1904 թվականին Երեւանում 66 թեյարան կար։ Դրանցից ամենահայտնին՝ «չայխանան», Կապույտ մզկիթի բակում էր։ Այստեղ էին հավաքվում մտավորականները՝ Չարենցը, Բակունցը, Մարտիրոս Սարյանը։ Երեւանում հյուրընկալվելիս՝ «չայխանա» էին գալիս Վիլյամ Սարոյանը, Օսիպ Մանդելշտամը, Անդրեյ Բելին։
Լուսանկարը` Մեդիամաքս
44 լիտր տարողությամբ ինքնաեռը, որի շուրջ ստեղծագործական զրույցներ էին հյուսվում, Երեւանի պատմության թանգարանում է պահվում։ 2 ամսով այն «հյուրընկալվել է» Ռուսական արվեստի թանգարանում՝ որպես «Սամովար» ցուցահանդեսի կարեւոր ցուցանմուշ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«19-րդ դարի սկզբին, երբ Հայաստանն անցավ ռուսական տիրապետության տակ, ինքնաեռը շատ արագ ներթափանցեց հայկական կենցաղ եւ ձեւավորեց թեյախմության ավանդույթը։ Հայաստանում ամեն երրորդի տանը ինքնաեռ կար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինքնաեռն աղջկա օժիտի բաղկացուցիչ մաս էր։ Ինքնաեռի մաքրությամբ, փայլով էր պայմանավորված կնոջ մաքրությունը։ Ինքնաեռը համարվում էր սեղանի գեներալ։ Այն ընտանիքները, որոնք չունեին ինքնաեռ, արարողությունների ժամանակ նույնիսկ վարձով էին վերցնում», - ասում է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարիներ առաջ թանգարանում օծանելիքի սրվակների ցուցահանդես էին արել ու հասկացել, որ մարդկանց հետաքրքրում է կենցաղային իրերի ցուցադրությունը։ Այդ պատճառով որոշեցին որպես մշակութային երեւույթ՝ նաեւ սամովարը ներկայացնել։
Ցուցադրությունը ներառում է հայաստանյան 6 թանգարաններում պահվող ինքնաեռները, այդ թվում՝ Չարենցի, Թումանյանի, Սունդուկյանի, Լեոյի, Սիամանթոյի անձնական սամովարները, թեյախմության կարեւոր ատրիբուտներ՝ բաժակներ, թրմելու թեյնիկներ։ Ռուսական արվեստի թանգարանն էլ ցուցադրությանը միացել է թեմատիկ կտավներով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ներկայացված ինքնաեռները ռուսական հայտնի գործարանների՝ Բատաշյովների, Վորոնցովների, Գուդկովի, Շեմարինների արտադրանքն են։ Եվ միայն մեկն է բացառիկ ու չկրկնվող։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստանի պատմության թանգարանից հայտնաբերեցինք Ջուղայում պատրաստված ինքնաեռ, որը շատ յուրօրինակ է։ Ինքնաեռները հիմնականում գործարանային արտադրության են, բայց սա հայ վարպետների ձեռքի աշխատանք է: Պատված է պարսկական տիպիկ նախշերով, որոնք պտղաբերության եւ կյանքի խորհրդանիշն են համարվում։ Սա յուրօրինակ գանձ է», - ասում է ցուցահանդեսների կազմակերպման եւ հանրահռչակման բաժնի վարիչ Օվսաննա Հարությունյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տուլայում, որը համարվում է սամովարների հայրենիք, 19-րդ դարի վերջում մի քանի տասնյակ գործարան կար։ Ամեն ինքնաեռ ուներ արտադրողի դրոշմը։ Իսկ այն արտադրանքները, որոնք ներկայացվում էին համառուսաստանյան գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսներին, ստանում էին նաեւ բարձր որակը հավաստող մեդալներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկական միջավայրում տարածված էին ինչպես տարբեր գործարանների, այնպես էլ տարբեր ձեւերի սամովարներ՝ «ծաղկաման», «բանկա», «ըմպանակ»։
«Հայաստանում ինքնաեռներին մեծ կարեւորություն են տվել, եւ դա է հավաստում «Երեւանյան հայտարարություններ» թերթի հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ սենյակը տրվում է վարձով՝ կահույքով եւ ինքնաեռով։ Այսինքն՝ ինքնաեռը ճոխության նշան էր։ Միջին խավի յուրաքանչյուր քաղաքաբնակ գործածության համար ունեցել է 2 ինքնաեռ՝ մեկը առօրյա գործածության, մյուսն ավելի տոնական՝ ընդունելությունների համար»,-պատմում է Օվսաննա Հարությունյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հունիսի 15-ը։ Թանգարանն այցելուներին «Սամովար»-ի ամբողջական փաթեթ է առաջարկում՝ հուշանվերներով, կրթական ծրագրերով, թեյախմությամբ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասում է, որ էլեկտրական թեյնիկների կողքին ինքնաեռն այլեւս չունի նախկին տարածումը ո՛չ հայկական, ո՛չ էլ ռուսական միջավայրում։ Բայց վերջին տարիներին սամովարը նորից դառնում է մոդայիկ՝ որպես անցյալի բարի ավանդույթ, էսթետիկ արժեք։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: