«Մուրացան» հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով - Mediamax.am

1627 դիտում

«Մուրացան» հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով


Լուսանկարը` ԵՊԲՀ


Երեւան։ Մեդիամաքս։ ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացվել է գաստրոսկոպիայի կաբինետ:

Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության այս ընդլայնումը կարեւոր քայլ է երեխաների շրջանում, ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման եւ բուժման համար:  Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաեւ քիմիական նյութերի հետեւանքով առաջացող կերակրափողի այրվածքների եւ այլ դեպքերի հետազոտման համար:  

 

Գաստրոսկոպիկ համակարգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը: «Օլիմպուս» ֆիրմայի նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգի օգնությամբ տարեկան շուրջ 800 երեխա հնարավորություն կստանա պատշաճ հետազոտվելու եւ ստանալու ճշգրիտ ախտորոշում:

 

Հիմնադրամի կողմից այս նվիրաբերությունը հնարավոր է դարձել իր մշտական գործընկեր ու այս նախագծի հիմնական աջակից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաեւ՝ «Արտ լանչ» ՍՊԸ-ի,  gg-ի, «Գոյա» ՓԲԸ-ի աջակցության եւ հիմնադրամի սեփական միջոցների ներդրման շնորհիվ:

 

««Մուրացան» համալսարանական հիվանդանոցը տարեկան շուրջ 86 հազար դիմելիություն ունի եւ սպասարկում է բուժօգնության կարիք ունեցող մարզերի եւ մայրաքաղաքի երեխաներին: Սենյակի բացումը, սարքի նվիրաբերությունը հովանավորների կողմից առանցքային նշանակություն ունի»,- նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ խնդրի կարեւորությունը եւ արդիականությունը հասկանալով եւ ամենօրյա համագործակցության մեջ գտնվելով հիվանդանոցի ղեկավարության հետ, որոշում կայացվեց աջակցել՝ նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով համալրելու գործում:

 

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին, եւ այս ընթացքում աջակցել է շուրջ 1670 երեխայի, որից 14-ին ցուցաբերվել է զգալի աջակցություն՝ ընդհուպ մինչեւ 100 հազար դոլար: Հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 340 մլն դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին