Դեպի նոր կյանք. 38 վիրավոր զինծառայող բիզնես է հիմնել - Mediamax.am

exclusive
1762 դիտում

Դեպի նոր կյանք. 38 վիրավոր զինծառայող բիզնես է հիմնել


Լուսանկարը` «Զինվորի տուն»

Տաթեւ Սարգսյանը
Տաթեւ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Սարգսյանը
Տաթեւ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Զինվորի տուն»

Լուսանկարը` «Զինվորի տուն»

Լուսանկարը` «Զինվորի տուն»

Լուսանկարը` «Զինվորի տուն»


Դեռեւս 2021 թվականին «Ազնավուր» հիմնադրամը եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեկնարկել էին ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին բիզնես դրամաշնորհների տրամադրման ծրագիր՝ նպատակ ունենալով աջակցել նրանց սոցիալական վերաինտեգրմանը:

 

Ծրագրի մեկնարկից մոտ երկու տարի անց գրանցված արդյունքների մասին Մեդիամաքսը զրուցել է «Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Տաթեւ Սարգսյանի հետ:

 

Սոցիալական հին դերերը նոր իրավիճակում

 

Թեեւ վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի մայիսից, այն ստեղծելու եւ իրականացնելու գաղափարը շատ ավելի վաղ էր ծագել:

 

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ մենք սկսեցինք ակտիվ համագործակցել դեռեւս 2020 թվականի պատերազմի ժամանակ: Այդ շրջանում ավելի հրատապ կարիքները հոգալու հարցում էինք օգնում: Ամիսներ շարունակ աշխատելով «Զինվորի տան» հետ՝ շփումներ էինք ունենում նաեւ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողների հետ: Այս գործընթացը շարունակվեց նաեւ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո:

 

Չնայած որ վերականգնողական բուժումը շատ անհատական է եւ բուժման ընթացքը դեպքից դեպք խիստ տարբերվում է, «Զինվորի տան» մեր գործընկերների հետ նկատեցինք որոշ ընդհանրություններ: Հիմնականն այն էր, որ երբ տղաները մոտենում էին դուրսգրման փուլին, այսինքն՝ այն կետին, երբ պետք է դուրս գային իրենց ծանոթ եւ հարազատ դարձած միջավայրից ու վերադառնային նախկին կյանքին բոլորովին նոր իրավիճակում, իրենց մոտ սկսվում էր բուժման հետադիմություն: Այն ոչ թե ֆիզիկական էր, այլ պայմանավորված էր հոգեբանական գործոններով:

Տաթեւ Սարգսյանը Տաթեւ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ տղաների համար՝ անկախ տարիքից եւ այլ հանգամանքներից, դժվար էր պատկերացնել, թե ինչպես պետք է վերադառնան իրենց հին կյանքին, երբ առնչվում են իրենց ֆիզիկական մարմնի նոր իրողությունների եւ այլ փոփոխված մի շարք հանգամանքների հետ: Հետադիմության հիմնական պատճառն այն է, որ նախկին կյանքին վերադարձը նույն կարգավիճակով այլեւս հնարավոր չէ: Քանի դեռ նրանք բուժվում են վերականգնողական կենտրոնում, լիարժեք չեն ընկալում իրավիճակի ծանրությունը: Այն պահին, երբ պետք է վերադառնան ընտանիք, սկսում են գիտակցել, որ, կոպիտ ձեւակերպմամբ, նախկինում իրենք խնդիր լուծողն էին, իսկ հիմա խնդիր ստեղծող են դարձել: Տղամարդու համար՝ անկախ տարիքից, շատ դժվար է ընկալել, որ նա այլեւս ընտանիքը պահողը չի կարող լինել:

 

Ուստի փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել նրանց վերստանձնել իրենց դերը փոփոխված իրավիճակում:

 

Մեզ համար շատ կարեւոր էր ընտրել եւ մշակել ծրագրի այնպիսի ձեւաչափ, որը երկարաժամկետ կլիներ եւ լայն ընդգրկվածություն կունենար: Այդպես եկանք այն եզրակացությանը, որ ամենաարդյունավետ տարբերակը բիզնես դրամաշնորհների տրամադրումն է՝ փոքր եւ միջին  ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար:

Լուսանկարը` «Զինվորի տուն»

Ծրագիրը մեկնարկեցինք առանց ոլորտային սահմանափակումների: Գործ ունեինք ինչպես գյուղաբնակ, այնպես էլ քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն ունեցող եւ չունեցող մարդկանց բազմության հետ եւ ցանկանում էինք, որ նրանք կարողանան իրենց գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհով ստեղծել թեկուզ այն նվազագույն պայմանները, որտեղ իրենք կկարողանան թե´ սոցիալապես, թե´ հոգեբանորեն նորից ինտեգրվել հասարակության մեջ՝ զգալով իրենց կարեւորությունը թե´ ընտանիքի, թե´ հասարակության կյանքում:

 

Հին բիզնեսի վերականգնում կամ նոր մասնագիտություն

 

Հայտերի ընդունման փուլում պետք էր ներկայացնել հստակ բիզնես ծրագիր: Անհրաժեշտության դեպքում մենք եւ «Զինվորի տան» գործընկերներն աջակցում էինք հայտերի լրացման հարցում, օգնում էինք նաեւ գաղափարից բիզնես հայեցակարգի մշակման առումով:

 

Դրամաշնորհի առավելագույն սահմանաչափը 5000 եվրո էր, որն այդ ժամանակ մոտ 3 մլն 100 000 դրամ էր կազմում: Իհարկե, ոչ բոլոր ծրագրերն էին դիմում առավելագույն ֆինանսավորման համար: Որոշ ծրագրերի դեպքում մեր մասնագետները, դիմորդների հետ աշխատելով, կատարում էին ֆինանսական ծախսերի օպտիմալացում: Նպատակն այն էր, որ կարողանանք հնարավորինս շատ շահառուների դրամաշնորհներ տրամադրել:

Տաթեւ Սարգսյանը Տաթեւ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնակիցներն իրենց ծրագրերում հնարավորություն ունեին ընդգրկելու նաեւ կրթական բաղադրիչ: Օրինակ, ունեինք ծրագիր, որով Արցախից տեղահանված ընտանիքը ցանկանում էր վերականգնել մեղվաբուծության իր բիզնեսը, եւ այս պարագայում կրթական բաղադրիչի անհրաժեշտություն, իհարկե, չկար, մինչդեռ շատ այլ դեպքերում շահառուները պետք է նոր մասնագիտություն ձեռք բերեին վիրավորման բնույթից ելնելով:

 

400-ից ավելի հայտեր

 

Երբ նախաձեռնեցինք ծրագիրը, այսպիսի մեծ արձագանք չէինք ակնկալում: Կարծում էինք, որ կստանանք մի քանի տասնյակ հայտեր, որոնցից կընտրենք լավագույններն ու կիրականացնենք պիլոտային ծրագիր: Սակայն ստացանք 400-ից ավելի հայտեր, որոնցից մոտ 50-ը առանց որեւէ լուրջ վերամշակման ենթակա էին ֆինանսավորման: Հայտադիմումները գնահատվել են մասնագիտական կոմիտեի կողմից՝ առաջնորդվելով զուտ բիզնեսի գնահատման չափանիշներով:

Լուսանկարը` «Զինվորի տուն»

Շատ արագ սկսեցինք գործընկերների ներգրավել, որպեսզի կարողանանք բավարարել այս կարիքները:

 

Շահառուները հիմնականում եղել են վերջին պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներ, սակայն ստացել ենք նաեւ դիմումներ ինչպես 2016 թվականի ապրիլյան, այնպես էլ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներից: Ունեցել ենք նաեւ ոչ պատերազմական իրավիճակում վիրավորում ստացած մասնակիցներ:

 

Երկարաժամկետ ազդեցության ապահովում

 

Խորհրդատվական աջակցությունը շարունակում ենք շահառուի բիզնեսի փաստացի մեկնարկից 12 ամսվա ընթացքում, որովհետեւ դա բիզնեսի համար կրիտիկական շրջան է համարվում: Այս պահի դրությամբ ունենք 38 շահառու, որից 34-ը փաստացի ավարտել  են ծրագրերի իրագործման փուլը, մի մասն էլ արդեն մոտենում է մոնիտորինգային փուլի ավարտին: Թեեւ այդ կետում մեր պաշտոնական օժանդակությունն ավարտվում է, սակայն պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում հետագայում եւս աջակցել:

 

Ծրագրերը տարածված են Հայաստանի 10 մարզերում եւ Արցախում: Թեեւ սա հատուկ չի արվել, սակայն շատ ողջունելի է նման սփռումը: Ձեռնարկատիրությունների ոլորտները եւս բազմաբնույթ են՝ գյուղատնտեսություն, արտադրություն, ծառայություններ եւ այլն:

Լուսանկարը` «Զինվորի տուն»

Ունեցել ենք դեպք, երբ ծրագրի շրջանակում Չարենցավանում բիզնես հիմնած շահառուն ընտանիքը, որն Արցախից տեղահանված էր, ցանկություն հայտնեց գործունեությունը տեղափոխելու Արցախ եւ մենք աջակցեցինք նրանց այդ հարցում: Խոսքը գեղեցկության սրահի մասին է, որ հիմնեցին ամուսիններ՝ երկուսն էլ վերապատրաստվելով մեր ծրագրի շրջանակում: Այժմ բիզնեսը հաջողությամբ գործում է Ստեփանակերտում:

 

Մեզ համար կարեւոր էր նաեւ այն, որ բիզնես նախագծերի մեծ մասին մասնակից դարձան ոչ միայն շահառու անձինք, այլեւ իրենց ընտանիքի անդամները: Դրա շնորհիվ կարող ենք ասել, որ ծրագրի արդյունքում 200-ից ավելի մարդ մասնակցում է ձեռնարկությունների կառավարմանն ու ամենօրյա գործառույթների իրականացմանը: Հենց սա է, որ կարող է ապահովել երկարաժամկետ դրական ազդեցություն շահառուների եւ նրանց ընտանիքների համար:

 

Այժմ նախատեսում ենք նոր գործընկերների ներգրավել՝ շարունակելու համար առաջին փուլով դիմած եւ անցողիկ շեմն անցած հայտերի բավարարումը, իսկ հետո գուցե կարողանանք հայտադիմումների նոր փուլ սկսել:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին