Անահիտ Ադամյան. Ինձ համար Ավետիքը բացառիկ է բոլոր առումներով - Mediamax.am

exclusive
4343 դիտում

Անահիտ Ադամյան. Ինձ համար Ավետիքը բացառիկ է բոլոր առումներով


Լուսանկարը`


Զրուցել ենք մայիսի 14-ին կալանավորված «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կնոջ՝ Անահիտ Ադամյանի հետ:

 

- Պատմեք ձեր մասին, ինչպե՞ս եք ծանոթացել Ավետիքի հետ:

 

- Ես Աբովյան քաղաքում եմ ծնվել, ինժեներների ընտանիքում։ Մայրս ազգությամբ ռուս է, եւ մենք տանը հիմնականում ռուսերեն էինք խոսում, բայց հայրս կտրականապես որոշել էր, որ մենք հայկական դպրոց ենք գնալու։ Եվ, եթե այդ ժամանակ մարդիկ իրենց երեխաներին ռուսական դպրոց էին ուղարկում, ու շատ դեպքերում ծնողները երեխաների հետ հավասար սկսում էին ռուսերեն սովորել, մեր տանը հակառակն էր՝ մայրս էր մեզ հետ հայերեն տառերն ուսումնասիրում:

 

Դպրոցում գերազանց եմ սովորել, բայց պատմական առարկաներն իմը չէին, ավելի շատ մաթեմատիկա ու հաշվարկներ էի սիրում։ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետն եմ ավարտել, որից հետո՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եմ սովորել։ Ավետիքի հետ այնտեղ ենք ծանոթացել՝ նա էլ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից հետո էր դիմել Ամերիկյան։

 

Ավետիքին չնկատել հնարավոր չէր։ Նա միշտ աչքի էր ընկնում բարդ հարցեր տալու սովորությամբ, երբեմն նույնիսկ դրական իմաստով «հունից հանում էր» դասախոսներին։ Առաջին անգամ Ավետիքին լսարանում նկատեցի, երբ դասախոսը փորձում էր ինչ-որ բան պատմել, իսկ նա անընդհատ հարցեր էր տալիս, ընդհատում դասը։ Մտածում էի՝ տեսնես ո՞վ է այս տղան, որ չի թողնում հանգիստ դասը շարունակել (ծիծաղում է- խմբ.)։ Հետո այնպես ստացվեց, որ ընդհանուր ընկերական շրջապատում հայտնվեցինք, նույնիսկ պարզեցինք, որ նույն օրն ենք ծնվել՝ մի քանի տարվա տարբերությամբ։ Այդպես սկսվեց մեր ավելի մտերմիկ շփումը։ Ամուսնացած ենք արդեն 21 տարի, չորս երեխա ունենք։

 

- Իսկ Ավետիքը ի՞նչ ընտանիքում է մեծացել։

 

- Ավետիքը Երեւանում է ծնվել, ֆիզիկոսների ընտանիքում, մեծացել շատ տիպիկ երեւանյան միջավայրում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի բազմահարկ շենքի բակում։ Փոքրուց բազմազան հետաքրքրություններ է ունեցել, նույնիսկ միմյանց հակասող ու  անհամատեղելի թվացող։ Օրինակ, միաժամանակ հաճախել է եւ՛ նկարչության եւ՛ բռնցքամարտի։ Բայց նրա ամենամեծ տարերքը հայոց ու համաշխարհային պատմությունն է եղել, ռազմական պատմությունն ու ռազմական ստրատեգիաները։

 

Ավետիքին բնորոշ կողմերից մեկը կառուցողական ու ռացիոնալ լինելն է, ինչը նաեւ մասնագիտությունն ընտրելիս է դրսեւորվել։ Ավետիքի հայրը պատմում է, որ այն խնդիրները, որոնց վրա շատերը ժամեր էին ծախսում, նրա համար հեշտ լուծվող վարժություններ էին։ Գիտակցելով, որ տեսական ֆիզիկայով չի ցանկանում զբաղվել, փոխել է մասնագիտական ուղղվածությունը, եւ նախ սովորել Ամերիկյան համալսարանում, հետո 2001 թվականին ստացել իր MBA-ն ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։

 

Ինձ համար նա բացառիկ մարդ է. ունի բնավորության արտահայտված այնպիսի գծեր, որոնցով միշտ հիացել եմ: Նա բանիմաց, զուսպ ու հավասարակշռված լիդեր է, ում կարծիքի հետ հաշվի են նստում բոլորը։ Երկար տարիներ աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես Առեւտրի Համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի հետ կապերի բաժնի պետ, 1997-1999 եղել է վարչության պետ: Միշտ աչքի է ընկել արդյունավետ բանակցելու, արդար ու անկողմնակալ որոշումներ կայացնելու, փաստարկված բանավիճելու եւ այլ կարեւոր հմտություններով։

 

- Դուք որոշ ժամանակ բնակվել եք ԱՄՆ-ում, հետո՝ Ռուսաստանում, բայց վերադարձել եք Հայաստան: Ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը:

 

- Միացյալ Նահանգերում մենք ուսանում էինք եւ որեւէ կասկած չունեինք, որ վերադառնալու ենք։ ԱՄՆ-ից հետո երկար տարիներ Մոսկվայում ենք բնակվել՝ McKinsey&Company խորհրդատվական ընկերության Մոսկվայի մասնաճյուղից Ավետիքն առաջարկ ստացավ, ու մենք տեղափոխվեցինք ՌԴ։ Շուրջ 20 տարի ապրել ենք Մոսկվայում, բայց երբեք չենք մտածել, որ մշտական բնակությամբ այնտեղ ենք հաստատվելու: Միշտ գիտակցել ենք, որ օրերից մի օր վերադառնալու ենք։ Ամռան ամիսներն էլ այստեղ ենք անցկացրել, մեր չորս երեխաներն էլ մեծացել են տատիկ-պապիկների հոգածության ներքո։

 

Մոսկվայում ապրելու ու աշխատելու տարիներին Ավետիքը մշտապես հայանպաստ ծրագրեր է իրականացրել թե՛ Մոսկվայում եւ թե՛ Հայաստանում ու Արցախում, ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին, երիտասարդների, ուսանողների ու տարբեր խմբերին աջակցող նախաձեռնություններ իրագործել։

 

Ավետիքի ու իր համախոհների ջանքերով եւ նախաձեռնությամբ Մոսկվայում հիմնվեց «Այբիկ» կրթամշակութային կենտրոնը՝ հայ երեխաների համար կրթական նոր հնարավորությունների եւ հայկական համայնքի հետ ավելի սերտ կապեր պահելու հարթակ դարձավ։

 

Հետո հիմնվեց Repat Armenia-ն, որի գերնպատակը սփյուռքի ներուժը համախմբելն ու հայրենդարձներին աջակցելն է: Այսօր էլ Հայաստան վերադարձած բազմաթիվ մարդիկ փաստում են, որ հայրեդարձվելու իրենց որոշումը կայացրել են հենց Repat Armenia-ի հետ հանդիպումների շրջանակներում։

 

- Ինչու՞ Ավետիքը որոշեց զբաղվել քաղաքականությամբ։

 

- 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Ավետիքի մոտ շատ բաներ կտրուկ փոխվեցին։ Դեռեւս այն ժամանակից նա հստակ գիտեր, որ նոր պատերազմն անխուսափելի է, ու դրան պետք է պատրաստ լինել թե՛ ռազմականորեն, թե՛ ֆիզիկապես ու հոգեպես։ Մեծ ցավ էր ապրում, երբ մի կողմից տեսնում էր ակնհայտ վտանգը, իսկ մյուս կողմից՝ ակնհայտ անգործությունը։ Արցախին ու բանակին ուղղված ծրագրերը 2016 թվականի պատերազմից հետո ավելի ընդլայնվեցին եւ դրանք շարունակվում են մինչ օրս։

 

Քաղաքականությամբ որոշեց զբաղվել 2018-ի երկրորդ կեսից, որովհետեւ տեսնում էր բացն ու գիտակցում, որ միայն այդպես կարող է ազդեցություն ունենալ։ Մինչ դա փորձում էր հեռակա օգնել, բայց McKinsey-ից պայման կար, որ կա՛մ պետք է զբաղվել քաղաքականությամբ, կա՛մ շարունակել խորհրդատվական գործունեությունը։ Նա ընտրեց հայրենիքի համար գործելը։

 

Ավետիքը ծնվել է Հայաստանում, սովորել ԱՄՆ-ում, աշխատել ու ապրել Ռուսաստանում։ Նա չունի հակակրանք ոչ մի մշակույթի կամ քաղաքականության տեսակի հանդեպ, եւ այս պարագայում Ավետիքի թե՛ տեսլականն ու թե՛ գործունեությունն Հայաստանամետ եւ Արցախամետ են։

 

Եթե հետեւեք նրա հարցազրույցներին կամ հոդվածներին, կտեսնենք, որ նրա բոլոր կանխատեսումներն ու զգուշացումները, ավաղ, իրականություն են դարձել։ Այսօր նա երկրի զարգացման իր տեսլականն ունի՝ ունենալ այնքան հզոր ու կայուն բանակ, որ քեզ հետ հաշվի նստեն, բռնել ռազմականացման ճանապարհն ու ոչինչ չխնայել դրա համար։ 2016-ից սկսած տարբեր գերատեսչությունների, այդ թվում ՊՆ-ի հետ համագործակցության եզրեր գտնելով, փորձել է իր ներդրումն ունենալ այդ գործում։

 

Իհարկե, այդ ծրագրերից  ու նախաձեռնությունններից շատերը հանրայնացման ենթակա չեն, բայց տեղեկացված մարդիկ դրանց մասին կփաստեն։ Ավետիքն ամեն ինչ անում էր բանակի համար, Արցախի ու Հայաստանի համար, բայց եկավ մի պահ, երբ իր աչքի առաջ ամենը կործանվում էր, եւ նա իր բնավորությամբ, իր արժեքներով ուղղակի չէր կարող պայքարի դուրս չգալ։ Ասեմ, մենք պատրաստ ենք եղել ամեն տեսակ դիմադրության, քննարկել ենք բոլոր հավանական զարգացումները, այդ թվում նաեւ ձերբակալությունն ու ճնշումները, ու գիտակցում էինք, որ դրանք խոչընդոտ չեն կարող լինել, որովհետեւ Ավետիքի մոտիվացիան հայրենասիրությունն է, իր գործը Հայաստանի համար, Արցախի համար է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին