Տեր-Պետրոսյան․ Պետք է Փաշինյանին ձեռք մեկնել եւ ցավոտ լուծումների գնալ - Mediamax.am

4786 դիտում

Տեր-Պետրոսյան․ Պետք է Փաշինյանին ձեռք մեկնել եւ ցավոտ լուծումների գնալ


Լուսանկարը` Հայ Ազգային Կոնգրես


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ասել է, որ սեպտեմբերի 22-ին Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպմանն ինքն առաջարկել է «կառուցողական երկխոսություն սկզբնավորել իշխանության եւ ընդդիմության միջեւ»։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջին նախագահն ասել է, որ այդ առաջարկը տեղ չի գտել հանդիպման արդյունքները ներկայացնող հաղորդագրության մեջ, քանի որ հավանոթյան չի արժանացել այլ մասնակիցների կողմից։

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ այսօր անհրաժեշտ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։

 

«Բոլոր լուծումներն էլ վատն են եւ մենք պետք է փորձենք ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դա հասկանալու համար պետք է տիրապետենք ինֆորմացիային։ Եթե մենք Փաշինյանին ձեռք ենք մեկնում, միասին ենք ընտրում քիչ ցավալի տարբերակը, դրանով պատասխանատվություն ենք ստանձնում», - պարզաբանել է Տեր-Պետրոսյանը։

 

«Պիտի փոխադարձ վստահություն ձեւավորվի, որ գործը գլուխ գա։ Շատերը կարծում են, որ եթե Փաշինյանից ազատվենք, խուսափելու ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փաստաթղթեր ստորագրելուց։ Ով էլ գա, ստիպված ենք լինելու ստորագրել, միգուցե՝ ավելի վատ տարբերակով», - ասել է առաջին նախագահը։

 

Նա պնդել է, որ պետք է գնալ «ցավոտ լուծումների, որոնք որեւէ մեկի քիմքին հաճելի չեն լինելու»։

 

«Եթե ներքին խռովությունները շարունակենք, ավելի ենք բարդացնելու մեր վիճակը, ավելի ենք թուլանալու, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներն աճելու են։ Եթե այսպես կես տարի էլ շարունակենք, երկիր չենք ունենա», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին