Պետական մանկապարտեզները քիչ են, հաճախել ցանկացողները՝ շատ - Mediamax.am

1653 դիտում

Պետական մանկապարտեզները քիչ են, հաճախել ցանկացողները՝ շատ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետական (անվճար) մանկապարտեզներում 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում երեխան դուրս է մնում հաստատությունից: Բժշկի տեղեկանքը չի ընդունվում որպես հարգելի բացակա: Պատճառն այն է, որ մանկապարտեզների պահանջարկն ավելի շատ է, քան դրանց քանակը Հայաստանում, եւ շատ երեխաներ զրկվում են նախադպրոցական կրթությունից։

 

Ծնողների արձագանքը

 

«Ծնողները երեխաներին հիվանդ բերում են մանկապարտեզ, որ բացականեր չունենան, արդյունքում մյուս երեխաներն են հիվանդանում»,-ասում է Ք.Մ.-ն՝ ավելացնելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում երեխան արդեն 4-րդ անգամ է հիվանդանում:

 

«Հենց նոր բժշկի տեղեկանքն էի բերել, որ հարգելի համարվի երեխայիս բացական, թերթիկը վերցրին, բայց ասացին՝ բացական նշանակվել է»,- ասում է խոսակցությունը լսող Մ. Փ.-ն:

 

«Բա քանի՞ օր եք ուզում՝ բացակաների քանակը դարձնեն: 75 օրը շատ ա, իմ էրեխուն մինչեւ ընդունեցին, երկու տարի անցավ, ավելի քիչ օր պիտի նշանակեն, թե չէ ծնողները գրանցում են երեխեքին ու չեն բերում»,- հակադարձում է Լ.Պ-ն:

 

Զ.Ղ.-ն էլ հերթագրվել է այն ժամանակ, երբ դեռ երեխան ծնված չէր:

 

«Ծանոթներիցս մեկը ասաց՝ հերթագրվի, թե չէ հետո երեխան չի կարողանալու մանկապարտեզում սովորել: Հիմա երկու տարեկան է, իր հերթն էլ հասել է։ Երկու ամսվա ընթացքում հիվանդացել է, բայց 75 բացակա չենք ունենա»:

 

Հ.Ա.-ի երեխային էլ երկար ժամանակ է՝ չեն ընդունում մանկապարտեզ.

 

«Երկու տարի սպասում եմ, որ կանչեն, ասում են՝ տեղ չունենք։ Որ մանկապարտեզ դիմել եմ, ոչ մեկը ազատ տեղ չունի։ Էդ դեպքում թող մանկապարտեզներ կառուցեն»։

 

Պատկերը մանկապարտեզներում

 

Մանկապարտեզների աշխատակիցներն ասում են՝ երեխաները հաճախ են հիվանդանում, մանավանդ երկուսից երեք տարեկանները:

 

«Ծնողները բերում են, մենք էլ չենք կարող թույլ չտալ երեխային, որ մտնի մանկապարտեզ, որովհետեւ, եթե ծնողը բերել է, ուրեմն ի վիճակի է գալ»,- ասում է մանկապարտեզներից մեկի աշխատակիցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ չի եղել դեպք, որ երեխան զրկվի նախադպրոցական կրթությունից 75 օր բացակայելու պատճառով:

 

Ինչո՞ւ է ընդունվել որոշումը

 

Հայաստանում մոտ 236 000 երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայությունում: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ օրենքը գործում է այն պատճառով, որ մանկապարտեզի պահանջարկը ավելի մեծ է, քան մանկապարտեզների քանակը: Սակայն 75 աշխատանքային օրը քիչ չէ, հասնում է երեք ամսի: Մարզերի եւ համայնքների կրթության վարչությունների հետ քննարկումներ են եղել, եւ այս խնդիրը բարձրաձայնվել է:

 

Նոր կարգ մտցնելու քննարկումները նախարարությունում

 

Նախատեսվում է որոշման մեջ փոփոխություն մտցնել։ ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով, նոր կարգի համաձայն, բժշկից տեղեկանք ներկայացնելու դեպքում տարվա ընթացքում մի քանի օրը կհամարվի հարգելի:

 

Առաջիկայում փոփոխությունների նախագիծը կներկայացվի հանրային քննարկման: Բացի այդ՝ կառավարության մինչեւ 2026 թվականի ծրագրով նախատեսված է 500 մանկապարտեզների հիմնանորոգում եւ կառուցում, որի դեպքում արդեն 2026 թ-ին 85% ներգրավվածություն կլինի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

 

Բնակավայրեր, որտեղ չկան մանկապարտեզներ

 

Այն բնակավայրերում, որտեղ երեխաների թիվը փոքր է եւ մանկապարտեզներ չկան, գործարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների մոդելը: Համայնքներին պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ՝ այդպիսի ծառայություններ բացելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, կա 10 համայնք, որտեղ գործում են նման մոդելով ծառայությունները: Նախորդ տարի 10 բնակավայրերին տրամադրվել է մինչեւ 8 մլն դրամ, որը հիմնականում օգտագործվել է տարածքի վերանորոգման, անհրաժեշտ պայմանների ապահովման, գույքով հագեցման համար, իսկ պահպանման ծախսերը, դաստիարակի աշխատավարձը համայնքն իր վրա է վերցնում:

 

Լիանա Խաչատուրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին