Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվել է ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի ծննդյան 120-ամյակին նվիրված «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսը:
Ռադիոընդունիչից հնչող հայկական երաժշտությունն ու «Արարատ» կոնյակը ցուցահանդեսի կարեւոր բաղադրիչներն են: Դրանք հիշեցնում են ճարտարապետի նախագծած բազմաթիվ կառույցներից ամենանշանավորների՝ Ռադիոյի տան ու Կոնյակի գործարանի շենքի մասին:
«Ցուցահանդեսը սկսվում է Մարգարյանի առաջին՝ ավանգարդիստական ժամանակաշրջանի նախագծերով ու շենքերով: Դրանց մի մասը նա արել է հեղինակային խմբի կազմում: Որպես կանոն՝ այդ խմբում համահեղինակներ էին Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը, Սամվել Սաֆարյանը:
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2021/05/1620890114_8977980.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսն արել ենք մեծ օբյեկտների սկզբունքով, որովհետեւ Մարգարյանը շատ մասշտաբային մտածող ճարտարապետ էր՝ ռադիոտունը, Գրքի պալատը, Կոնյակի գործարանը, Արզնիի առողջարանը... Կարծես անցում լինեն մասշտաբային մի նախագծից մյուսը»,- ասում է ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Արխիվային նյութերը թույլ են տալիս հետեւել Մարգարյանի ճարտարապետական մտքի ընթացքին, թե ինչպես միեւնույն կառույցի համար արված մի քանի նախագծերից ի վերջո ծնվում է լավագույնը, ինչպես՝ Երեւանի ճոպանուղին, Կենտրոնական հանրախանութը՝ «Մանկական աշխարհը», Կոնյակի գործարանը: Վերջինի նախագծի վրա «Утверждаю, Анастас Микоян» մակագրությունն է:
Ցուցադրված նյութերի մեծ մասը ճարտարապետի ընտանիքն ի պահ է տվել թանգարանին: Շուտով պատրաստ կլինի Հովհաննես Մարգարյանի ստեղծագործությունների կատալոգը, որը «Հայ ճարտարապետներ» մատենաշարի երկրորդ գիրքն է: Առաջինը նվիրված է Միքայել Մազմանյանին:
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2021/05/1620890114_5214528.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի վերջ:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: