Հայտնի է «Երիտասարդական Ավրորա»-ի հաղթող թիմը - Mediamax.am

1155 դիտում

Հայտնի է «Երիտասարդական Ավրորա»-ի հաղթող թիմը


Լուսանկարը` UWC Դիլիջան


Երեւան։ Մեդիամաքս։ 2022-23 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցույթի հաղթողն է UWC Դիլիջանի թիմն իր «Կոմբիլի» նախագծով:

Հաղթող UWC Դիլիջանի թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար մրցանակ` նախագծի հետագա զարգացման համար, որպեսզի գալիք սերունդները կարողանան օգտվել օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման պատճառով առաջացած հումանիտար խնդիրների լուծումից՝ կենսաթափոնների արդյունավետ կառավարման միջոցով:

 

 «Կոմբիլի» նախագիծն ստեղծում է փոքրիկ «քաղաքային այգիների» մոդելներ, որոնց մասին հոգ կտանեն տեղի երեխաները:

 

«Այս այգիները, օգտագործելով ժամանակակից կոմպոստատորներ, թունավոր գազերի արտանետմանը նպաստող կենսաթափոնները կվերածեն պարարտ հողի: Նախագիծը միավորում է երեք հիմնական ուղղություն՝ կրթություն երեխաների ներգրավմամբ, որոնք մասնակցում են այգեգործության եւ կոմպոստացման վերաբերյալ դասընթացներին, ժամանց՝ ստեղծելով համայնքային տարածք տեղացիների համար, եւ կոմպոստացման նորարարական մեթոդ՝ 30-60 օրում պարարտ հող արտադրելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

 

UWC Դիլիջանի համահիմնադիր, սոցիալական ներդրող եւ ձեռներեց Վերոնիկա Զոնաբենդը կարեւորել է այս տեսակ ուսանողական նախագծերին աջակցելը:

 

«Հաճելի եւ պատվաբեր է երիտասարդներին խրախուսելն ու զորացնելը, որպեսզի նրանք հավատան, որ իրենք են իրենց կյանքի եւ ապագայի ճարտարապետը, որտեղ մենք բոլորս ենք ապրելու»,- ասել է նա:

 

««Երիտասարդական Ավրորան» մեզ հիշեցնում է դրական գործողությունների կարեւորության եւ այն փոքր քայլերի մասին, որոնք կարող ենք անել, որպեսզի լուծումներ գտնենք աշխարհում ամենահրատապ խնդիրներին»,- ասել է UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Ֆեյթ Աբիոդունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին