«Սասունցի Դավիթը» կներկայացվի պատկերապատման ժանրում - Mediamax.am

exclusive
2851 դիտում

«Սասունցի Դավիթը» կներկայացվի պատկերապատման ժանրում


Գոհար Գասպարյանը, Անի Եղիազարյանը, Տիգրան Մանգասարյանը, Մարիամ Մալխասյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը
Գոհար Գասպարյանը, Անի Եղիազարյանը, Տիգրան Մանգասարյանը, Մարիամ Մալխասյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանը
Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Վան Աշուղաթոյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Գասպարյանը
Գոհար Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննես Թումանյանի գրականությունը վաղուց արդեն գրքից դուրս է եկել եւ դարձել կինո ու թատրոն, մուլտֆիլմ ու օպերա, քանդակ ու գեղանկար։ Շուտով Թումանյանը կներկայանա նաեւ պատկերապատման (կոմիքս) ժանրում։ Նախաձեռնությունը «թիվ 405» ընկերությանն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մտածում էինք երեխաների համար վերահրատարակել «Սասունցի Դավիթը», բայց ժամանակակից մոտեցմամբ, նկարազարդումներով։ Բնականաբար, պիտի անդրադառնայինք հենց Թումանյանի տեքստին, եւ որպես մասնագետ՝ դիմեցինք Անի Եղիազարյանին։ Անին ավելի համարձակ գտնվեց՝ իսկ ինչո՞ւ հենց պատկերապատում չանենք։ Ասացինք, որ Թումանյանի տեքստով կաշկանդված կլինենք, գուցե չհամադրվի սցենարական ճկունությունների հետ։ Անին ասաց՝ Թումանյանից ճկուն մարդ էս աշխարհում չկա։ Մենք էլ համարձակություն ունեցանք այս նախագիծը սկսել հենց պատկերապատման ժանրով»,- պատմում է պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Նարեկ Վան Աշուղաթոյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն ու պատկերապատման սցենարիստ Անի Եղիազարյանն ասում է՝ ինքն ի սկբզանե վստահ էր, որ Թումանյանն այս փորձությանը կդիմանա, ու դրա համար երկու կարեւոր հանգամանք է նշում. չնայած էպոսի տարբեր մշակումներ են եղել, բայց Թումանյանն ամենամոտն է մնացել ժողովրդականին։ Բացի այդ, «Սասունցի Դավիթը» պոեմը նա գրել է երեխաների համար ու շատ արագ, որպեսզի դասագրքերում ընդգրկվի, լայն շրջանառվի, բայց սա անավարտ գործ է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս երկու հանգամանքը՝ մեկը, որ Թումանյանը պահպանել է ժողովրդական լեզվի համն ու հոտը, եւ մյուսը, որ այս գործն անընդհատ լրացնելու, մշակելու տեղ ունի, մեզ թույլ է տալիս տեքստի հետ խաղալ։ Բայց առանցքում, միեւնույն է, Թումանյանի մշակումն է։ Ինքը գրեթե 90 տոկոս ապահովում է սցենարը, մենք բուն թումանյանական նյութից երեւի 10 տոկոս շեղում ենք ունենալու, որը համադրվելու է տարբեր պատումներից վերցված կտորների կիրառմամբ։ Եվ անցումներն ապահովելու համար ավելացնելու ենք հեղինակային կամ ասացողի նյութ, որը պատկերապատման ժանրին անհրաժեշտ բաղադրիչ է»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարիչ Տիգրան Մանգասարյանին երկու անգամ առաջարկել են «Սասունցի Դավթի» պատկերապատումն անել՝ մեկը 1990-ականներին, մյուսը՝ 10 տարի անց։ Երկու առաջարկն էլ մերժել է։ Ավելի քան 30 տարի այս ժանրում ստեղծագործող նկարիչը լավ է հասկանում գործի պատասխանատվությունը։

 

«Ես այն ժամանակ գիտեի ու հիմա էլ գիտեմ, որ խոշորացույցով են նայելու էս գործը, որովհետեւ սա Թումանյանի սովորական մի պատմվածք չէ, որ ադապտացնում ենք պատկերապատման ֆորմատով։ Սա շատ լուրջ բան է, շատ մեծ կտավի գործ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երրորդ առաջարկը Տիգրան Մանգասարյանը որոշեց ընդունել։ Ու դրա համար նաեւ կարեւոր մի պատճառ կա։ Ասում է՝ այս ծավալի էպոս շատ քիչ ազգեր ունեն։ Իսկ պատկերապատման ժանրն այսօր ազգային ժառանգությունն «արտահանելու» շատ լավ միջոց է։

 

Նկարները նախ անում է մատիտով, հետո սքանավորում ու արդեն թվային տարբերակով գունավորում։ Նկարչի ձեռքի աշխատանքն ընդգծելու համար ավելորդ շատ գծեր միտումնավոր չեն ջնջում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր նպատակն էր, որ դիտողի համար հասկանալի լինի՝ այստեղ ոչ թե ստերիլիզացված էջեր են, այլ այդ պատկերները ներկայացված են բարձր նկարչականությամբ ու գեղագիտությամբ։ Դրա համար փորձում ենք խուսափել շատ մաքրած, հոլիվուդյան ոճի նկարներից։ Իհարկե, դետալները բավական մանրակրկիտ արված են, բայց այս ոճը թույլ է տալիս դիտողին ինքնուրույն պատկերացնել, չի խոչընդոտում երեւակայությանը»,- ասում է Նարեկը։

 

Թումանյանական տեքստը ոչ միայն սցենարիստին, այլեւ նկարչին է օգնել։ Աշխատելու ընթացքում Տիգրան Մանգասարյանը բացահայտել է ռեժիսոր Թումանյանին։

Տիգրան Մանգասարյանը Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինքն էն ժամանակ, ինչպես հիմա ժամանակակից ֆիլմերում, շատ լավ պատկերացրել է, որ պետք է նախ հերոսների բնութագրերը տաս, նկարագրես, հետո նոր խաղացնես իրենց, որ արդարացված լինի։ Ընթացքում հասկացանք՝ շատ քիչ տեղեր կան, որ պիտի փոփոխություն անենք։ Ես, իհարկե, կուզեի, որ չափածո տեքստը խոսակցական լեզի փոխեինք, որ ավելի հասարակ, պոպուլյար դառնար, բայց դրա համար համարձակություն է պետք»։

 

Անի Եղիազարյանը հակադարձում է՝ չնայած չափածո է, բայց շատ ռիթմիկ, եւ երեխաները հեշտությամբ կարող են հիշել. պոեմը Թումանյանը երեխաների համար է գրել, իսկ նա երեխաներին շատ լավ է ճանաչել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չափածո՞, թե՝ արձակ, սա ստեղծագործական թիմի քննարկման միակ թեման չէ։ «Սասունցի Դավթի կերպարի հետ շատ երկար ու տանջալի ճանապարհ ենք անցնում»,- ծիծաղում է նկարիչը։ Ասում է՝ ինչպես Ցեղասպանության մասին պատկերապատումն անելիս իրեն «մեղադրում» էին, որ թուրքերի կերպարներն ավելի հաջողված են, նույնը նաեւ «Սասունցի Դավթի» դեպքում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Քանի որ Դավթի պորտրեի ռակուրսները շատ տարբեր են, դրանք ճիշտ կառուցելը շատ դժվար է։ Ստիպված եղա կավից քանդակել Դավթի՝ բռունցքի մեծության պորտրեն, որպեսզի պատկերի մեջ ծավալը չկորցնեմ։ Երեւի պատմության մեջ էդպիսի բան չի եղել, որ իլյուստրատորը քանդակի, ստանա քառաչափ մոդել, որ հեշտացնի աշխատանքը։

 

Դավթի կերպարի հետ մի խնդրի առջեւ էլ կանգնեցինք։ Սովորաբար Դավթին պատկերում են 35-40 տարեկան տղամարդ, բայց մեր գրքում այդ խնդիրը շատ հստակ է դրված՝ պիտի երեւա, որ Դավիթը 18 տարեկան է։ Եվ երբ մենք իրեն անում ենք հաղթանդամ, միանգամից դուրս է գալիս այդ տարիքից։ Ու կոնֆլիկտ է առաջանում՝ ո՞նց ցույց տաս իր ուժը։ Սա զուտ ռեժիսուրայի խնդիր է՝ ինչպե՞ս համոզես, որ այս 18 տարեկան տղան ունի էնպիսի ուժ, որ երբ Մելիքը փչում է նրա վրա, տեղից չի շարժվում։ Սա շատ դժվար խնդիր է»։

 

«Սասունցի Դավիթը» «թիվ 405» ընկերության երկրորդ պատկերապատումն է։ Առաջինը «Հայկ եւ Բելն» էր։ Նախագծի տնօրեն Գոհար Գասպարյանն ասում է՝ գաղափարը հաջողված էր, գիրքը մասսայական ու պահանջված է դարձել։

Հայկ նահապետը՝ պատկերապատման սուպերհերոս

«Մենք «Հայ եւ Բել»-ի ընթերցումներ ենք կազմակերպում, ու դրանց ընթացքում ամեն երրորդ երեխան հարցնում էր, թե երբ է լինելու «Սասունցի Դավիթը»։ Ուսուցիչներն էլ շատ հետաքրքրված էին, որովհետեւ «Սասունցի Դավիթը» ներառված է դպրոցական ծրագրում, իսկ այս պատկերագիրքը, ընթերցումները հեշտացնում են ուսուցչի գործը։

Գոհար Գասպարյանը Գոհար Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ, որ «Սասունցի Դավիթը» պատկերապատումն ավելի լայն տարածում կունենա, որովհետեւ երեխաները կարիք ունեն ավելի պատկերավոր, հիշարժան կերպով ծանոթանալ նյութին»։

 

Ինչպես «Հայկ եւ Բել»-ի դեպքում, «Սասունցի Դավիթ»-ն էլ ամբողջական փաթեթով կներկայանա։ Պատկերապատումից բացի նաեւ փազլ, շապիկ կպատրաստվի։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սասունցի Դավիթը» ծավալով գրեթե 2 անգամ մեծ կլինի «Հայկ եւ Բել»-ից՝ ավելի քանի 100 էջ։ Աշխատանքի մեծ մասն արված է։ Պատկերապատումն ընթերցողին կհասնի մինչեւ այս տարվա սեպտեմբեր։

 

Գոհար Գասպարյանն ասում է, որ «Հայկ ու Բել»-ն իրենց ու ընկերների միջոցներով են հրատարակել, այդ պատճառով գիրքը հայաստանյան շուկայի համար մի քիչ թանկ է։ Որպեսզի «Սասունցի Դավիթը» ավելի մատչելի ու շատ ընթերցողների հասանելի լինի, պատրաստ են համագործակցել աջակիցների, հովանավորների հետ։

 

«Տարբեր սերունդներ անդրադարձել են այս թեմային։ Ամեն սերունդ ֆունդամենտալ մի բան է ստեղծել՝ Կոջոյանի իլյուստրացիաները, Քոչարի քանդակը, Արտաշես Հովսեփյանի հարթաքանդակը, անիմացիոն ֆիլմը։ Մենք էլ փորձել ենք նոր մեդիայով անդրադառնալ այս թեմային։ Եվ այս շարունակականությունը խոսում է այն մասին, որ այս ստեղծագործությունը երբեք չի հնանում եւ չի հնանալու, արդիական է եւ այսօրեական»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին