«Արեւածագ Արցախում»՝ էներգետիկ ահաբեկչությունը կանխելու միջոց - Mediamax.am

exclusive
4367 դիտում

«Արեւածագ Արցախում»՝ էներգետիկ ահաբեկչությունը կանխելու միջոց


Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ Urbanista

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ Urbanista

Մոբիլ արեւային կայան-կոնտեյները
Մոբիլ արեւային կայան-կոնտեյները

Լուսանկարը` Շտիգեն


Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատող «Shtigen Group» ընկերությունն Արցախ է ուղարկել 12 արեւային ջրատաքացուցիչ՝ հայտարարելով «Արեւածագ Արցախում» նախագծի մեկնարկի մասին։

 

Նախագծի նպատակն է, արեւային էներգիան օգտագործելով, Արցախում ապահովել էներգետիկ անկախություն։ Նախագծի մանրամասների, ելքեր փնտրելու եւ գտնելու կարեւորության մասին Մեդիամաքսը զրուցել է «Shtigen Group»-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հետ:

 

Արեւածագ Արցախում

 

Աշխատելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ «Shtigen Group»-ը չէր կարող լինել պարզապես բիզնես, որի հիմնական նպատակը շահույթն է: Այո՛, ինչպես յուրաքանչյուր բիզնեսի դեպքում, շահույթը մեր նպատակներից մեկն է, բայց ընկերության առաքելությունը շատ ավելի բազմաշերտ է։ Այդ շերտերից մեկը կանաչ էներգետիկան է, բնապահպանությունը, ռեսուրսների խնայողությունը, մյուսը՝ մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Մեր երկիր ասելով, բնականաբար, նկատի ունենք նաեւ Արցախը:

 

Արեւային էներգետիկայի ոլորտում մեր աշխատանքն Արցախում սկսել ենք դեռ 2018թ.-ից: 2019թ.-ին Ստեփանակերտում անցկացրինք «Արեւային Արցախ» համաժողովը, որի ընթացքում տեղի պետական կառույցները, գործարարներն ու ոլորտով հետաքրքրվածները տեղեկացան վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների մասին:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ Urbanista

2022թ. սկզբին Արցախն էներգետիկ ահաբեկչության թիրախում հայտնվեց: Թշնամին ոչ միայն փորձում է կենցաղային ու տնտեսական դժվարություններ ստեղծել արցախահայության համար, այլեւ ազդել մարդկանց հոգեբանության, մտածողության, Արցախում ապրել-չապրելու որոշման վրա: Որպես կորպորատիվ ազգային պատասխանատվություն ունեցող ընկերություն՝ սկսեցինք հակազդելու միջոցներ փնտրել։ Փնտրեցինք եւ գտանք․ արեւային էներգետիկան է այն բանալին, որ կբացի Արցախի էներգետիկ անվտանգության դարպասները։

 

Այս ուղղությամբ Արցախի կառավարության հետ հաճախ ենք քննարկումներ ունեցել: Ցավոք, տարբեր իրավիճակներում այլ առաջնահերթություններ են եղել, ինչը հասկանալի է: Որոշեցինք չսպասել պետությանը, այս կամ այն ծրագրին, այլ ինքներս անել առաջին քայլը՝ չվախենալով պատասխանատվությունից, ուղղություն ցույց տալով բոլոր նրանց, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ Արցախի անվտանգության ամրապնդման գործում, բայց չգիտեն՝ ինչ կամ ինչպես անել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ Urbanista

Շուտով 12 արցախցի ընտանիքների կենցաղն այլեւս չի խաթարվի թշնամու քայլերից: Առաջիկա օրերին Ստեփանակերտում կսկսենք տեղադրել մեր ընկերության տրամադրած ջրատաքացուցիչները: Սա միայն սկիզբն է, առաջին կաթիլը, որը բազմապատկելով՝ հնարավոր է իրավիճակ փոխել:

 

Երկար քննարկումներից հետո որոշեցինք նախագիծը կոչել «Արեւածագ Արցախում»: Ձեւակերպումը խորհրդանշական է․ արեւածագ ասելով՝ հասկանում ենք զարթոնք, սկիզբ, վերածնունդ, ինչին, այս պարագայում, հնարավոր է հասնել արեւի ուժով։ Երկար ենք մտածել, մշակել ճանապարհային քարտեզ, ունենք համապատասխան գործիքները, ծրագրի ռազմավարությունը գրեթե պատրաստ է։ Մեր նպատակն է Արցախը բառի ամենաուղիղ իմաստով դարձնել էներգետիկ առումով անկախ ու անխոցելի՝ միեւնույն ժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու մոլորակի ռեսուրսների խնայողության օրինակելի մոդելի տարածմանը։

 

Այս մեծ նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է, որ Արցախում ամեն տուն ունենա իր արեւային կայանը՝ այդպիսով չեզոքացնելով նաեւ թշնամու սպառնալիքը։ Մենք, որպես պետություն, արդեն իսկ շատ ժամանակ ենք կորցնել։ Հիմա հապաղելու իրավունք չունենք։ Ամեն կորցրած օրը, գուցե, մի ընտանիք է, որը կորցրել է հույսն ու որոշել հեռանալ։ Պետք է րոպե առաջ ամեն ինչ անենք, որ արցախցին մնա Արցախում։

 

Ինչու՞ ջրատաքացուցիչներ

 

Երբ թշնամին փակում է գազատարը, Արցախն էներգասնուցող գծերը սովորականից ավելի են ծանրաբեռնվում, քանի որ այն, ինչ արցախցին անում էր գազով, սկսում է էլեկտրականությամբ անել։ Արդյունքում լինում են հովհարային անջատումներ, եւ մարդիկ մնում են առանց գազի ու առանց կայուն էլեկտրամատակարարման:

 

Եթե մինչեւ պատերազմը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջեւ կար երկու էներգասնուցող գիծ, եւ ցանկացած ծավալի հոսանքի փոխանակումը խնդիր չէր, ապա այժմ Արցախն էլեկտրաէներգիա է ստանում միայն մեկ՝ Լաչինի միջանցքով անցնող էլեկտրական գծով, որն ունի ցածր թողունակություն ու ցանկացած պահի կարող է վնասվել: Պատերազմի հետեւանքով Արցախում կորցրել ենք ոչ միայն բազմաթիվ ՀԷԿ-եր, այլեւ Քարվաճառով անցնող էներգասնուցող գիծը:

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Որոշեցինք նվազագույն միջոցներով ստանալ առավելագույն արդյունք: Արեւային ջրատաքացուցիչները համեմատաբար էժան են ու հնարավորություն են տալիս մարդկանց հոգալ սանիտարական կարիքները՝ անկախ գազի կամ էլեկտրասնուցման առկայությունից: Այսինքն` գազ չունենալու դեպքում մարդիկ ջուր չեն տաքացնի հոսանքով, կթուլանա ցանցերի ծանրաբեռնվածությունը, ինչը թույլ կտա ապահովել կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտների, բիզնեսի էներգասնուցումը: Ինչո՞ւ եմ շեշտում բիզնեսը, որովհետեւ Արցախում պետք է պատկերացնենք ոչ թե ուղղակի կյանքի հնարավորություն, այլ ապահովենք ներուժ ու որակյալ ապագա: Ջրատաքացուցիչներից հետո կգա արեւային ֆոտովոլտային կայանների հերթը:

 

Երկու հրթիռով էներգազրկել ամբողջ Արցախը

 

Եթե խոսենք ծրագրի ծավալների մասին, ինչպես ասացի, նպատակը հազարավոր նման համակարգերի տեղադրումն է, բայց շոշափելի փոփոխություն կարող է բերել նույնիսկ մեկ ջրատաքացուցիչը: Մեկ ջրատաքացուցիչ տեղադրելով՝ լուծվում է մեկ տան, մեկ ընտանիքի տաք ջրի հարցը:

 

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար մեջբերեմ գործընկերներիցս մեկի դիպուկ ձեւակերպումը՝ այսօր ընդամենը երկու-երեք հրթիռով հնարավոր է ամբողջությամբ էներգազրկել Արցախը՝ մեկով վնասել գազատարը, մյուսով՝ էլեկտրական ցանցերը կամ Սարսանգի ՀԷԿ-ը: Որքան շատ լինեն լոկալ էներգիա արտադրող կայանները, որքան դիվերսիֆիկացնենք էներգիայի աղբյուրները, այնքան ավելի շատ հրթիռ կպահանջվի Արցախն էներգիայից զրկելու համար:

Մոբիլ արեւային կայան-կոնտեյները Մոբիլ արեւային կայան-կոնտեյները

Լուսանկարը` Շտիգեն

Այս համատեքստում ուզում եմ ընդգծել կուտակային արեւային կայանների կարեւորությունը: Դեռեւս 2017թ․ Shtigen-ը Sevan Startup Summit-ին ներկայացրեց մոբիլ արեւային կայան-կոնտեյները, որը կարելի է արագ տեղափոխել ցանկացած վայր եւ 1-2 ժամում գործարկել՝ ապահովելով լոկալ էներգասնուցում: Նման լուծումների կարիքն այսօր կտրուկ մեծացել է:

 

Պետությունն ու առաջին քայլի կարեւորությունը

 

Այլ կազմակերպությունների կամ անհատների հետ գործակցության առումով բաց ենք, արդեն կան արձագանքներ, բանակցում ենք: Մարդկանց հաճախ պետք է, որ ինչ-որ մեկն անի առաջին քայլը, տեսնեն, հավատան ու միանան: Մենք մեր քայլն արեցինք:

 

Ինչ վերաբերում է պետությանը, պետք է օբյեկտիվ լինեմ՝ եւ՛ քննադատեմ, եւ՛դրականը նշեմ: Քննադատական հայացքով՝ Արցախի կառավարությունը, տարիներ շարունակ ունենալով միջոցներ, դրանք ուղղել է ոչ թե սպառողների խելամիտ, շրջահայաց ու ռազմավարական վարքագծի ձեւավորմանը, այլ սուբսիդավորել է կոմունալ վճարները: Հասկանում եմ՝ սոցիալական քաղաքականություն է, բայց պետք է գիտակցենք՝ այն հանգեցրել է ռեսուրսների անխնա օգտագործման։ Մեզ վրա զգացել եմ բարեգործության վատ հետեւանքները: Երբ մարդն ինչ-որ բան անվճար, նվերի տեսքով է ստանում, հիմնականում անտարբեր է լինում դրա հանդեպ: Այս հոգեբանությունը փոխել է պետք:  Հայտնի օրինակի նման՝ այդ մարդկանց պետք էր ոչ թե ձուկ, այլ կարթ տալ:

 

Հիմա կասեք՝ դուք էլ եք բարեգործություն անում։ Այո՛, մենք եւս մեր առաջին քայլը բարեգործության տեսքով ենք անում, բայց դրանով մարտավարական խնդիր ենք լուծում: Փորձում ենք մի գաղափարի շուրջ միավորել չհանձնվող, ելքեր փնտրող, գործող մարդկանց:

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է պետության մոտեցման դրական կողմերին, արժե նկատել, որ Արցախի կառավարության մոտ հետաքրքրություն կա արեւային էներգետիկայի հանդեպ: Կա գիտակցում, որ այն կարող է Արցախը «խեղդող» խնդիրների մի մասի լուծումը լինել: Ինչպես  հասկանում եմ, այս ուղղությամբ աշխատելու համար կան որոշակի առանձնացված միջոցներ: Այս ծրագրով մենք ցանկանում ենք հորդորել կառավարությանը բազմապատկել այդ ջանքերն ու ներդրումները:

 

Գործատուն՝ քաղաքացի դաստիարակող կարեւորագույն սուբյեկտ

 

Խոսեցինք մարդկանց հոգեբանության մասին, որը մենք պետք է փոխենք: Եթե հարցնեք՝ ո՞վ է այդ «մենք»-ը, կասեմ՝ բիզնեսն է, գործատուն: Որքան էլ տարօրինակ հնչի, գործատուն քաղաքացի դաստիարակող կարեւորագույն սուբյեկտներից մեկն է այսօր: Բիզնեսը գործընթացներ է ձեւավորում, քաղաքականության վրա է ազդում, ուղղություն է տալիս ու տեմպ որոշում: Պատմության մեջ օրինակները բազմաթիվ են:  

 

Արցախում իրականացվող մեր այս ծրագրի հիմնական առանցքը կորպորատիվ ազգային պատասխանատվությունն է՝ ոչ թե սոցիալական, այլ ազգային: Սա նշանակում է, որ չկա ու չպետք է լինի կորպորացիա, իրավաբանական անձ՝ առանց ազգային դիմագծի: Մեր ընկալումներում իրավաբանական անձը մեծամասամբ ինչ-որ ՍՊԸ է, հաշվեհամար, որը չունի դիմագիծ։ Մենք պետք է հենց այդ դիմագիծը ձեւավորենք։ Երբ լուծենք այս հարցը,  բիզնես ոլորտը, ձեռք ձեռքի տալով ու միմյանց խանգարելու փոխարեն՝ առաջ մղելով, կսկսի փոփոխություններ անել երկրում։  

 

Պատասխաններ փնտրե՞լ, թե՞ սպասել

 

Պատերազմից հետո անձնական ճգնաժամն ինձ մոտ մի քանի ժամ է տեւել: Նոյեմբերի 9-ի գիշերը բաց աչքերով եմ լուսացրել, ինքս ինձ հարցրում էի՝ «ո՞րն է Հայաստանը հիմա, ես տեղ ունե՞մ այս Հայաստանում, մնո՞ւմ եմ այստեղ»։ Պատասխանները շատ արագ եմ գտել՝ այո՛, մնում եմ, աշխատում եմ ու ստեղծում որակյալ ապագա։

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետպատերազմյան Հայաստանում շատերն են ապատիայի մեջ: Մարդկանց մի մասն ինքն իրեն հարցեր է տալիս, փնտրում ու գտնում պատասխաններ: Մյուս մասը սպասում է պատասխանների, ուզում է աչքի առաջ օրինակ ունենալ, տեսնել այն: Լինում է՝ Facebook-ում ինչ-որ գրառում եմ անում, ու ծանոթներիցս մեկը զանգում է՝ «Հա՛յկ, նենց եմ ուրախանում, որ տեսնում եմ՝ չեք հանձնվել, գործ եք անում, ուրեմն ամեն ինչ կորած չէ»: Հիմա, առավել քան երբեւէ, մարդիկ ուզում են դիմացինից հուսադրող բան լսել ու հավատալ լսածին: Հիշում եմ՝ Արցախում մեր տեղի աշխատակցի հետ առաջին հանդիպման ժամանակ քննարկում էինք այնտեղ մեր գործունեությունը, նայեց աչքերիս մեջ, հարցրեց՝ «տյուք հվատո՞ւմ ըք»: Ասացի՝ անշուշտ։ Մոտ մեկ տարի անց խոստովանեց, որ սկզբում թերահավատ էր, բայց հիմա գիտի՝ խոսքը գործ է դառնում:

 

Եթե ավելի խորքային նայենք, այս իրավիճակը մեր հասարակությունում էլիտայի ճգնաժամի հետեւանք է նաեւ: Ժամանակին այդ էլիտան ինչ-որ բաներ է ասել մարդկանց, ինչ-որ հարցերի պատասխաններ տվել, որոնք հետագայում շատ անգամ սխալ են եղել կամ այլեւս՝ ոչ ակտուալ։ Հիմա նոր պատասխաններ փնտրելու փուլն է, որը շատ ցավոտ է:

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչո՞ւ որոշեցինք անել այս ծրագիրը, որովհետեւ մեզ համար փորձում ենք գտնել պատասխաններ: Ինքներս մեզ հարցնում ենք՝ «լավ, այստեղ ենք՝ Հայաստանում, ու ի՞նչ ենք անում»: Եթե չենք հավատում, որ այստեղ հնարավոր է  ապագա ստեղծել, ինչո՞ւ ենք  մնում այստեղ: Ես հարյուրավոր աշխատակիցներ ունեմ ու նրանց պետք է կարողանամ պատասխաներ տալ՝ ինչու՞ պետք է մնան, չգնան «խոպան»՝ լավ կյանք փնտրելու, չգնան Եվրոպա՝ հանդարտ կյանքի հետեւից:

 

Գործատուն հասարակության համար հիմա շատ կարեւոր է, նա առաջինը պետք է հարցեր տա, պատասխաններ գտնի ու հարթի ճանապարհը, որտեղ մայրամուտից հետո նորից արեւ է ծագում։  

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին