Կենտրոնական հանրախանութ կամ Մանկական Աշխարհ` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
55819 դիտում

Կենտրոնական հանրախանութ կամ Մանկական Աշխարհ` կենդանի պատմություն

Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Երեւանի նախկին Կենտրոնական հանրախանութն է:

Լուսանկարը` Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից

Լուսանկարը` Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից

Լուսանկարը` Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից


Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Երեւանի նախկին Կենտրոնական հանրախանութն է, որն այսօրվա 30-35 տարեկանները հիմնականում հիշում են որպես «Մանկական Աշխարհ»:

 

Այս շենքի ճակատագիրը, որի հետ կապված են տասնյակ հազարավոր երեւանցիների ջերմ հուշերը, այսօր հստակ չէ: Որքան գիտենք, շենքի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող կառույցներն են, որոնց հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

 

Հաջողությամբ չպսակվեցին նաեւ պետական մարմիններից շենքի կարգավիճակի մասին տեղեկություններ ստանալու մեր փորձերը: Դիմեցինք Երեւանի քաղաքապետարան, այնտեղից մեզ «վերահասցեագրեցին» Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, այնտեղից էլ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Արդյունքում հստակ բան չասացին նշված կառույցներից եւ ոչ մեկում:

 

Ու քանի դեռ շենքի ներկան ու ապագան պարզ չեն, ներկայացնում ենք ձեզ Կենտրոնական հանրախանութի փառավոր անցյալը:

 

Ռեմ Մարգարյան (Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի որդին)` չորսն էլ  “մոլի” կոնստրուկտիվիստներ էին

 

Շենքի նախագծի առաջին տարբերակը կոնստրուկտիվիստական էր, իսկ երկրորդ տարբերակը սոցռեալիզմի ոճով էր մշակված. ձեւով` ազգային, բովանդակությամբ` սոցիալիստական: Դա, ի դեպ, Ստալինի բանաձեւն էր:

 

Հովհաննես Մարգարյան (ձախից առաջինը), Միքայել Մազմանյան(աջից երկրորդը), Գրիգոր Հասրաթյան (աջից վերջինը)

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

 

Շենքի չորս հեղինակներն էլ՝ Մազմանյանը, Քոչարը, Ահարոնյանը եւ Մարգարյանը, “մոլի” կոնստրուկտիվիստներ էին: 1935 թ.-ին նրանցից երկուսը՝ Մազմանյանը եւ Քոչարը, երեք ամսով մեկնեցին ծանոթանալու եվրոպական ճարտարապետությանը: Մարգարյանը եւ Ահարոնյանը մնացին Երեւանում եւ սկսեցին աշխատել նախագծի նոր, երկրորդ տարբերակի վրա:

 

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

 

Հետո Ահարոնյանը հիվանդացավ, եւ այդ նախագծի վրա հիմնականում հայրս էր աշխատում: Մազմանյանը եւ Քոչարը վերադարձան, քննարկեցին երկրորդ տարբերակը, որոշումն ընդունվեց եւ 1935 թ. սկսվեց շինարարությունը:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Կենտրոնական հանրախանութի շենքը
դոսյե
Կենտրոնական հանրախանութի շենքը

Մինչեւ 1980-ականները այդ շենքը  գործում էր որպես քաղաքային հանրախանութ: “Մանկական Աշխարհ” անվանումն այն ստացավ ավելի ուշ՝ 1980-ականներին: Շենքը նախագծվել է “Գիպրոգոր” նախագծային բյուրոյում, որի տնօրենն այն ժամանակ Գեւորգ Քոչարն էր:

 

Պատմում են, որ 1937 թ. Երեւանում երկրաշարժ եղավ, շենքը տատանվեց, բայց չփլվեց: Երեւանում այդ ժամանակ գտնվող օտարերկրացիները զարմացել էին, որ այդպիսի “հսկա” կառույցը չվնասվեց: Սկզբում հանրախանութի առաջին հարկում գործում էր մթերային գաստրոնոմ: Պատերազմից հետո հանրախանութի գաստրոնոմը վերանվանվեց “Особторг”, որտեղ համեղ եւ յուրահատուկ բաներ էին վաճառվում:

 

Հագուստը եւ այլ իրեր վաճառում էին Սպանդարյան (ներկայումս` Արամի) փողոցի թեւում:

 

1980-ական թթ. “Երեւաննախագիծ” ինստիտուտին հանձնարարվեց ընդլայնել հանրախանութը` նախագծի հեղինակն էր Օլեգ Շոկարեւը:

 

Կարինե Մուշեղյան` անհնար էր ներս չմտնել

 

Մենք ապրում էինք Սպանդարյան (այսօրվա`Արամի) փողոցի վրա գտնվող սեփական տանը: Ամեն անգամ, երբ անցնում էի հանրախանութի կողքով, անպայման պետք է մտնեի, տեսնեի, թե ինչ նոր բան են ստացել: Անգամ եթե շատ էի շտապում, անպայման հանրախանութի գոնե առաջին հարկը պետք է այցելեի:

 

Հանրախանութի շենքն աչքի էր ընկնում իր բարձր առաստաղով, ներսի սյուներով:  Հետագայում, Կենտրոնական հանրախանութի տարբերակով կառուցվեցին «Երրորդ մասի» եւ այլ շրջանների հանրախանութները: 

Տարեկան պլանը `40,7 մլն ռուբլի
դոսյե
Տարեկան պլանը `40,7 մլն ռուբլի

Կար ժամանակ, երբ Երեւանում խանութներն այնքան քիչ էին, որ հիմնականում այցելում էինք Կենտրոնական հանրախանութ: Լավ ապրանքները գնում էինք “տակից” եւ բավականին թանկ գնով: Հիշում եմ բուլղարական, ռումինական, չեխական կոշիկները, սպասքի պարագաները, չեխական ճենապակին, որը մեծ համբավ ուներ:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Հաճախ այցելում էինք նաեւ հանրախանութի առաջին հարկում գտնվող գաստրոնոմը, որը հայտնի էր իր համեղ բիսկվիտային կարկանդակներով` դրանք 22 կոպեկ արժեին:

 

Ցավ եմ ապրում, որ քաղաքի սրտում գտնվող  այդ շենքը, որտեղ ժամանակին կյանքը եռում էր, հիմա լքված վիճակում է:

 

Նկարիչ Գայանե Շահինյան` առաջին հարկում նստում էր փորագրողը

 

«Մանկական Աշխարհը» յուրահատուկ վայր էր: Առաջին հարկում նստում էր փորագրողը` այն ժամանակ ընդունված էր ծնունդներին փորագրված մաղթանքներով բաժակներ նվիրել: Ես մինչեւ հիմա տանը այդպիսի բաժակ ունեմ:

 

 

Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

Առաջին հարկում մանկական բաժիններն էին, որտեղ վաճառում էին խաղալիքներ, հագուստ, կոշիկներ: Երկրորդ հարկում ապրանքներն էին մեծերի հետ: Ամենից շատ սիրում էի երրորդ հարկը, որտեղ կարելի էր գտնել ուզածդ կտորը: Այնտեղ մի ռուս կին էր աշխատում, ով ձեւում էր ցանկացած բան` ընդամենը 1 ռուբլով:

 

Խանութում վաճառում էին նաեւ ձայնասկավառակներ: Այնտեղից գնել էին «Աբբա» խմբի սկավառակը, Մոցարտի «Ռեքվիեմը», շատ այլ դասական ստեղծագործություններ:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

Բոլորիս ուշադրությունը գրավում էր հսկայական հայելին, որը փակցված էր երկրորդ հարկ տանող աստիճաններին: Հիշում եմ նաեւ հին, ճռճռացող փայտե մանրահատակը:

 

Երկրորդ հարկում սրճարան կար, պաղպաղակ ու թխվածք էին վերցնում, նստում էին սեղանների շուրջը եւ մեծ պատուհաններից նայում Սպանդարյան (այժմ` Արամի) փողոցի վրա:

 

Իսկ առաջին հարկում վաճառում էին զուգարանի թուղթ ու անձեռոցիկներ, որոնք համարվում էին «դեֆիցիտ» ապրանք ու որոնց համար ահռելի հերթեր էին գոյանում:

 

Նորայր Յուզբաշյան (հանրախանութի բաժնի վարիչ, ԽՍՀՄ-ի վոլեյբոլի սպորտի վարպետ)` գիշերները շենքում հատուկ վարժեցված շներ էին մնում

 

Ունիվերմագում աշխատել եմ 45 տարի: Շատ լավ, ջերմ կոլեկտիվ էր: 50-ականներին Ունիվերմագը շատ ուժեղ վոլեյբոլի թիմ ուներ: Հետագայում հենց մեր

թիմի հիման վրա ստեղծվեց Հայաստանի վոլեյբոլի հավաքականը:

 

Ունեինք շատ լավ պարի անսամբլ՝ Օնիկ Մանուկյանի ղեկավարությամբ:

 

Ունիվերմագում մանկապարտեզ կար՝  աշխատողների երեխաների համար: Իմ երեխաները եւս այդ մանկապարտեզն են հաճախել:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

1940-42թթ. կարգուկանոնի հարցը չափազանց խիստ էր դրված. Բոլոր նրանք, ովքեր ուշանում էին գործից` թեկուզ 5 րոպեով՝ պատասխանատվության էին ենթարկվում:

 

50-ականների սկզբներին Ունիվերմագում գողություն էր կատարվել: Գողերին հաջողվել էր գիշերը մնալ հանրախանութում: Նրանք հավաքել էին իրենց հավանած ապրանքները եւ թաքնվել կահույքի բաժնում դրված պահարանում, իսկ առավոտյան. Խանութը բացվելուց անմիջապես հետո, եկան նրանց հանցակիցները եւ արագ գնեցին այդ պահարանը:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

Այդ դեպքից հետո գիշերները Ունիվերմագում սկսեցին հատուկ վարժեցված շներ բաց թողնել: Իհարկե, գիշերվա ընթացքում նրանք որոշակի վնաս հասցնում էին, սակայն հատուկ ֆոնդ ունեինք, որը փակում էր հասցված վնասները:

 

Շենքը երկու անգամ հրդեհվել է: Առաջին անգամ 1956 թ-ին, սակայն կրակը ուժեղ չէր, եւ հաջողվեց արագ մարել այն: Երկրորդ անգամ՝ 1995-ին, կրակը բռնկվեց 3 հարկից եւ շատ արագ տարածվեց ողջ շենքով:

 

1995թ. հրդեհը

 

1995թ. փետրվարի 2-ի գիշերը Կենտրոնական հանրախանութի շենքում հրդեհ բռնկվեց: Ինչպես ՍՆԱՐՔ-ին հայտնել էին արտակարգ իրավիճակների պետական վարչությունում, կրակը տարածվել էր 3-րդ հարկում ու վերնահարկում:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Ահազանգից 5 րոպե անց դեպքի վայր էին ժամանել Երեւանի մարտական հերթապահություն իրականացնող բոլոր հրշեջ բրիգադները` տեղերում մնացել էին միայն պահեստային միավորները: Չնայած դրան, հրդեհի մարման աշխատանքները երկար տեւեցին, քանի որ ջրի հիմնական մայրուղում ճնշումը չափազանց ցածր էր, եւ հրշեջները ստիպված էին օգտագործել իրենց ցիստեռների ջուրը, որի պաշարները, բնականաբար, սահմանափակ էին:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Կրակը հաջողվեց մարել միայն 12 ժամ անց` առավոտյան: Զոհեր չկային: Ամբողջությամբ այրվել էր 3րդ հարկը, իսկ առաջին ու երկրորդ հարկերը գրեթե չէին տուժել:

 

Ունիվերմագի տնօրեն Ավիկ Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ հրդեհի պատճառ կարող էր լինել հովհարային անջատումների հետեւանքով առաջացած կարճ միացումը:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Ճարտարապետ Արսեն Կարապետյան` Մանկական Աշխարհը հանրային վայր էր

 

Առաջին հարկում խաղային ավտոմատներ կային՝ «морской бой» էինք խաղում: Բացի խանութ լինելուց, Մանկական Աշխարհը հանրային վայր էր, որն ապրում էր իր կյանքով:

 

Սպորտային բաժնի վաճառողը ճանաչում էր մեզ, հաճախ պահեստ էր տանում, որտեղ միշտ ավելի լավ ապրանքներ ուներ, օրինակ` հեծանիվներ: Իսկ խանութի կողքի գաստրոնոմից գարեջուր էինք գնում եւ տեղում կանգնած խմում:

 

Ամենավառ հիշողություններից մեկը կապված է 90-ական թվականների հետ: Այդ տարիներին, երբ էլեկտրաէներգիան մեկ-երկու ժամով էին միացնում, Մանկական Աշխարհի մոտ մի մարդ էր կանգնում եւ գումարով պատմում սերիալների բովանդակությունը:

 

Ժաննա Ալեքսանյան, բժիշկ

 

1930-ական թթ-ի վերջին Երեւանի Գլխավոր Ունիվերմագի պարֆյումերիայի բաժնում Բելլա անունով մի շատ գեղեցիկ կին էր աշխատում: Բոլոր տղամարդիկ հատուկ գալիս էին` նրան տեսնելու համար:

 

Մի անգամ նրան տեսավ Ավետիք Իսահակյանը եւ մտածեց, որ Բելլան կատարյալ կին կարող է լինել իր որդու համար:  Որոշ ժամանակ անց Իսահակյանի որդին ու Բելլան իսկապես ամուսնացան:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

Պարֆյումերիայի բաժնում վաճառվում էին հայտնի սովետական օծանելիքները` ‘’Пиковая Дама’’, ‘’Красная Москва’’, նաեւ ‘’Серебристый Ландыш’’, ‘’Ленинград’’, ‘’Балет’’ օծանելիք-կրեմները: 1970-ական թթ. վաճառքի հանվեցին Լեհաստանից բերված կանացի օծանելիքներ` կոչվում էին ''Быть Может'' եւ բավականին հանրահայտ էին: Դրանց գինը 2 ռուբլի 50 կոպեկ էր:

 

Ի դեպ, ավելի ուշ` 90-ականներին, միայն այդ ունիվերսամի պարֆյումերիայի բաժնում էինք վաճառվում ‘’Նիվեա’’ եւ ‘’Ֆլորենա'' կրեմերն ու‘’Կոնուս’’ լեհական շամպունը: Երբ ստանում էին այդ ապրանքները, ահռելի  հերթեր էին գոյանում:

 

Առաջին հարկում հայտնի ապակեղենի բաժինն էր, որտեղ վաճառվում էր գերմանական, չեխական ճենապակին ու բյուրեղապակին: Այստեղ կարելի էր գտնել նաեւ մեծ չինական ծաղկամաններ: Ապակեղենի բաժնի դիմաց երաժշտական բաժինն էր: Դե, իհարկե, անհնար է մոռանալ հսկա մանկական բաժինը, որտեղ կարելի էր գտնել լավագույն խաղալիքները:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

Նոր տարուն այնտեղ իսկական իրարանցում էր սկսվում: Սպորտային բաժնում նաեւ տարին 1-2 անգամ արտասահմանյան լողազգեստներ էին վաճառում, եւ ունիվերմագը ցնծվում էր կանացի ճիչերից:

 

Դա միակ հանրախանութն էր Երեւանում, որտեղ բուֆետ կար: Այն երկրորդ հարկում էր եւ բավականին լավ ընտրանի ուներ: Շատ ժամադրություններ են տեղի ունեցել այնտեղ: Երրորդ հարկում կտորեղենի շքեղ տեսականի էր վաճառվում: Երբ 80-ականների վերջին դիզայներ Վյաչեսլավ Զայցեւը ժամանել էր Երեւան, նա գնումներ էր կատարել այդ բաժնից:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

Հանրախանութում նաեւ կոշկեղենի բաժին կար: Կոշիկների գները բավականին բարձր էին` 50-ից 55 ռուբլի, եւ այդ պատճառով  ամիսներով մնում էին վաճառասեղանին:

 

Յուրաքանչյուր հարկում տեղադրված էին քաղաքում լավագույն գազավորված ջրով սարքերը: Հասարակ գազավորված ջուրը արժեր 1 կոպեկ, սիրոպովը` 5 կոպեկ: Մուտքի մոտ տեղադրված էին մանկական ձիուկներ, ավտոմեքենաներ: Երեխաները կարող էին ձիուկ վարել 5 կոպեկով:

 

ԳՈՒՄ-ի բացումից հետո ունիվերմագը զգալիորեն կորցրեց իր առաջատարի տիտղոսը եւ վերափոխվեց “Մանկական Աշխարհի”:

 

Լուսանկարիչ Արմեն Խանոյան` «միլիցա» Անդրեյը միայն խրատներով էր մարդկանց «պատժում»

 

Ունիվերմագը Երեւանի ամենալավ խանութն էր համարվում: Ամեն ինչ կարելի էր այնտեղ գտնել: Հայրս անվանի մարդ էր, եւ հենց մտնում էինք ունիվերմագ` սկսում էին առաջարկել ամենալավ ապրանքը,այդ թվում այն, ինչ վաճառվում էր «տակից»:

 

Արտակարգ խաղալիքների բաժին կար: Մեր առաջին գերմանական տոնածառի խաղալիքները, առաջին ղեկով սահնակս հենց այնտեղից էինք գնել:

 

«Орленок» հեծանիվս գնել էինք Ունիվերմագի սպորտային բաժնից: Այդ բաժնում   վաճառվում էին նաեւ այսպես ասած  «օբոլոչկա» գնդակները, որոնք ամենաթանկն էին համարվում: Դրանց խանութային գինն էր 75 կոպեկ, սակայն միշտ վաճառվում էին “տակից»` մեկ ռուբլով:

 

Հիշում եմ այնտեղի ֆոտո բաժինը, որտեղ աշխատում էր վարպետ Գրիգորը: Նա վերանորոգում էր քաղաքի բոլոր լուսանկարիչների ֆոտոապարատները:

 

Կար պարֆյումերիայի բաժին, որտեղից մարտի 8-ի կապակցությամբ առաջին անգամ դասարանի աղջիկների համար գնեցինք նվերներ` յուրաքանչուրս հավաքելով 80 կոպեկ:

 

Շատ համով հյութեր էին վաճառվում: Սովորաբար, «Արաքս» սրճարանի բակում ֆուտբոլ խաղալուց հետո մտնում էինք ունիվերմագի գաստրոնոմը՝ տոմատի հյութ խմելու: Այնքան համեղ էր, որ երբեմն ֆուտբոլը «սոկի վրա» էինք խաղում:

 

70-ականների վերջին առաջին հարկում դրվեցին խաղային ավտոմատներ: Ամեն օր դպրոցից հետո ընկերներիս հետ գտնում էինք այնտեղ՝ «морской бой» խաղալու:

 

Ոչ բոլորը գիտեն, որ ժամանակին Ունիվերմագի երկրորդ  հարկում գտնվում էր “Մոսկվա”  ռեստորանը: Այնտեղ սիրում էին գնալ մեր մեծերը, այդ թվում` Փափազյանն ու Իսահակյանը: Ռեստորանի խոհարարն էր ազգությամբ վրացի էր` Թարաս Գարսելաձեն:

 

Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Ունիվերմագը նաեւ իր հերոսներն ուներ, որոնց միշտ կարելի էր տեսնել մոտակայքում: Նրանցից էր «գիժ Ջեյմսը», ով գերազանց ավարտել էր Պոլիտեխնիկը, սակայն խելագարվել էր կնոջ դավաճանությունից հետո: Նա կանգնում էր Ունիվերմագի մուտքի մոտ եւ օդում “բռնցքամարտում”: Կային 2-3 «ջեբկիրներ», որոնց հենց այդպես էլ ասում էին` «ունիվերմագի ջեբկիրները»: Կար անչափ սիրված  «միլիցա» Անդրեյը, որը միայն խրատներով էր մարդկանց «պատժում» եւ մարդիկ իր խոսքը միշտ հարգում եւ լսում էին: Հայրս պատմում էր, որ նա  վերեւ էր պտտում իր բեղերը եւ ասում. «Անդրեյն եկավ`փախե'ք»:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Իհարկե, ամենահայտնի հերոսը Կարա-Բալան էր, ով մշտապես ման էր գալիս կամ Ունիվերմագի, կամ էլ `անմիջապես Ունիվերմագի կողքը գտնվող «Կովկաս» ռեստորանի մոտ: Հայրս պատմում էր, որ երբ իրենք նստած էին լինում «Կովկաս» ռեստորանում, Կարա-Բալան մոտենում էր իրենց, մի բաժակ օղի «գցում» եւ շարունակում իր գործը` ծաղիկ բաժանելը...

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

Երբ հայրս փողոցում լուսանկարեց Կարա-Բալային, նրան ձերբակալեցին, քանի որ պաշտոնապես Սովետական Հայաստանում մուրացկաններ չկային, իսկ Կարա Բալան ծաղկավաճառ չէր համարվում:

 

Կարա-Բալան ապրում էր Ունիվերմագի պահեստում: Մի օր այնտեղ պետք է ստուգումներ կատարվեին, եւ Ունիվերմագի տնօրենը Կարա-Բալային ասաց, որ նա  2-3 օրով ազատի պահեստը: Ցուրտ օրեր էին կանգնած, եւ նա ցրտահարվեց, Ունիվերմագի մոտից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ եւ մահացավ:

 

 

Հատված «Երեւանյան երազողներ» (1983) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

1983 թվականին, երբ նկարահանվել էր «Երեւանյան երազողներ» ֆիլմը, Կարա-Բալայի արձանի մասին կարելի էր միայն երազել: Ժամանակները փոխվեցին ու 1990-ական վերջում Երեւանում բացվեց Կարա-Բալայի արձանը: Սկզբում այն տեղադրեցին հենց Կենտրոնական հանրախանութի գաստրոնոմի մուտքի մոտ: Շատերն էին ասում, որ արձանն այդտեղ` պատի տակ, կորչում է, չի երեւում: Այսօր արձանը տեղադրված է Հյուսիասային պողոտայի “Մոսկվիչկա” խանութի մոտ, սակայն, չգիտես ինչու, Կարա-Բալան կրկին կանգնած է պատի տակ…

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեդիամաքս-ի փոխտնօրեն Արամ Մակարյան`“ՖԻՖԱ” ֆուտբոլի գնդակները անհասանելի էին

 

«Մանկական Աշխարհի» հետ մանկության շատ հիշողություններ են կապված: Այն մոտ էր մեր տանը, եւ ծնողներիս կամ ընկերներիս հետ հաճախ էի գնում այնտեղ:

 

Հատկապես լավ հիշում եմ ահռելի հերթերը գրենական պիտույքների բաժնում սեպտեմբերի 1-ից առաջ, խաղային ապարատները մուտքի մոտ...

 

Բայց գլխավոր տեղը «Մանկական Աշխարհում» ինձ համար սպորտային բաժինն էր: Այն գտնվում էր առաջին հարկի ամենավերջում` մանկական կահույքի բաժնի կողքին: Երբ բակում ֆուտբոլ խաղալիս հերթական անգամ մեր գնդակը պայթում էր, մենք ասես հրամանով ցրվում էինք տներով՝ փող խնդրելու ծնողներից, խաբում նրանց, որ ”բոլոր դասերը վաղուց արված են” եւ անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո վազում էինք “Մանկական Աշխարհ”:

 

Բացի գլխավոր մուտքից, սպորտային բաժին կարելի էր մտնել նաեւ, այսպես կոչված “черный вход”-ից, որը գտնվում էր ներկայիս Արամի փողոցի վրա, հանրախանութի շենքի վերջում: Չնայած որ հանդիպում էինք պահակների դիմադրությանը, մենք միշտ մտնում էինք խանութ հենց այդ երկաթե մուտքից. պահակի արգելքը հաղթահարելը մեզ համար պատվի հարց էր:

 

Երբ վերջապես հայտնվում էինք սպորտային բաժնում, սկսվում էր նորմալ գնդակ գտնելու երկարատեւ գործընթացը: Կային երկու տիպի գնդակներ, 9 եւ 20 ռուբլիանոց: Դրանք սովորաբար լցված էին լինում մեծ զամբյուղի մեջ, եւ մենք փորձում էինք եղածներից գտնել մեկը, որն առավել քիչ նման կլիներ ռեգբիի գնդակի: Մեր գումարը սովորաբար հերիքում էր ավելի էժան գնդակների համար, իսկ 20 ռուբլիանոց սեւ-սպիտակ, ինչպես մենք ասում էինք, “իսկական” կամ “ՖԻՖԱ” ֆուտբոլի գնդակները մեզ համար անհասանելի էին: Իհարկե, կարելի էր մի քանի օր փող կուտակել եւ գնել ավելի լավ գնդակ, բայց “հենց այսօր” ֆուտբոլ խաղալու ցանկությունը միշտ հաղթում էր: “Նայի, “ձու” չլինի, կարերը նայի…”, - հնչում էր ամեն կողմից…

 

Մինչ տղաները մի մասը զբաղված էր “ճիշտ” գնդակի ընտրությամբ, մյուսներն ուսումնասիրում էին բաժինը եւ անիմաստ հարցերով հոգնեցնում վաճառողներին: Հատկապես մեզ հետաքրքրում էին հեծանիվները եւ դահուկներն ու հոկեյի մահակները, որոնք ավելի շատ վաճառքում լինում էին ամռանը: Հիշում եմ, կային դահուկների համար հատուկ կոշիկներ, որոնք ես, չգիտես ինչու, երազում էի ունենալ...

 

Պատառոտված շալվարներով եւ վերքոտ ծնկներով մեկ տասնյակ աղմկոտ տղաների “ներխուժումը” խանութ տեւում էր մոտ 10-15 րոպե, ի վերջո մեզ դուրս էին հրավիրում: “Երեխեք, գնդակը վերցրեցիք, դե դուրս գնացեք”, - լսվում էր շատ անտարբեր եւ սառը թվացող ձայնը, եւ մենք հետ էինք վազում բակ՝ շարունակելու խաղը…

 

... Իսկ մի օր հայրս շատ անսպասելի տարավ ինձ “Մանկական Աշխարհ” եւ գնեց ինձ համար այն բաղձալի սեւ-սպիտակ՝ “իսկական” ֆուտբոլի գնդակը… Այդ օրը ես բակի “հերոսն” էի…

 

Շենքի ձեւափոխումը

 

2002թ. Կենտրոնական հանրախանութի շենքը փոփոխությունների ենթարկվեց` ավելացվեց 4 հարկը եւ բուրգը: Այդ փոփոխությունները միանշանակ չընդունվեցին:

 

Ռեմ Մարգարյան, ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի որդին

 

2002 թ.-ին հանրախանութի շենքի հետ արված փոփոխությունների մասին ինձ չէին տեղեկացրել: Հեղինակային իրավունքի մասին օրենքին համաձայն, շենքի ճարտարապետության հետ կապված ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի ճարտարապետների ժառանգների հետ: Սակայն դա տեղի չունեցավ: 

 

Երբ հանդիպեցի Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, նա ասաց, որ շենքի տանիքին նախատեսվող բուրգը եւ մետաղյա սյուները քարից կպատրաստեն՝ ես համաձայնությունս չտվեցի:  Հրավիրվեց քաղաքաշինական խորհրդի նիստ: Նիստում միայն «Հայնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչը կողմ արտահայտվեց, ասելով, որ ինստիտուտն իրեն հանձնարարել է պաշտպանել այդ նախագիծը: Նարեկ Սարգսյանն առաջարկեց մեկ շաբաթ անց նոր նիստ հրավիրել ու ինձ հրավիրել: Սակայն չհրավիրեց, եւ ես հետագայում իմացա, որ քաղաքաշինական խորհուրդը ընդունել է նախագիծը:

 

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

 

Հանրախանութի շենքը ներառված էր Սովետական Հայաստանի ճարտարապետության հուշարձանների ցուցակի մեջ, սակայն այնուհետեւ առանց որեւէ հիմքի հանվեց այդ ցուցակից: 

 

Ճարտարապետ Սարգիս Սարդարյան, “Հայնախագիծ” ինստիտուտ

 

Շենքի վերակառուցումը ավարտված չէ: 2002-2003թթ. մենք պատրաստեցինք վերակառուցման ամբողջական նախագիծ: Սակայն իրականացավ միայն շենքի  ճակատային մասի վերակառուցումը` Աբովյան եւ Արամի փողոցների կողմից:

 

Բավականին հետաքրքիր մտքեր ունեինք` շենքը դառնալու էր եռանկյունաձեւ կառույց, իսկ դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում նախատեսել էինք պասաժների գաղափարով ապակեպատ փողոց, որտեղ սրճարաններ կարող էին լինել:

 

Լուսանկարը` Ս. Սարդարյանի արխիվից:

 

Պետք էր ապահովել Հյուսիսային պողոտայի միացումը Աբովյան փողոցին: Մեր նախագծի արդյունքում այդ տարածքում հրապարակ էր ձեւավորվելու:

 

Ճակատների ձեւավորված ռիթմն ու ջլատումները, նյութն ու էլեմենտները փորձել ենք պահպանել ու շարունակել:

 

Ճակատային մասի վերակառուցումը տեւեց մոտ 1,5 տարի: Սակայն ոչինչ ավարտին չհասցվեց: Ետեւի մասը, կարելի է ասել, ընդհանրապես աղավաղվեց: Պատվիրատուները չցանկացան գործը ավարտին հասցնել:

 

Այժմ կարող եմ ասել, որ մենք պատասխանատու ենք միայն ճակատային մասի համար: Այժմ լիովին նոր նախագիծ է նախապատրաստվում, մերն այլեւս չի օգտագործվի:

 

Ճարտարապետ Արսեն Կարապետյան

 

Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ շենքի վերակառուցումը “լավ է ստացվել”: Մի շարք ճարտարապետներ պնդում են, թե կառույցի վերին մասը հին ոճով է արված, սակայն դա լուրջ բանավեճի առարկա է: Եթե պարտադիր պետք էր հարկ ավելացնել. ապա միգուցե արժեր դա անել այնպես, որ հինն ու նորը տարբերվեին` դա նոր շունչ կհաղորդեր շենքին: Վերակառուցումից հետո ամեն ինչ փոխվեց՝ շենքի դինամիկան, համաչափությունները, այն այլեւս նույնը չէ: Ցավոք, շենքերն էլ են մահանում:

 

Շնորհանդես շինհրապարակում

 

Երեւանցիները վերջին անգամ Մանկական Աշխարհի շենքում եղել են 2009թ. աշնանը: Հենց այդ շենքն էր ընտրել Orange Armenia ընկերությունը

Հայաստանի հեռահաղորդակցային շուկա իր մուտքի մասին ազդարարելու համար: Այդ որոշման մասին Մեդիամաքս-ի խնդրանքով պատմել է ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը:

 

2009թ. նոյեմբերին Orange-ը Հայաստանում իր ծառայությունների մեկնարկի առթիվ կազմակերպված ընդունելության վայրը բավական երկար փնտրեց:

 

Փնտրում էինք գեղեցիկ, հարմարավետ, ընդարձակ (1000-ից ավելի հյուրեր էինք ունենալու) եւ ամենակարեւորը` յուրօրինակ վայր, որտեղ մինչ այդ նման իրադարձություններ չէին անցկացվել: Երեկոյին հրավիրված էին լինելու Ֆրանս Տելեկոմի ղեկավար անձնակազմը, ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, դեսպաններ, մշակույթի գործիչներ, ինչն ավելի էր մեծացնում մեր պատասխանատվությունը: Լինելով նորարար բրենդ եւ չցանկանալով անցնել արդեն տրորված արահետներով` մեզ համար կարեւոր էր մեր հյուրերին հրավիրել զարմանալի, անսովոր վայր, որտեղ նրանք կանցկացնեին անմոռանալի երեկո:

 

Լուսանկարը` Օրանժ Արմենիա:

 

Բազմաթիվ տարբերակներ քննարկվեցին, շատ առաջարկներ եղան, սակայն միայն վերջում ծագեց այդ` առաջին հայացքից շատ տարօրինակ թվացող միտքը. ընդունելությունը կազմակերպել Մանկական Աշխարհում, որն այդ պահին (ինչպես եւ հիմա) իսկական շինհրապարակ էր: Երբ առաջին անգամ այցելեցինք տարածքը, թվաց, թե անհնարին է բետոնե պատերից ու փոշեծածկ հատակից ստանալ բարձրակարգ ընդունելության վայր: Սակայն անհնարին բան չկա: Մանկական Աշխարհը վերածեցինք Orange Քաղաքի:

 

800քմ պաստառ` բոլոր պատերն ու սյուները պաստառապատելու համար, կես կիլոմետր մալուխ` էլեկտրասնուցում ապահովելու համար, 600քմ գորգ` օգտագործվող ամբողջ տարածքի հատակը ծածկելու համար: Արդյունքը, ինչպես հետագայում հասկացանք մեր հյուրերի արձագանքներից, տպավորիչ էր:

 

Լուսանկարը` Օրանժ Արմենիա:

 

P.S. Վայրը “տպավորիչ» եղավ նաեւ ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների համար, որոնք նախապես ուսումնասիրելով տարածքը` բացահայտեցին, որ այն մի կողմից պատ ընդհանրապես չունի, իսկ պատի տպավորությունը ստացվում է պաստառների հաշվին:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Արամ Մակարյանը, Դավիթ Ալավերդյանը, Կարեն Անտոնյանը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ), Մելիք Բաղդասարյանին (Ֆոտոլուր), Սուրեն Օհանյանին եւ Զառա Մամյանին (Երեւաննախագիծ), Խորեն Լեւոնյանին (Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա), լուսանկարիչ Արմեն Խանոյանին:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

որտեղ եւ մահացավ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին