Առաջին անգամ քննարկվում են Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները - Mediamax.am

3293 դիտում

Առաջին անգամ քննարկվում են Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Գիտության կոմիտեի աջակցությամբ:

 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի խոսքով՝ աշակերտների պարբերական այցելությունները Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ նրանց ուսուցիչների հետ քննարկումները վերջին տարիներին բերել այն եզրահանգման, որ իսկապես խնդիր կա Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու առնչությամբ, ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում ասել է.

 

«Կարեւոր է հասկանալ, թե գիտաժողովի արդյունքում արված հիմնական եզրակացություններն ինչպես կարող ենք ներառել մեր օրակարգ եւ մեր աշխատանքի մասը դարձնել: Բոլորիս արդյունավետ քննարկում եմ մաղթում: Հույս ունեմ՝ այս գիտաժողովը, բացի գիտական եւ մեթոդաբանական նշանակությունից, կկարողանա ունենալ նաեւ կիրառական նշանակություն՝ քաղաքականության մշակման տեսանկյունից»:

 

Հարություն Մարությանն ասել է, որ հայաստանյան իրականության մեջ սա առաջին նմանօրինակ գիտաժողովն է:

 

«Մեզ հետաքրքիր է պատկերացում կազմել, թե ինչպես է դասավանդվում այսպիսի բարդ թեման օտար երկրներում՝ հայկական եւ ոչ հայկական միջավայրում: Հայոց ցեղասպանության հիշողությունները մեր ինքնության հենասյուներից են, եւ շատ կարեւոր է, որ տեղեկատվությունը ոչ միայն անցյալի մասին լինի, այլեւ անցում կատարվի ներկա: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես դա կարելի է անել:

 

Դպրոցական կրթական համակարգում ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդաբանությունը շատ կարեւոր է: Խնդիրն այն է, թե ինչ ես դասավանդում եւ ինչպես ես դասավանդում: Բացարձակապես խնդիր չի դրվում զոհի կարծրատիպն ամրապնդելու, հակառակը՝ առաջարկվելու է այնպիսի գիտելիք, որ հպարտության զգացում առաջացնի աշակերտի մոտ: Ներկայացվի, թե հայ ժողովուրդը որքան է կարողացել դիմադրել զենքով, պայքարել առանց զենքի, վերապրել, հաղթանակել: Դրանք կարեւոր հատկություններ են, որոնք պետք է հենց այդ տարիքում երեխաներին մատուցել», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին