ եմ եւ համարձակ հայտարարություն եմ ուզում անել. ես քաղաքականությունից լավ չեմ հասկանում եւ գտնում եմ, որ ես դրանով չպետք է զբաղվեմ:

 

- Պատերազմից հետո ե՞րբ հասկացաք, որ կատակելն արդեն տեղին է:

 

- Ես երբեք Հայաստան զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ գալիս: Գալիս եւ մնում եմ տարվա մեծ մասը: Սկզբում իրավիճակը շատ բարդ էր, առաջին ամիսներին չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է Հայաստանում շարունակել հումոր անել, հումորային նախագծեր անել: Հետո մի կարեւոր բան հասկացա. մեր թշնամու նպատակն է, որ մենք էլ չժպտանք, չուրախանանք, կյանքի համն ու հոտը կորցնենք ու ճնշված ապրենք:

Գարիկ Մարտիրոսյանը Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտակցելով դա՝ հումորիստներին համախմբեցի այն մտքի շուրջ, որ մենք էլ պետք է մեր գործը շարունակենք լավ անել, որովհետեւ մեր գործի իմաստը մարդկանց ժպիտ պարգեւելն է: Մեր գլխավոր խնդիրն է, թույլ չտալ, որ մեր երեխաները իրենց ընկճված զգան: Նրանց մոտ չպետք է տպավորություն ստեղծվի, որ մենք ինչ-որ բանով վատն ենք մնացածից: Հոգեբանության մեջ այսպիսի մի տեսություն կա. երբ երեխային ընտանիքում ծնողները չեն սիրում, երեխան մեծանում եւ սկսում է ոչ թե ծնողներին, այլ ինքն իրեն չսիրել:

 

- Ռուսաստանաբնակ իմ ծանոթներն ասում են, որ պատերազմից հետո այնտեղի հայերի քայլվածքն է նույնիսկ փոխվել է, կարծես կոտրված լինեն: Հիմա ինչպիսի՞ իրավիճակ է:

 

- Ես հենց դա եմ ասում: Փորձում ենք այնպես անել, որ մեր կեցվածքն ու տրամադրությունը մի քիչ վերականգնվեն: Մենք պետք է հասկանանք, որ չեն լինում միայն պարտություններ, կամ միայն հաղթանակներ: Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ երկուսն էլ լինում են:

 

Հայաստանի պատմության մեջ ե՛ւ հաղթանակներ են եղել, ե՛ւ պարտություններ: Այս պահին այսպես եղավ, բայց դա չի նշանակում, որ մենք այլեւս հաղթանակներ չենք ունենալու: Եկեք գնանք դեպի հաղթանակները: Ես այդ գործում իմ լուման եմ դնում հումորի տեսքով, ուրիշ բան չեմ կարող անել:

Գարիկ Մարտիրոսյանը Գարիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կանցնի 30 տարի եւ մենք մեր երկրի զարգացման պտուղները կտեսնենք: Դուք նայում միայն այսօրվան, ես մտածում եմ նաեւ վաղվա մասին: Քիչ ժամանակ է անցել Խորհրդային միության փլուզումից հետո, հիշեք՝ ինչպիսի խնդիրներ ենք ունեցել:

 

 

- Վերջերս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն ասել էր, որ մեր սփյուռքը բավարար ջանքեր չի գործադրում մեր երկրին օգնելու համար, հակառակ դեպքում Հայաստանը ծաղկուն երկիր կլիներ:

 

- Ես համաձայն չեմ: Շատ են օգնում եւ այդ օգնությունը գալիս է ամբողջ աշխարհից: Անտարբեր մարդիկ էլ կան, բայց չի կարելի կենտրոնանալ հենց նրանց վրա: Եկեք ավելի շատ դրականի վրա կենտրոնանանք: Շատերը նույնիսկ փոքր գումարներ ունենալով՝ օգնել են եւ օգնում են:

Լենա Գեւորգյանը զրուցում է Գարիկ Մարտիրոսյանի հետ Լենա Գեւորգյանը զրուցում է Գարիկ Մարտիրոսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ, որ լավ մարդիկ, հայրենասեր մարդիկ պետք է միասին լինեն, բռնվեն իրարից եւ չհիասթափվեն: Եթե մենք անդադար մեր մեջ թերություններ փնտրենք, դա լավ տեղ չի տանի: Այդ իմաստով մենք շատ բաց ազգ ենք՝ խոսում ենք մեր խնդիրների, մեր սխալների մասին, ոչինչ չենք թաքցնում: Երբեմն նույնիսկ չափից շատ են խոսում այդ մասին:

 

-Իսկ ինչո՞ւ են հայերը ուզում բոլորին դուր գալ, եւ ապացուցել, որ մենք լավն ենք, տաղանդավոր ենք եւ այլն:

 

- Երեւի, մեզ համար տարօրինակ է, որ երբեմն մեր մասին սխալ պատկերացում են ունենում: Ուզում ենք ցույց տալ, որ մենք այդպիսին չենք: Դա ապացուցելու ցանկությունը գալիս է նրանից, որ մենք իսկապես այդպիսին չենք, մենք անկեղծ ուզում ենք, որ մեզ ճանաչեն:

 

- Ունեք բազում ծրագրեր եւ դրանք հաջողությամբ իրականացնում եք, իսկ երազանքնե՞ր ունեք:

 

- Եթե մենք անվտանգության խնդիր չունենանք, ես հավատում եմ, ես համոզված եմ, որ մեր ազգը այնքան աշխատասեր է եւ խելացի, է որ ամեն ինչ շատ լավ կլինի: Ես միայն երազում եմ, որ մեր տղաներին էլ չկորցնենք, միայն դա: Եթե խաղաղություն լինի, մենք լավագույնը կլինենք:

 

Զրուցել է Լենա Գեւորգյանը

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին