Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավորապես կցուցադրվեն Հայաստանում - Mediamax.am

Փետրվար 18, 2026
5448 դիտում

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավորապես կցուցադրվեն Հայաստանում


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավորապես կբերվեն Բրիտանական թանգարանից եւ կցուցադրվեն Հայաստանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, արձանի մասունքների ժամանակավոր ցուցադրման կազմակերպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հանդիպման արդյունքում:

 

Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստանին վերադարձնելու պահանջով ակցիա են անցկացրել:

 

Լրագրողների հետ զրույցում Քեթրին Ջեյն Լիչն ասել է, որ Հայաստանում արձանի մասունքների ցուցադրումը “երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղված լավ քայլ կլինի”:

 

Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որքան իրատեսական է մասունքները ընդմիշտ Հայաստան տեղափոխելու ակտիվիստների պահանջն իրագործելու հնարավորությունը, քանի որ Բրիտանական թանգարանը անկախ մարմին է, որի գործողությունների եւ որոշումների համար դեսպանը չի կարող պատասխան տալ:

 

Քեթրին Ջեյն Լիչն հավաստիացրել է, որ Բրիտանական թանգարանին կփոխանցի  ակցիայի մասնակիցների պահանջները:

 

Իր հերթին Արմեն Աշոտյանը նշել է, որ ժամանակավոր ցուցադրումը այս նախաձեռնության առաջին արդյունքն է, սակայն հայկական կողմը մտադիր չէ դրա վրա կանգ առնել: “Մենք կպայքարենք արձանի մասունքների Հայաստան վերջնական տեղափոխման համար”, - ասել է նախարարը: 

 

 




Մեր ընտրանին