Քշիշտոֆ Զանուսի. «Գիտությունը երբեք չի ապացուցի այն, ինչ ասում է հավատքը» - Mediamax.am

2600 դիտում

Քշիշտոֆ Զանուսի. «Գիտությունը երբեք չի ապացուցի այն, ինչ ասում է հավատքը»


Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս

Լուսանկարը` Մեդիամասքս


Լեհ աշխարհահռչակ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին հունիսի 27-ին Վանաձորում էր, որտեղ այս օրերին անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 10-րդ փառատոնը։

 

Իր հետ հանդիպման եկած հանդիսատեսին նա պատմել է Երկրորդ աշխարհամարտի տարիների հետ համընկած իր մանկության մասին, խոսել ֆիզիկայից, փիլիսոփայությունից, կինոյի աշխարհում իր կոչումը գտնելու, երջանկության, Աստծո, մահվան ու հավերժական կյանքի մասին։

Լուսանկարը` Մեդիամասքս

Մոտ երկու ժամ տեւած հանդիպմանը լեհ ռեժիսորը պատասխանել է կինոսերների հարցերին, խոսել նոր ֆիլմեր նկարելու իր ցանկության մասին։ «Թեեւ ասում են, որ Աստված ծիծաղում է ծեր մարդկանց ծրագրերի վրա»,- կատակել է նա։

 

Միշտ ցանկանում էի տպավորություն գործել իմ հարուստ բարեկամների վրա

 

Ես ունեի հարուստ բարեկամներ Իտալիայում, որոնք ինձ առաջարկում էին կրթաթոշակ՝ այնտեղ սովորելու, հետո իրենց մոտ աշխատելու համար։ Ես հրաժարվեցի եւ կարծում էի՝ դա իմ կյանքի մեծագույն սխալն էր։ Բայց այսօր երջանիկ եմ իմ ընտրության համար։

Լուսանկարը` Մեդիամասքս

Ես միշտ ցանկանում էի տպավորություն գործել նրանց վրա, ուզում էի հասկանան՝ ես էլ արժեքավոր բան եմ անում։ Եկավ 1980 թվականը։ Իմ ֆիլմը՝ «Կոնտրակտ»-ը, պետք է ցուցադրվեր Վենետիկի փառատոնում՝ մրցանակաբաշխությունից հետո։ Շատ հանդիսավոր ցուցադրություն էր։ Ես հրավիրեցի իմ իտալացի բարեկամին, փառատոնի տնօրինությանը խնդրեցի նրան տեղ հատկացնել Իտալիայի վարչապետի կողքին։ Չէի կարողանում պատկերացնել, թե ուրիշ էլ ինչ կարող եմ անել։ Ամեն ինչ ստացվեց, ֆիլմը շատ բարձր ծափահարություններով ընդունվեց։ Մտածեցի՝ վերջապես, հիմա բարեկամներիս աչքին ինչ-որ արժեք ունեմ։

Լուսանկարը` Մեդիամասքս

Հանդիսությունն ավարտվեց, դուրս եկանք, իսկ նա սկսեց խոսել այն մասին, թե ինչ գինի պիտի խմենք այսօր, եւ ոչ մի խոսք ֆիլմիս մասին։ Հաջորդ օրը նորից հանդիպեցինք։ Ասաց՝ Քշիշտոֆ, ես չէի պատկերացնում, թե դու ինչ մեծ հաջողություն ունես։ Ասացի՝ հարազատս, բայց դու երեկ ինձ հետ էիր, դու տեսար, թե ինչպես են ծափահարում։ Պատասխանեց՝ գիտե՞ս, երբ ես մտնում եմ իմ գործարաններ, աշխատողները միշտ ծափահարում են, դա նորմալ է։ Բայց այսօր, երբ իտալական թերթերի առաջին էջերին տեսա մեր ազգանունը, հասկացա, թե ինչ կարեւոր դիրք ես զբաղեցնում։ Այդ թերթերում տպագրվելու համար մեկ քառակուսի սանտիմետրը գիտե՞ս ինչ արժե, իսկ դու դա համար ոչինչ չես վճարել։ Եվ այդպես,  մեր ընտանիքում գտա իմ տեղը։

 

Կարող ենք մի բաժակ սուրճ պակաս խմել ու փրկել որեւէ մեկի կյանքը

 

Եթե առիթ ունենաք նայելու իմ վերջին ֆիլմը, ուշադրություն դարձրեք մի մանրուքի վրա։ Ամբողջ Եվրոպայում կան հեռուստահաղորդումներ, որոնց նպատակն է գումար հավաքել ինչ-որ մեկի, հատկապես՝ երեխաների կյանքը փրկելու համա, որովհետեւ դեղերն ու վիրահատություններն աներեւակայելի թանկ են։ Եթե ծնողները գեղեցիկ արտասվում են էկրանի առջեւ, գումարը հավաքվում է 10 րոպեում, որովհետեւ այդ պահին միլիոնավոր մարդիկ սեղմում են իրենց հեռախոսի կոճակները։ Իսկ եթե ծնողները չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները, մարդիկ գումար չեն փոխանցում։

Լուսանկարը` Մեդիամասքս

Կարծում եմ, որ 50 տարի հետո մենք սա կդիտարկենք որպես մեր ժամանակների բարբարոսություն։ Մենք կարող ենք մի բաժակ սուրճ պակաս խմել ու փրկել որեւէ մեկի կյանքը։ Բայց չենք փրկում, կամ փրկում ենք մեկինը, բայց մյուսը մնում է առանց օգնության։ Այս հարցն ինձ շատ է հուզում, անտանելի է թվում, բայց կյանքում այդպիսի անտանելի բաներ շատ կան։ Ցավոք, մենք ստիպված ենք ապրել դրանց հետ, բայց՝ նաեւ պայքարել դրանց դեմ։

 

Հաճույքը  կեղծ իդեալ է

 

Ամերիկայում՝ Կոլորադոյում էինք։ Տարկովսկին հանդիպել էր արվեստասերների հետ։ Ինձ խնդրել էին օգնել թարգմանության հարցում։ Երիտասարդնեից մեկը ձեռք բարձրացրեց ու հարցրեց՝ պարո՛ն Տարկովսկի, խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ, որ երջանիկ լիենեմ։ Տարկովսկին նյարդայնացավ այդ հարցից, բայց ես փորձեցի նրան հանգստացնել. եթե հարցը հիմար է, ասա՝ ինչո՞ւ է հիմար։ Բառացի չեմ կարող վերարտադրել նրա պատասխանեց, մոտավորապես այսպես ասաց՝ մտածեք, թե որն է այս կյանքում ձեր կոչումը, որովհետեւ աշխարհը կարող էր գոյություն ունենալ առանց մեզ, եւ առանձնապես մեծ տարբերություն չէր լինի։ Պետք է հասկանալ՝ ո՞րն է մեր  նպատակը եւ իրականացնել այն։ Իսկ այդ ընթացում երջանիկ կլինե՞ք, թե՝ ոչ, կարեւոր չէ։

Լուսանկարը` Մեդիամասքս

Այդ առումով նա ճիշտ էր։ Ամենագլխավորն այն է, որ հասկանանք՝ եթե գնում ենք դեպի մեր նպատակ եւ զգում ենք, որ դա մեր կոչումն է, ապա կարեւոր չէ՝ մեզ հարմար է, թե՝ ոչ, լավ, թե վատ ենք զգում։ Այսօր չափազանց շատ ենք անհանգստանում այն մասին, որ մեզ հաճելի լինի։ Բայց երջանկությունը դրանում չէ, հաճույքը կեղծ իդեալ է, որն այսօր շատ տարածված է նաեւ փոփ մշակույթում։

 

Բոլորը ցանկանում էին, որ իրենց տանն էլ հայտնվեն հայկական աչքեր

 

Հայերի նկատմամբ ջերմ վերաբերմունքը շատ տարածված էր Լեհաստանում, որովհետեւ ունեինք բավականին մեծ հայկական սփյուռք։ Դրանք հարուստ, կրթված մարդիկ էին, իսկ նրանց աղջիկներն գեղեցիկ աչքեր ունեին։ Բոլորը ցանկանում էին, որ իրենց տանն էլ հայտնվեն հայկական աչքեր։

Լուսանկարը` Մեդիամասքս

Բացի այդ, մենք դեռ դպրոցից անցել ենք, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, դուք ավելի զարգացած էիք, քան՝ ֆրանսիացիները, նույնիսկ Իտալիան էր պակաս զարգացած։ Եվ ի՞նչ եղավ պատմության ընթացքում, որ ձեր բախտը չբերեց։ Իհարկե, մենք դա հասկանում ենք, որովհետեւ մենք էլ երկու հարեւանների միջեւ ենք, որոնք պատմության ընթացքում մեզ այնքան էլ չեն օգնել։

 

Մի տրցակ տետր էի բերել Հայաստան

 

Առաջին անգամ Հայաստան եկա 1970-ականներին։ Հետս մի տրցակ տետր էի բերել, Լեհաստանի հայ երեխաների տետրերը, որոնք կրոն ու հայերեն էին ուսումնասիրում։ Նվիրեցի Վազգեն Առաջին կաթողիկոսին, շատ ուրախացավ, շատ օրիգինալ նվեր էր։

 

Աչքերով մեր տեսածը միայն մոտավոր ճշմարտությունն  է

 

Գիտությունը երբեք չի կարող ապացուցել այն, ինչ ասում է հավատքը, որովհետեւ եթե ապացուցեր, հավատք գոյություն չէր ունենա։ Գիտությունն այսօր հուշում է, որ աշխարհը լեցուն է գաղտնիքներով, եւ աչքերով մեր տեսածը միայն մոտավոր ճշմարտությունն է, իսկ իսկականը շատ ավելի բարդ է, պարադոքսալ եւ չի համընկնում մեր ամենօրյա փորձառության հետ։

Լուսանկարը` Մեդիամասքս

Եվ առաջ է գալիս միտքը, որ գուցե դարերի ընթացքում մարդկությունն այնքան էլ չէր սխալվում, երբ հավատում էր, որ կա Էություն, որը մեզնից վեր է, որը գոյություն ունի այլ տարածություններում, որը ժամանակի հետ այլ հարաբերության մեջ է։ Իմ վերջին ֆիլմերում ես փորձել եմ այս հարցերին անդրադառնալ։

 

Պե՞տք եմ ես Նրան, թե՝ ոչ, Նա ինձ կասի ահեղ դատաստանի օրը

 

Այդ հարցն ինձ դուր չի գալիս, որովհետեւ եթե Աստված կա, դա ինձ արդեն ուրախացնում է։ Ես չեմ ուզում, որ Աստված լինի պատրանք, դեղ իմ միայնության, իմ անհույս կյանքի։ Ես կուզենայի վստահ լինել, որ Նա կա։ Իսկ պե՞տք եմ ես Նրան, թե՝ ոչ, Նա ինձ կասի ահեղ դատաստանի օրը։ Ես միշտ զգուշավոր եմ, որ չխոսեմ Նրա անունից։

    

Ես կյանքը ստացել եմ որպես պարգեւ

 

Մահը կա իմ բոլոր ֆիլմերում։ Ես դրա մասին հաճույքով չեմ պատմում, բայց պարտավոր եմ անընդհատ մտածել այդ մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը վերապրածները գիտակցում են, որ իրենք ողջ են մնացել, իսկ իրենց կողքին ապրող մարդիկ չկան։ Միանգամից հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ, ո՞վ է որոշում՝ ճակատագի՞րը, թե՝ Աստված։ Եթե Աստված, ուրեմն՝ ո՞րն է դրա նպատակը, ինչո՞ւ եմ ես ողջ մնացել, ի՞նչ պիտի անեմ, որպեսզի վճարեմ դրա համար։

Լուսանկարը` Մեդիամասքս

Ինձ զարմացնում է, որ վերջին 20-30 տարիներին երիտասարդները, որ ապրում են առանց պատերազմի, համարում են, որ ունեն կյանքի իրավունք։ Իսկ ինձ համար դա ոչ թե իրավունք է, այլ՝ առավելություն։ Ես հնարավություն եմ ստացել, «բոնուս», ողջ եմ մնացել, իսկ մյուսներն առանց «բոնուսի» արդեն վաղուց գերեզմանում են։ Ես կյանքը ստացել եմ որպես պարգեւ, ոչնչով չեմ վաստակել այն։

 

Ով ունի այդ հույսը, նրա համար, գուցե, հեշտ է մահանալը

 

Ես միշտ հույս ունեմ, որ մահից հետո կյանքը շարունակվում է, դրա համար չեմ հուսահատվում։

 

Հավերժական կյանքի ապացույցներ այս աշխարհում երբեք չի լինի։ Բայց կա հույս, եւ ով ունի այդ հույսը, նրա համար, գուցե, հեշտ է մահանալը։

 

Լռությունն այսօր ինչ-որ անթույլատրելի բան է

 

(«Եթե տրվեր մեկ րոպե, որի ընթացքում ամբողջ աշխարհը լսելու է Ձեզ, ի՞նչ կասեիք» հարցին ի պատասխան-հեղ․)  

Լուսանկարը` Մեդիամասքս

Գուցե շատ օգտակար լիներ ոչինչ չասելը, որովհետեւ մարդկանց համար լռությունն այսօր ինչ-որ անթույլատրելի բան է։ Եթե ամբողջ աշխարհը մեկ րոպե լռեր, կարծում եմ՝ դա  բոլորիս շատ կօգներ գտնել մեր խորքը։

 

Արվեստը մի քիչ նման է դեղձանիկի․ եթե լավ չի երգում, ուրեմն՝ մեր կյանքը թունավորված է ինչ-որ բանով

 

Մի չեխ աստվածաբան կա, որը հետաքրքիր միտք է ասել՝ մենք առաջին անգամ ապրում ենք «լիքը ստամոքսի» քաղաքակրթությունում։ Ոչ ոչ չի ուզում քաղցել, բացի նրանցից, ովքեր գիտեն, որ քաղցը ինչ-որ բանի համար օգտակար է, օրինակ՝ մարզիկները գիտեն, որ սոված կարող են ավելի արագ վազել։

 

Մեզ համար նոր փորձառություն է, որ ապրում ենք առանց սովի, չենք վախենում ձմռանից եւ առաջին անգամ կարող ենք անպատասխանատու լինել, որովհետեւ ինչ-որ մեկը մեր փոխարեն պատասխանատվությունը կվերցնի իր վրա։ Մեծ քաղաքներում անհնար է սովից մեռնել, անպայման որեւէ մեկը ձեզ կգտնի եւ կտա մի աման ապուր։ Իսկ ինչպե՞ս է դա անդրադառնում մշակույթի վրա, երբ մենք ապրում ենք առանց վախի, մինչդեռ վախը մեզ անհրաժեշտ է։

Լուսանկարը` Մեդիամասքս

Այն դարաշրջանում, երբ չկային էլեկտրական սարքեր, հանքափորները, հատկապես՝ ածխի հանքում աշխատող, վախենում էին գազից եւ իրենց հետ հանք էին տանում վանդակով դեղձանիկներ։ Երբ դեղձանիկը չէր երգում, ուրեմն՝ գազի վտանգ կար, պետք էր արագ հեռանալ։ Արվեստը մի քիչ նման է դեղձանիկի․ եթե լավ չի երգում, ուրեմն՝ մեր կյանքը թունավորված է ինչ-որ բանով։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Աշոտ Գեւորգյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին